Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռացող Տուսկի հարավկովկասյան շրջայցը

Հուլիս 17,2019 12:00

«Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել համագործակցության համար»

ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Անցյալ շաբաթ կայացավ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցը Բաքու, Երեւան, ապա՝ Բաթում: Տուսկի տարածաշրջանային այցը վերջիններից է ԵՄ խորհրդի նախագահի պաշտոնում։ Աշնանն ավարտվում է նրա պաշտոնավարումը, նրան այդ պաշտոնում կփոխարինի Շառլ Միշելը` Բելգիայի վարչապետը։

Ադրբեջանում Դոնալդ Տուսկի եւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո Եվրամիության խորհրդի նախագահը այցելեց Բաքվի միջազգային ծովային առեւտրային նավահանգիստ, որը շահագործման էր հանձնվել վերջին տարիներին: Նշյալ նախագծով Ադրբեջանը փորձում է մերձկասպյան երկրների համար դեպի Արեւմուտք «պատուհան» դառնալ։ Այն խոշոր առեւտրային նավահանգիստն է Կասպից ծովում, Ադրբեջանի իշխանությունները նշում են, թե դրանով մեծ հնարավորություններ է ընձեռում կասպյան ավազանում հարաբերությունների խորացման համար։
Ավելի վաղ, հիշեցնենք, որ Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված հավաքը շեղվեց նախատեսված ընթացքից. գագաթաժողովի ավարտին ԵՄ ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չհաջողվեց միասնական փաստաթուղթ ընդունել, քանի որ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել հռչակագիրը՝ տեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշատակման բացակայության պատճառով։ Նշյալ հավաքին ակնկալվում էր նաեւ, որ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցության խորացման մասին համաձայնագիր կստորագրվի, որի շուրջ կողմերը բանակցում են արդեն ավելի քան չորս տարի, սակայն Ադրբեջանի իշխանություններին եւ ԵՄ պաշտոնյաներին այդպես էլ չհաջողվեց հարթել տարաձայնությունները, որոնք հատկապես վերաբերում էին մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի վարած քաղաքականությանը:

«Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի, իսկ Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նման ուղերձ հղեց Տուսկը Բաքվում: Նա հանդիպեց Ալիեւի հետ՝ նախ բանակցություններ անցկացնելով ընդլայնված կազմով, պատվիրակությունների մասնակցությամբ, ապա նաեւ՝ դեմ առ դեմ ձեւաչափով: Նա փաստեց, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում, այլ՝ բացառապես քաղաքական կարգավորում` հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա: «ԵՄ-ն շարունակում է լիակատար աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, որոնք կենտրոնացել են հարցի արդարացի եւ տեւական լուծման վրա, որի հիմքում պետք է լինեն Հելսինկիի հռչակագրի հիմնարար սկզբունքները»,- շեշտեց Տուսկը, սակայն հարկ համարելով ընդգծել. «Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը»: Տուսկի խոսքով՝ Բրյուսելը պատրաստվում է ջանքեր գործադրել հայկական եւ ադրբեջանական հասարակություններին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը նախապատրաստելու ուղղությամբ. «Եվրամիությունն արդեն իսկ աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված գործողություններին եւ պատրաստ է աջակցել նաեւ (երկու երկրների) բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլերին»:

Իր հերթին Ալիեւը Եվրոպական խորհրդի նախագահի հետ բանակցությունների ավարտին նշեց, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության գլխավոր պատճառը Երեւանն է. «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է այն հիմնական պատճառը, որի հետեւանքով հակամարտությունը դեռ լուծված չէ: Վստահ եմ, որ միջազգային հանրության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը պետք է ուղղված լինեն խնդրի շուտափույթ լուծմանը: Ստատուս քվոն անընդունելի է եւ պետք է փոխվի, այդ փոփոխոթյունն իր հերթին Ադրբեջանի տարածքների դեօկուպացիայի սկիզբն է նշանակում»: Ալիեւը կրկին պնդեց, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի նախկինում միջազգային կառույցների, նախեւառաջ ՄԱԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերում տեղ գտած պահանջների հիման վրա. «Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի հիման վրա»:

Տուսկի՝ Բաքվում հայտարարությունների մեխը որպես ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին արձանագրումն էր, որը կարելի է միակողմանի որակել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, եւ ընդգծված կերպով այդպիսի արձանագրումը կառույցի ղեկավարի կողմից չի բխում ղարաբաղյան կարգավորման շահերից։

 

ԵՄ-ն լիովին վստահում է իրականացվող դատաիրավական բարեփոխումների տրամաբանությանը

Բաքվից հետո Դոնալդ Տուսկի հաջորդ կանգառը Երեւանն էր: Նա, հիշեցնենք, Փաշինյանի հետ վերջին անգամ հանդիպել էր մարտին՝ Բրյուսելում, վստահեցրել էր, որ գնահատում են ՀՀ կառավարության որդեգրած արժեքներն ու բարեփոխումները ու հավաստիացրել էր, որ Բրյուսելը շարունակելու է աջակցությունը Հայաստանին։
Հուլիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նրան ՀՀ կառավարությունում՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի համար ԵՄ հետ հարաբերությունների զարգացումն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Եվրոպական միությունը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք կարեւորում ենք ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, եւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կնպաստի մեր փոխգործակցության խորացմանը: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը ՀՀ-ԵՄ կապերի զարգացման գործում եւ շնորհակալ ենք Ձեզ արդյունավետ համագործակցության համար», – նշել էր ՀՀ վարչապետը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւս նշեց, որ կարեւորում է Հայաստանի հետ գործընկերությունը եւ Փաշինյանի հետ արդյունավետ շարունակական երկխոսությունը՝ ուղղված փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու սերտացմանը: Փաշինյանն ու Տուսկը քննարկել էին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Պաշտոնական Երեւանը վերահաստատել է օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը: Փաշինյանն անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ խոսելով անկախ դատաիրավական համակարգի ձեւավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Նա նշել է, որ դատական անկախ համակարգի կայացումը Հայաստանի համար օրակարգային առաջնահերթություն է, եւ եվրոպական կառույցների, այդ թվում՝ Եվրամիության տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությունն այդ գործընթացին մեծ կարեւորություն ունի մեր երկրի համար:

Դոնալդ Տուսկը վստահեցրել է, որ եվրոպական կողմը լիովին վստահում է ՀՀ վարչապետի եւ կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների տրամաբանությանը եւ իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու Հայաստանին այդ բարեփոխումը հաջողելու հարցում: Փաշինյանն ու Տուսկն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ հետագա քայլերին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է առաջիկայում այս ուղղությամբ առարկայական երկխոսությունը մեկնարկելու հարցում: ԵԽ նախագահն ասել է, որ Հայաստանի վարչապետի ուղերձը կփոխանցի ԵՄ անդամ պետություններին։ Նրանք մտքեր են փոխանակել ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման ընթացքի շուրջ, կարեւորել դրա գործընթացի շուտափույթ ավարտին հասցնելը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2019 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ներդրումային համաժողովի կազմակերպման հնարավորություններին:

ՀՀ վարչապետը եւ Եվրոպական խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ, նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդիրը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով միջազգայնորեն ճանաչված ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու տրամաբանությանը եւ երախտագիտություն հայտնել ԵՄ կողմից այս հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը պաշտպանելու համար: Ապա ՀՀ վարչապետի եւ ԵԽ նախագահի հանդիպումը շարունակվել է առանձնազրույցի ձեւաչափով, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Այնուհետեւ Փաշինյանն ու Տուսկը շրջել են Երեւանում, քայլել Հյուսիսային պողոտայում եւ այցելել Երեւանի Եվրոպայի հրապարակ: Շրջայցից հետո Հայաստանի վարչապետը եւ Եվրոպական խորհրդի նախագահը քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը կառավարությունում կայացած բանակցություններից հետո հանդես եկան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով: Տուսկը շեշտեց, որ Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել համագործակցության համար: «Իմ այցելությունն ապացույցն է այն կարեւորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի եւ տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին: Մեր այսօրվա քննարկումն ընդգծեց մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Այն հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը: Եվրոպական միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն այս համաձայնագրի իրականացման համար: Վարչապետը եւ ես նաեւ համաձայնեցինք, թե որքան կարեւոր է օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգ ստեղծելու նկատմամբ ուշադրությունը: Կուռ դատական համակարգն էական բաղադրիչ է ժողովրդավարության հասնելու եւ տնտեսական ու սոցիալական զարգացման համար: Այստեղ եւս Եվրամիությունը շարունակելու է աջակցել փորձագիտական օժանդակությամբ եւ լրացուցիչ ռեսուրսները մոբիլիզացնելով»,-նշեց ԵՄ պաշտոնյան:

Խոսելով ԼՂ խնդրի թեմայի առնչությամբ՝ Տուսկը շեշտեց, որ ԵՄ-ն քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով եւ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ու մարդասիրական խնդիրների վրա շեշտադրում կատարելու պատրաստակամությամբ: «Մենք նաեւ կիսում ենք Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին զոհերի, ինչպես նաեւ էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ: Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու համար այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղության, իրական բանակցությունների համար: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է լիարժեքորեն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ շեշտադրությանը՝ գտնելու արդար եւ տեւական հանգուցալուծում՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքներից: Եվրամիությունն արդեն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին եւ պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու միջոցառումներին»:

Այսպիսով, Տուսկը Երեւանում շեշտեց օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքի կարեւորությունը, ընդգծելով, որ ԵՄ-ն ողջունում է անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգ ստեղծելու գաղափարը եւ այս հարցում՝ շարունակելու է փորձագիտական օժանդակությամբ եւ լրացուցիչ միջոցներ տրամադրել՝ այն դեպքում, երբ 2019-ի համար ԵՄ-ն գրեթե կրկնապատկել է օժանդակությունը Հայաստանին։ Խոսքը գնում է գերակա ծրագրեր իրականացնելու աջակցության մասին՝ ներառյալ ենթակառուցվածքային եւ բնապահպանական ոլորտներում՝ ջրային ռեսուրսների կառավարմանը։

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

16.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031