Լրահոս
Օրվա լրահոսը

Նախշուն Տավարացյան. Ես նույնիսկ ճնշումների տակ դատական ակտ կայացնող դատավորներին չեմ ընդունում, էլ ուր մնաց ճնշումների տակ հրաժարական տամ.«Հայկական ժամանակ»

Հուլիս 17,2019 12:24

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը, որը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին, չի մասնակցել 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստի, մասնակցել է միայն սույն թվականի հուլիսի 15-ի նիստին։ Տավարացյանը, բացի այն, որ նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չի ներկայացրել, նաև իր չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։ Եվ քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 86–րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, եւ իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, խորհրդի երեք անդամները հրավիրել են նիստ՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։

– Մի քանի դատավորներ Ձեր երդման ժամանակ դուրս եկան դահլիճից՝ որպես բողոքի ակցիա, բացի այդ՝ ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Լիլիթ Մակունցն էլ տարակուսելի են համարել Ձեր ընտրվելուց ամիսներ անց երդվելու հանգամանքը: Ինքներդ եք նշում, որ փորձել եք խաղաղություն պահպանել համակարգում, բայց, փաստորեն. Ձեր երդվելուց հետո ոչ թե համերաշխություն է տիրում, այլ խառնաշփոթ։

– Հրաժարականն էլ ընթացակարգ ունի, ժամկետներ եւ այլն։ Հիմա եթե հրաժարական եմ տվել, տվյալ օրը այդ մթնոլորտի պատճառով նոյեմբերի 12-ին չեմ երդվել, այդ ժողովը կարող էր գումարվել 10 օր հետո, մեկ ամիս հետո, եթե տասը օր հետո գումարված լիներ, ես երդված լինեի, ո՞վ կարող էր որեւիցե բան ասել, իմ մեղքն ինչո՞ւմ է: Ի վերջո, այդ գործընթացը վերջնականապես իրականացվելո՞ւ էր, թե՞ չէ: Նախ` առաջին ժողովին ինձ հետ մրցակցող ընկերները էլ չմասնակցեցին, իրենց թեկնածությունը չպնդեցին, ինձ համար կարեւորը դա էր, որովհետեւ քանի որ մենք մի պալատում ենք աշխատում, որպեսզի խաղաղություն լինի մեր պալատում, այղ ժամանակ բանավոր ասացի, որ ԲԴԽ անդամ դառնալն ինձ համար կյանքի իմաստ չէ, ես կարող եմ հրաժարվել, միայն խաղաղություն լինի մեր պալատում, բայց քանի որ այս ժողովին իրենք այլեւս չցանկացան մասնակցել, ես այդ երդումը տվեցի իմ մրցակիցների հետ համերաշխության մթնոլորտում։ Իսկ ինչ վերաբերում է, թե ժողովի ժամանակ դատավորներ ոտքի ելան, մասնավորապես Սիմիզար Հովսեփյանը, Դավիթ Բալայանը, նրանք դատավորների մեծամասնություն չէին, ընդամենը հինգ-վեց հոգի էին, հիմա ձեր բարձրացրած հարցն ուզում եմ ուղղել իմ կոլեգա-ընկերներին. դատավորի արժանապատվությունն ու պատիվը միշտ պետք է բարձր պահել՝ անկախ բոլոր հանգամանքներից, իսկ այդ օրը ժողովին այնքան էլ այդ ստատուսը չմնաց։ Հիմա դատավորները շահարկում են ինն ամիս հետո է երդվել, չէ՞ որ իրենք կարող էին 2/3-ի ստորագրահավաքով պահանջել, որպեսզի ընդհանուր ժողով արվի։ Ինչո՞ւ են լռել, հանկարծ հուլիսի 15-ի ժողովում լսեցին՝ պետք է երդումը լինի՝ մենք էլ ենք ուզում։

– Փաստացի՝ այս պահին մթնոլորտը խաղաղ չէ: Ի վերջո, ելնելով ստեղծված իրավիճակից, չե՞ք պատրաստվում հրաժարական տալ, ինչն է Ձեզ պահում այս պաշտոնում։

– Հիմա ի՞նչ եք պահանջում, պահանջում եք այս ճնշումների տակ հրաժարակա՞ն տամ։ Ես նույնիսկ ճնշումների տակ դատական ակտ կայացնող դատավորներին չեմ ընդունում, էլ ուր մնաց ճնշումների տակ հրաժարական տամ։ Սա նշանակում է, որ ես ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին կարող եմ ասել՝ հրաժարական տվեք, մենք հավասար պայմաններում ընտրված անդամներ ենք, իսկ ճնշման տարբեր ձեւեր օգտագործել, որ հրաժարական տամ, սա ճնշում է: Պատճառը չգիտեմ։ Եթե իրենք հայտարարում են, որ այս գործընթացն իմ անձի հետ կապ չունի, այդ դեպքում ինչո՞ւ են հարցը բարձրացնում, ուրեմն այստեղ ուրիշ տեղ է թաքնված խնդիրը։ Իսկ երդումից հետո ընդհանուր ժողովում չեմ էլ նկատել ինչպես են դահլիճից դուրս եկել 5 հոգի, բայց հարյուր հոգի էլ ծափահարել է:

– Ո՞ր դեպքում հրաժարական կտաք։

– Միայն մի դեպքում, երբ զգամ իմ առողջական վիճակը չի բավարարում, որ երկու ծանր աշխատանքներն իրար հետ համատեղեմ։ (Տավարացյանը նաեւ Վճռաբեկ դատարանի դատավոր է)։

«Հայկական ժամանակ»–ը մեկնաբանություն խնդրեց նաեւ Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով նիստ հրավիրած ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից, սակայն վերջինս ասաց, որ հարցերին կպատասխանի միայն հուլիսի 18-ին կայանալիք նիստից հետո։

ՀԱՅԱՐՓԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031