Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. Վենետիկի հանձնաժողովը բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի՝ մինչև որ գա հասնի Հայաստանում սպասվող դատաիրավական փոփոխություններին. «Ժամանակ»

Հուլիս 17,2019 10:31

ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը որևէ զեկույց չի կազմել, որտեղ անդրադարձ լիներ Հայաստանի դեպքերին։ Այս փաստաթուղթը ինչ-որ նիստի արձանագրություն է, որը հասանելի պետք է լիներ միայն խիստ սահմանափակ թվով անձանց։ Հետևաբար, այն չի կարող դիտվել որպես ապացույց։

«Բացի դրանից՝ Քոչարյանի պաշտպանական խումբն արդյոք մատնանշե՞լ է կոնկրետ մեկ իրավունքի խախտում, որը առաջացել է դատարանների շրջափակման օրը։ Բացի դրանից՝ մինչ օրս չի փարատվել այն կասկածը, որ առաջին ատյանում Քոչարյանի գործի քննության ժամանակ մեզ հայտնի դրվագի վրա չի եղել ապօրինի ազդեցություն մեղադրյալի՝ նրա պաշտպանական թիմի կողմից։

Ես չփարատված կասկած ունեմ, որ Քոչարյանի ու նրա թիմի կողմից եղել է ապօրինի ազդեցություն Դավիթ Գրիգորյանի վրա։ Եվ կրկնեմ, որ այս ամենի վերաբերյալ ես դեռ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական արձագանք չեմ տեսել»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ հարց է առաջանում, թե Վենետիկի հանձնաժողովն ինչու ժամանակին Սահմանադրության նախագծի վերաբերյալ իր տված եզրակացության մեջ չի անդրադարձել Սահմանադրության խնդրահարույց հարցերին, և ինչպե՞ս է եղել, որ այս հեղինակավոր հանձնաժողովի ուշադրությունից վրիպել են հենց, օրինակ, 213 հոդվածի ձևակերպումները։

«Ասեմ ավելին, ըստ որոշ տեղեկությունների, Վենետիկի հանձնաժողովն այն պահին, երբ Սահմանադրության նախագծի վերաբերյալ եզրակացություն է կազմել, իր ձեռքի տակ չեն եղել Սահմանադրության անցումային դրույթները։ Այսինքն` Հայաստանի նախկին իշխանությունները սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելուց չեն ուղարկել անցումային դրույթները։ Սրանից բացի, կարծեք թե բոլորը հիշում են, որ Վենետիկի հանձնաժողովի կայքում դրված էր բոլորովին այլ թարգմանությամբ եզրակացություն, քան այն տեքստը, որը հետո դրվեց հանրաքվեի։ Ձևակերպումների հստակ տարբերություններ կային։ Ես այս հարցն էլ ունեմ Վենետիկի հանձնաժողովին. Այդ ինչպես է ստացվել, որ 155-րդ հոդվածի վերաբերյալ չի տվել եզրակացություն, որ անթույլատրելի է բանակի ներգրավումը առանց իրավական հիմքերի ու խիստ անհրաժեշտության։ Ոչ մի խոսք չկա 164-րդ հոդվածի 8-րդ մասի մասով, որ նախատեսված չէ դատավորների լիազորությունները դադարեցնել կարգապահական վարույթի արդյունքում։

Վենետիկի հանձնաժողովը բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի՝ մինչև որ գա հասնի Հայաստանում սպասվող դատաիրավական փոփոխություններին կամ ստեղծված ճգնաժամի հաղթահարմանը»,- ընդգծեց Խաչատրյանը։

Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, դրա մասին, Խաչատրյանի խոսքերով, շատ է խոսվել, Քոչարյանի փաստաբանների իրավունքն է նման պնդումներ անել, և միայն գործի քննության ավարտից հետո պարզ կդառնա ամեն ինչ։

Հոդվածն ամբողջությամբ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031