Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնախոստովանություն

Հուլիս 17,2019 13:00

Մեծագույն հետաքրքրությամբ ընթերցեցի անմոռանալի Ռ. Քոչարյանի փայլուն ստեղծագործությունը` հուշապատումը («Жизнь и свобода», М., 2019»): Փայլուն բառը չակերտների մեջ չեմ գրում, որովհետեւ այն իսկապես փայլուն է, ոչ թե իր գեղարվեստական կամ որեւէ այլ արժեքով, այլ մեղքերի անկեղծ խոստովանությամբ: Ուզում եմ նշել, որ, սովորաբար, հուշեր, չնչին բացառությամբ, չեմ կարդում, որքանով հանրահայտ է, որ հուշեր գրողները սովորաբար զբաղված են ինքնագովությամբ: Նշված հուշապատումը այս առումով բացառություն չէ, նա ջանք չի խնայում ներկայացնելու իր ժրաջան, տքնաջան աշխատանքը, իր մեծագործություններն ու քաջագործությունները, որոնցով ապահովել է մեր պայծառ ապագան: Սա՝ իմիջիայլոց: Դառնանք մեղքերի խոստովանությանը:

Այստեղ ցանկանում եմ անդրադառնալ այդ հուշապատման ընդամենը 2 էջի (360-361), որտեղ հեղինակը իսկապես անկեղծորեն ներկայացնում է իր ապրումներն ու տվայտանքները: Այդ էջերում խոսքը գնում է 2003թ. Հանրապետության նախագահի ընտրության առիթով ՀՀ ՍԴ ընդունած որոշման մասին, առաջարկվում է անցկացնել վստահության հանրաքվե: Այդ կապակցությամբ նա գրում է, որ որոշումն իրեն զայրացրել է, ընդ որում՝ «վպ վՈ ՔցՑՍց», այսինքն` չափազանց լուրջ է ներվայնացել: Ինչ է սա նշանակում. մարդկայնորեն հասկանալի է, որ եթե որեւէ դատարանի որեւէ որոշում, երբ չի բավարարում սպասելիքները, ապա մարդը կարող է դրա հետ չհամաձայնել, զայրանալ եւ այլն, բայց ինչպիսին պետք է լինի պետական այրի, բարձրագույն պաշտոնյայի, առավել եւս Հանրապետության նախագահի վերաբերմունքը:

Բանը նրանում է, որ գիրքը հրատարակվել է 2019թ., այսինքն՝ անգամ 15 տարի անց էքս-նախագահը չի հասկացել, որ որեւէ պաշտոնյա իրավունք չունի դատարանի որոշումը որակելու, գնահատելու, որ դատարանի որոշումը ենթակա է միայն կատարման: Այնինչ, նա իր զայրույթը, իրեն հատուկ արհամարհական ժպիտով, ցուցադրեց հեռուստացույցի էկրանով: Մոտավորապես այնպես, ինչպես նա արտահայտվեց «Արմենթել»-ի գործով ՍԴ ընդունած որոշման առնչությամբ, այդպես էլ չկատարելով դատարանի որոշումը, ինչը իր անմիջական պարտականությունն էր:
Այնուհետեւ, մի քանի տող հետո նա գրում է. «պարզվեց, որ գաղափարը առաջադրել է ինքը` ՍԴ նախագահը»: Շատ հետաքրքիր է, այդ ինչպես, չէ՞ որ դա խորհրդակցական սենյակի գաղտնիքն է: Հավանաբար նա ունեցել է ՍԴ անդամ մտերիմներ, կամ գործադրել է այլ անօրինական լծակներ, չգիտեմ, սակայն, պարզից էլ պարզ է, որ նա ունակ է անօրինական մեթոդներով հասնել իր նպատակներին: Կարծում եմ ակնհայտ է, որ սա նույնպես ինքնախոստովանություն է:

Սակայն սա դեռ վերջը չէ: Նա այնուհետեւ գրում է. «Ես հանդիպեցի Գագիկ Հարությունյանի հետ: ……Ես բարեկամաբար նրանից խնդրեցի բացատրություններ»: Շատ քաղաքակիրթ մարդ է, խնդրում է, այն էլ բարեկամաբար: Բայց սա չէ կարեւորը, այլ այն, որ չի գիտակցում, որ ինքը իրավունք չունի դատավորից բացատրություններ պահանջել, նույնիսկ եթե իր ընկերն է:

Հաջորդը` նա գրում է, որ Գ. Հարությունյանի հետ ունեցել է լավ հարաբերություններ, հաճախ շփվել են, անգամ միասին որսի են գնացել, բայց մի քանի տող հետո նշում է, որ «այդ որոշումը ուղղակի ազդեց մեր հարաբերությունների վրա. հանրաքվեի հետ կապված պատմությունից հետո իմ շփումը Հարությունյանի հետ դարձավ զուտ ձեւական»:

Չեմ խորանում գրքում գրված այլ մանրամասնությունների մեջ, կարծում եմ՝ այսքանն էլ բավական է համոզվելու համար, թե ինչպիսի ճնշում է գործադրել մեծապատիվ Քոչարյանը 2008թ. ՍԴ-ի նկատմամբ: Առհասարակ, սխալ պատկերացում ունենք այն մասին, որ դատարանները որոշում են Բաղրամյան 26-ից հնչող զանգերով, սակայն դա ամենեւին էլ այդպես չէ: Ինչ է, սովետական դատարանին զանգահարում էին կենտկոմից, կամ ռայկոմից: Ամենեւին: Յուրաքանչյուր դատավոր քաջ գիտեր, թե ինչ որոշում է պետք այդ ատյաններին, եւ ընդունվում էին հենց այդ որոշումները: Այլ որոշման պարագայում քաջ հայտնի էր, թե ինչ է իրենց սպասվում: Նույնն էր, ինչը իրականացվում էր մեր օրերում, նրա օրոք: Դատավորն ով է, որ չկատարի իր ցանկությունը, գլուխը կջարդենք:
Նրա պատկերացումներում մարդը արժեք չէ, նա հմայված է միայն ինքն իրենով:

Այս ամենը, ինչին արդեն անդրադարձանք, ընդամենը մի փոքր դրվագ է Քոչարյան-նախագահի գործունեությունից:

Ավելի ահասարսուռ է նրա ողջ տասնամյա գործունեությունը, երբ նա, շնորհիվ իր նպատակասլացության ու հետեւողականության, հաստատեց իր անձնիշխանությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ բռնապետության տեսակ:

Նա, ինքնագովությամբ մղված, ներկայացնում է իր փառասլաց արարքները, մոռանալով պատմել, որ ինքը կոռուպցիոն բուրգի կնքահայրն է: Նա մինչեւ օրս էլ չի ուզում հիշել եւ չի էլ հասկանում իր կատարածի հետեւանքները: Նա մոռանում է պատմել, որ ինքը ստեղծեց արտոնյալների՝ կիսագրագետ մարդկանցից բաղկացած մի խումբ, որը հաստատեց «բեսպրեդելի» ռեժիմը: Նա մոռանում է նաեւ, թե իր քննադատներից քանիսը սպանվեցին, ծեծի ու բռնության ենթարկվեցին, հեռացվեցին աշխատանքից:

Նա ծիծաղում է օրենքի առջեւ բոլորի հավասարության հիմար սկզբունքի վրա, որովհետեւ նա ինքն իրեն հռչակեց օրենքից բարձր, ավելի ցածր էր իրենից իր ստեղծած «բեսպրեդելի» խումբը, իսկ մնացյալը օրենքի առջեւ պետք է լինեն հավասար: Չեմ ուզում երկարացնել, այդ ամենը քաջ հայտնի է եւ զարմանալ կարելի է, որ այն գաղջ մթնոլորտը, որ ստեղծվեց նրա տիրապետության 10 տարում, ապահովում էր նրա տիրապետությունը իր ուզած ձեւով: Իսկ իր ուզածը կենտկոմի գլխավոր քարտուղարի իշխանությունն էր եւ ինքը այդպիսին դարձավ, մի չնչին թերությամբ` չուներ խարիզմա, բավարար կրթական մակարդակ, վարվելակերպի տարրական իմացություն: Բավական էր տեսնել նրա հեռուստատեսային ելույթը՝ դրանում համոզվելու համար. նրա նենգ, արհամարհական ժպիտը, բերանը ծռելով խոսելը, փողկապ կապելը եւ այլն: Նա շատ է սիրում ցուցադրել իր քաջությունը, իր գիտելիքները, իր դիվանագիտական հաջողությունները եւ իր կատարած աշխատանքները: Սակայն նա չունեցավ տարրական քաջություն ժողովրդից ներողություն խնդրելու համար: Այսքանից հետո նա այսօր էլ փորձում է ցուցադրել իր իբր հպարտ կեցվածքը, աննկուն կամքը եւ արհամարհական վերաբերմունքը բոլոր նրանց նկատմամբ, որոնք նշում են նրա բացասական գործունեության մասին եւ չեն կարողանում հասկանալ իր արածի կարեւորությունը:

Սակայն ինձ անհանգստացնողը սա չէ: Այդ գիրքը կարդալուց հետո հանգեցի շատ տխուր եզրակացության, ավելին՝ չափազանց ամաչեցի, որ 10 տարի իմ երկրի նախագահ է եղել մի մարդ, որը տարրական պատկերացում չունի, թե ինչ է ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, Սահմանադրությունը, իրավական պետությունը, անկախ դատարանը: Այդ մասին է վկայում թեկուզ այն փաստը, երբ նա արդարացնում է ոստիկանական ուժերի բռնի գործողությունները, որոնք կիրառվեցին Բաղրամյան փողոցը արգելափակող ցուցարարների նկատմամբ: Ավելին՝ նա հայտարարում է. «Ցանկանում եք հանրահավաքներ անել, խնդրեմ, որքան կուզեք», բայց այնտեղ, որտեղ ինքն է նպատակահարմար գտնում, իսկ արգելափակել կարեւորագույն տրանսպորտային ուղին չի կարելի, մոռանալով, որ Եվրադատարանը դա համարում է իրավաչափ:

Ի դեպ, ներկայիս իշխանությունը նույնպես լավ չի պատկերացնում իրավական պետության իմաստը եւ վտանգ կա, որ մոտ ապագայում կարող է վերածվել Ք.-ի տիպի իշխանության:

Կա, սակայն, մի բան, որը նրան ներքուստ, գուցե եւ չգիտակցված, թույլ է տալիս դառնալ ինքնահավան: Ըստ երեւույթին, նա իր նախագահական 10 տարին համեմատում է հաջորդ 10 տարվա հետ եւ գտնում, որ իր 10-ը մի գլուխ բարձր է, մոռանալով կամ չգիտակցելով, որ հաջորդ 10 տարում ընդամենը կատարելագործվեց իր ստեղծած կոռուպցիոն համակարգը, բեսպրեդելը, ընտրություններ կեղծելը եւ այլն:

Մի խոստովանություն եւս. նա գրում է, որ, երբ ստանձնեց վարչապետի պաշտոնը, չէր տիրապետում հայոց գրական լեզվին, այսինքն՝ ՀՀ պաշտոնական լեզվին, հետեւաբար, նա իրավունք չուներ ստանձնել որեւէ պաշտոն:

Չերկարացնեմ, Աստված իր հետ:

Մեր խնդիրն է ձերբազատվել նրա եւ իր տիպի մարդկանց ստեղծած մտածողությունից եւ առողջանալ, որքան հնարավոր է արագ:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Լոս Անջելես

«Առավոտ» օրաթերթ,

16.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hambo says:

    So you expected RK to have the knowledge, education, and experience of a statesman at the level of a western leader well versed in public administration? Putting aside the fact that many western leaders in stable democracies have deviated from the ‘gold standard’ (Berlusconi, Trump, Nixon, etc.), why would you expect that someone who grew-up in the Soviet-Union would be imbued with western democratic values? Moreover, why would a former commander of a rebel army who is used to running a country under extremely difficult/constraining situations follow protocols dictated by lawyers and human rights activists (from his perspective) who did not risk their lives for the country and are only good at criticizing (often from abroad)?

    The same logic implies to LTP and SS, i.e. we didn’t have a long enough tradition of independent statehood to have a sufficiently large number of potential statesmen and entire teams of well trained and experienced professionals. As you mention, this is already an issue with NP as well, because he has not been educated like a Briton, an American, or a Canadian. Give time to Armenia (a couple of decades) for a new generation of leaders to emerge! It’s already happening slowly, Nikol’s party, the younger branch of the HHK, etc, are all positive developments. In the meantime remember that Armenia is a child learning to walk and have some indulgence for the first four leaders, they did (and do) what they could and what the times required.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031