Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում ավելացել են կոռուպցիոն քրեական գործերով դատի տրված անձինք. դատախազություն

Հուլիս 17,2019 12:12
kasharq

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 18 քրեական գործ:

Հատկանշական է, որ դրանցից 11-ը կամ 61 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 7-ը կամ 39 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում: Այս տվյալները փաստում են, որ Սյունիքի մարզի բնակչությունը շարունակում է ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 11-ն արձանագրվել են տեղական ինքնակառավարման և պետական կառավարման,  4-ը՝ սոցիալական ապահովության և 1-ական՝ կրթության, անտառների պահպանության և ջրօգտագործման ոլորտներում:

Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 38 քրեական գործեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31-ի փոխարեն: Նշված 38 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ, այդ թվում՝ Սյունիքի մարզի մի շարք համայնքների /Վերիշեն, Օխտար, Ներքին Խնձորեսկ, Մեղրի/  ղեկավարներ, «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱ կազմակերպության տնօրեն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության ծառայող, Սիսիանի, Մեղրիի և Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մասնագետներ, «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակից և  այլն:

Առավել շոշափելի արդյունքներ են արձանագրվել քրեական պատասխանատվության ապահովման, մեղադրական դատավճիռների կայացման առումով: Մասնավորապես, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 5 գործ՝ 6 անձի վերաբերյալ, ապա 2019թ. նույն ընթացքում՝ 7 քրեական գործ (40 տոկոսով ավելի)՝ 11 անձի (83.3 տոկոսով ավելի) վերաբերյալ։

Ընդ որում՝ եթե 2018թ. նշված ժամանակահատվածում նույն ընթացքում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել են նշված բնույթի 3 քրեական գործ՝ 10 անձի վերաբերյալ, ապա այս տարվա առաջին վեց ամիսներին՝ 9 գործ՝ (3 անգամ ավելի) 13 անձի (30 տոկոսով ավելի) վերաբերյալ:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ավարտված նյութերով և քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 7.8 մլն ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 2.411.250 ՀՀ  դրամը։

Նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 6.8 մլն ՀՀ դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է 1.8 մլն ՀՀ դրամը:

Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Սյունիքի մարզի դատախազի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետին ներկայացվել է 2 միջնորդագիր:

Միջնորդագրերից մեկում բարձրացված հարցերը քննարկվել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետերի մասնակցությամբ, վերջիններիս ուշադրությունն է հրավիրվել արձանագրված խախտումների և քաղաքացիների հետ հարաբերություններում աշխատակիցների անթույլատրելի վարքագծի վրա և խստագույն պահանջ  ներկայացվել՝ հետագայում այդպիսի վարքագիծը բացառելու համար, իսկ մյուս միջնորդագրի քննարկումն ընթացքի մեջ է:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031