Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանի հետ
– Տիկին Հովհաննիսյան, բուհերում, այդ թվում՝ մշակութային, մշտապես եղել են ու կան «մոդայիկ» մասնագիտություններ: Վերջին տարիներին, օրինակ, կոնսերվատորիայում դիմորդների մեծ հոսք է եղել ժողովրդական երգեցողություն ու ջազ-վոկալ բաժիններում: Տարիներ շարունակ նույնիսկ չի գրանցվել փողային գործիքների երաժիշտների եւ ոչ մի դիմորդ: Ինչպիսի՞ն է պատկերն այս տարի:
– Հարցին պատասխանեմ հակիրճ՝ հորիզոնականների ձեւաչափով:
Առաջին հորիզոնականում են դասական վոկալի դիմորդները՝ 34-ից ընդունվել է 16-ը, որից 11-ը՝ անվճար:
Կարդացեք նաև
Երկրորդ հորիզոնականում, հուրախություն մեզ, փողային գործիքների երաժիշտներն են՝ 27-14-ը անվճար:
Լուրջ մրցակցություն էր դիմորդ-դաշնակահարների միջեւ՝ 16-ից ընդունվել են 13-ը, 9-ը՝ անվճար:
Նախորդ տարվա համեմատ վերջապես այս տարի ունեցանք կոմպոզիցիայի բաժնի 3 դիմորդ…
– Այսինքն՝ նախորդ տարի ընդհանրապես դիմորդ չի՞ եղել:
– Եղել է՝ 0 դիմորդ: Իսկ ընդհանուր՝ բոլոր 9-ը մասնագիտությունների գծով (դաշնամուր, լարային գործիքներ, դիրիժորներ, ժողովրդական նվագարաններ ու երգեցողություն, վոկալ, ջազ-վոկալ, փողային նվագարաններ եւ այլն) դիմել է 135 երաժիշտ:
– Ասում են՝ չափազանց խիստ մոտեցում է ցուցաբերել սոլֆեջիոյի եւ հարմոնիայի հանձնախումբը:
– 135 դիմորդից սոլֆեջիոյի անցողիկ շեմը հաղթահարել է 81-ը: Ի դեպ, կոնսերվատորիայի պատմության ողջ ընթացքում առաջին անգամ բոլոր գրավոր քննությունների՝ սոլֆեջիոյի եւ հարմոնիայի աշխատանքները տեղում անմիջապես պատճենահանվել են եւ տրվել դիմորդներին: Նշեմ նաեւ, որ բոլոր քննությունները տեսաձայնագրվել են:
– Այնուամենայնիվ, ըստ մեր տեղեկությունների, հենց գրավոր աշխատանքների «մասով» եղել են բողոքարկումներ:
– Այո՛: Թեեւ բոլոր 67 գրավոր աշխատանքներից անբավարար գնահատված դիմորդները բողոքարկել են, բայց նրանց աշխատանքներից որոշների միայն վերանայման արդյունքում է կատարվել գնահատականների փոփոխություն:
– Այնուամենայնիվ, եղել են նաեւ 1-2 մասնագիտությունների թափուր տեղեր:
– Նման բան եղել է, եւ այդ թափուր տեղերը, նախարարության թույլտվությամբ, վերաբաշխվել են այլ մասնագիտությունների վրա: Բարձր միավորներ ստացած այլ մասնագիտություններով բարձր միավորներ հավաքած դիմորդների տեղերի վրա: Մեկ օրինակ. երաժշտագետների կոմպոզիցիա մասնագիտությամբ հինգական պետպատվերի տեղի համար կար ընդամենը 3-ական դիմորդ:
– Ժամանակին «Առավոտին» հայտնել էիք, որ չեք բացառում կառուցվածքային փոփոխությունները:
– Պաշտոնավարմանս առաջին շրջանում միավորվել են միեւնույն գործառույթներ ունեցող մի քանի ամբիոններ՝ դաշնամուրային, վոկալ եւ լարային:
Ելնելով հայաստանյան աշխատաշուկայի եւ միջազգային պահանջարկից, նախատեսել ենք ստեղծել կամերային երաժշտության դեկանատ՝ 4 ամբիոններով՝ կամերային-գործիքային երաժշտություն, կամերային-վոկալ անսամբլ, լարային կվարտետի ամբիոն, հնագույն երաժշտության բաժին:
Սա նշանակում է, որ ապագայում, բացի մենակատար երաժշտի որակավորումից, շրջանավարտը կստանա նաեւ կամերային- անսամբլային արտիստի որակավորում: Առայժմ որոշել ենք ստեղծել ֆակուլտետ, որն ապագայում կձեւավորի կամերային երաժշտության մասնագիտացման խորացում մագիստրատուրայում եւս: Այն հնարավորություն կտա հետագայում մագիստրատուրայում ունենալ բացի մենակատար երաժշտից, կամերային անսամբլի երաժշտի մասնագիտացում:
– Ռեկտորի գործառույթների մեջ է նաեւ ուսման որակը խթանող պայմանների ստեղծումը: Օրինակը՝ հատկապես երաժիշտ ուսանողների համար անհրաժեշտ է, որ ձմռանը լսարանները տաք լինեն եւ այլն:
– Այդ ամեն ինչը պետք է արվի: Այդ թվում՝ առաջնահերթը հենց սեպտեմբերի 1-ից ունենալ հավասարաչափ ջեռուցվող շենքային պայմաններ: Այդ նպատակի համար կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տրամադրել է 32 մլն դրամ:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ,
16.07.2019
Այդ բոլորը շատ լավ է, գովելի է… բայց մեր համերգային դահլիճների դատարկությունը (տոմսեր չվաճառվելը), հասարակությունից կտրված լինելը, սկսվում է ուսումնական հաստատություններից (այդ թվում՝ կոնսերվատորիայից): Մինչ օրս, մեզանում դասավանդվում է սովետական (լենինյան) ծրագրերով, որով` ստորադասվում է ազգայինը, (առաջնային տեղը հատկացնելով եվրոպական երաժշտությանը): Մոտ 100 տարի է, որ փորձ է արվում ունկնդիր կրթել, բայց այդ հարցը չի լուծվում: Ուրեմն՝ անհրաժեշտ է ծրագրերն ազգայնացնել՝ առաջնային տեղ հատկացնել ազգային երաժշտությանը, կրթել ազգային մտածողությամբ երաժիշտներ … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան