Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սահակյանց. Հարություն Խաչատրյանը պետք է աներ ամեն բան, որ փառատոնը մնար հավատարիմ այն սկզբունքներին. «Ժողովուրդ»

Հուլիս 17,2019 12:50

Մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը եւ նրա մայրը՝ ոեժիսոր, նկարիչ, սցենարիստ Լյուդմիլա Սահակյանցը, հայտնել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին։ Նրանք նշում են, որ չեն կարող լինել մի կառույցի անդամ, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է։ Պարոն Սահակյանցին դուր չի եկել այն հանգամանքը, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված են եղել ադրբեջանական, թուրքական կինոնկարներ, իսկ տրանսգենդերի մասին ֆիլմն էլ արժանացել է մրցանակի։ Մուլտիպլիկատորը նկատում է՝ նախկինում հնարավորություն ունեցել են կանխելու նմանատիպ ֆիլմերի ցուցադրումը, բայց այս տարի դա չի ստացվել։

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Դավիթ Սահակյանցի հետ։

-Մի փոքր կբացե՞ք փակագծերը. նշյալ թեմաներով ֆիլմերն ինչո՞ւ Ձեզ դուր չեն եկել։

–Ըստ իս՝ արվեստը չի կարող առանձին գոյատեւել. այն ընդհանուր համակարգի մի մասնիկ է, որքան էլ փորձեն այն տարանջատել։ Ադրբեջանական, թուրքական, տրանսգենդերի մասին ֆիլմերն ունեն քաղաքական ենթատեքստ։ Դրանք արդեն դուրս են արվեստի ենթատեքստից եւ գտնվում են այլ հարթակում։ Այն, որ տրանսգենդերի մասին ֆիլմը ստացավ մրցանակ, ինձ համար քարոզչություն էր։ Գուցե փորձեն համոզել հակառակը, բայց այսօր ամբողջ աշխարհում այդ միտումը կա. մրցանակներ են ստանում ԼԳԲՏ համայնքին վերաբերող ֆիլմերը։ Հիմա նույն երեւույթն առկա է մեզ մոտ, պարզապես մեր պարագայում այն շատ ավելի վտանգավոր է։ Մենք 50 միլիոնանոց ազգ չենք, փոքր ենք՝ մեծ խնդիրներով, մոլորակի վրա մեր տեղը գտնելու խնդիր ունենք։

Իսկ նման երեւույթները կարող են լրջորեն հարվածել մեզ։ Ի դեպ, ուզում եմ շեշտել, որ ես «Ոսկե ծիրան»–ը համարում եմ կայացած փառատոն՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով։ Պարզապես Հարություն Խաչատրյանը պետք է աներ ամեն բան, որ նման իրադրությունից զերծ մնայինք, որ փառատոնը մնար հավատարիմ այն սկզբունքներին, որով առաջնորդվում էր հիմնադրման օրից։ Մի կարեւոր նկատառում էլ անեմ. նախկինում փառատոնի շրջանակում անցկացվում էր ծիրան օրհնելու արարողություն, որը շատ ազդեցիկ էր եւ դուր էր գալիս մարդկանց։ Այս տարի դա էլ արանքից դուրս եկավ: Սա ինձ իսկապես ցավ է պատճառում։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031