«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր եւ լրագրող Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի Emmy Award բարձրագույն մրցանակին։
Այս առիթով «Առավոտը» զրուցել է մրցանակակրի հետ:
– Սիրելի Անուշ, նախ շնորհավորում եմ մրցանակի առիթով եւ խնդրում եմ պատասխանել հետեւյալ հարցին՝ երրորդ անգամ նման հեղինակավոր մրցանակի արժանանալը ի՞նչ փոխեց Անուշ Էլբակյանի կյանքում:
– Գրեթե ոչինչ: Մրցանակը ստանալու պահին հաճելի զգացողություն ես ապրում եւ ընդամենը մի քանի րոպե անց սառը դատողությամբ հասկանում ես, որ պատասխանատվությունդ ավելանում է եւ, որ հաջորդ օրը պետք է էլ ավելին անես:
Կարդացեք նաև
– Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք, թե այս անգամ ինչի համար ձեզ Emmy շնորհվեց:
– Այս անգամ կրկին հետաքննություն ժանրի համար: Առողջապահական համակարգում սխալների, բացթողումների, թերությունների, մարդկային անտարբերության մասին էր պատմությունը, որը, ցավոք, հանգեցրել էր ողբերգության:
– Մասնագիտական սկզբունքներ, որոնք երբեք չեք խախտի:
– Ճիշտ լրատվությունը մեր մասնագիտության հիմնաքարն է: Ինձ համար դա առաջնային սկզբունք է, որը չեմ խախտի: Եվ ընդհանրապես որեւէ սկզբունք խախտելը կնշանակի ինքդ քեզ եւ ընտրած մասնագիտությունդ չհարգել:
– Լավ հեռուստալրագրողի՝ ձեր բնորոշումը:
– Իրականը եւ հորինովին իրարից տարբերակելը: Ցանկացած նյութ մինչեւ հանրությանը ներկայացնելը` մանրակրկիտ վերլուծելու կարողությունը:
– Ինչպիսին է հայաստանյան մեդիաարտադրանքի՝ ձեր գնահատականը, եւ եթե հնարավոր լիներ ձեր փորձը փոխանցել հայաստանցի գործընկերներին, հատկապես ինչը կշեշտադրեիք:
– Ցավոք, մեծ զբաղվածության պատճառով չի հաջողվում հետեւել ամենին:
Մի բան, որ աչք է ծակում, դա այսպես կոչված՝ «դեղին» մամուլն է, որին պարտադիր անհրաժեշտ է հակադրել ոչ կողմնակալ, բացարձակ ստույգ եւ հավաստի լրատվությունը: Միայն այդպիսով կարելի է «դեղինը» դարձնել սպիտակ: Անհրաժեշտ բառը ուզում եմ շեշտել, որովհետեւ լուրը թեւեր ունի: Լուրը, փաստը, պատմությունը կարդում են ողջ աշխարհում:
– Հարազատներից ամենաշատն ում գնահատականն է ձեզ զգոնացնում աշխատանքում:
– Առաջին հերթին ինքս եմ ինձ զգոն պահում, քանի որ ընտանիքիս առաջ ինձ միշտ պատասխանատու եմ զգում:
– Ձեզ հաջողակ համարո՞ւմ եք, եթե այո, ո՞րն է ձեր հաջողությունների գրավականը:
– Հաջողակ լինելու գրավականը աշխատանքն է եւ կատարելագործվելը: Այնպես չի լինում, որ դու քեզ համար նստած ես ու հաջողությունը գալիս դուռդ ծեծում է եւ հայտարարում, որ դու հաջողակ ես: Ոսկե ձկնիկ (եթե այն կա) բռնելու համար անգամ մեծ ճիգեր է հարկավոր գործադրել:
– Երրորդ անգամ մրցանակը ստանալիս ի՞նչ զգացողություն ունեցաք:
– Մրցանակ ստանալիս ցանկացած պարգեւատրվող իր խոսքը սկսում է շնորհակալությամբ: Եվ դա ձեւական բան չէ: Այս անգամ էլ մրցանակ ստանալիս ինձ մոտ շնորհակալ լինելու զգացողությունն էր, որ գնահատել են իմ աշխատանքը:
– Emmy Award երրորդ մրցանակը ստանալուց բացի, մրցակցելով շատ հեղինակավոր լրատվամիջոցների հետ, դուք արժանացաք նաեւ ԱՄՆ-ի Edward R. Murrow Awards (RTDNA) ազգային մրցանակին` մի փոքր այդ մրցանակի մասին:
– ԱՄՆ-ի ռադիոհեռուստատեսային թվային նորությունների ասոցիացիան 1971 թվականին հիմնեց ամերիկյան հայտնի լրագրող, հասարակական գործիչ Էդվարդ Ռ. Մյուռոյի մրցանակ, որը մեծ կշիռ ունի եւ անչափ կարեւորվում է ԱՄՆ-պրոֆեսիոնալ լրատվական աշխարհում: Այս տարի Excellence in Social Media անվանակարգում, իմ թիմի հետ միասին արժանացանք այդ կարեւորագույն մրցանակին, որի շնորհումը տեղի կունենա աշնանը Նյու Յորք քաղաքում: Ձեր թերթի միջոցով ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այս օրերին ինձ էին ուղղում իրենց շնորհավորանքները եւ բարեմաղթանքները:
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Անուշ Էլբակյանը:
«Առավոտ» օրաթերթ,
16.07.2019