Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմող երկրում նման մթնոլորտ ստեղծելը շռայլություն է՝ հօգուտ հակառակորդի»

Հուլիս 17,2019 14:00

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ ամենամտահոգիչն այն է, որ այս ընթացքում Ադրբեջանը կարողացել է միջազգային հարթակներում ավելի ընկալելի դարձնել իր դիրքորոշումները:

«Չեմ տեսնում, որ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, առկա է: Եթե անգամ կա, ապա միակողմանի է, որովհետեւ չգիտենք, թե ՀՀ-ն ինչ օրակարգով է բանակցում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ այսպիսի մտահոգության մասին է բարձրաձայնեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նրա բնորոշմամբ՝ ՀՀ-ն քաղաքական դիվիդենտներ էր շահել ապրիլյան ռազմական գործողություններից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը հայտարարել էր, որ անհրաժեշտ է շփման գծում ներդնել միջադեպերի հետաքննության եւ վստահության ամրապնդման մեխանիզմներ. «Փաստորեն, դա դուրս մղվեց: Հետագայում հայկական կողմը փորձեց անդրադառնալ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի այդ պայմանավորվածություններին, բայց արդեն՝ ներքին օգտագործման համար, որովհետեւ համանախագահությունն այլեւս չի անդրադարձել դրանց: Ադրբեջանն էլ դա դիտեց որպես իր հաջողություն: Ֆիզիկապես կողմերի միջեւ հանդիպումներ լինում են, բայց օրակարգ չեմ տեսնում: Անորոշություն կա գործընթացում»:

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ ամենամտահոգիչն այն է, որ այս ընթացքում Ադրբեջանը կարողացել է միջազգային հարթակներում ավելի ընկալելի դարձնել իր դիրքորոշումները. «Իսկ եռանախագահությունը վերջին շրջանում ասում է, թե Ադրբեջանը բավականին «կառուցողական դիրքորոշում» ունի, իսկ Արցախը կարող է բանակցային կողմ դառնալ միայն Ադրբեջանի համաձայնության դեպքում: Կարծես ասեն՝ հանեք ձեր օրակարգից այն, ինչն անիրական է»:

Ռուբեն Հակոբյանը նշեց՝ շատ կուզենար մի փաստ վկայակոչեր այն մասին, թե վերջին մեկ տարում ՀՀ իշխանությունն ինչ հաջողության է հասել բանակցային գործընթացում. «Ցավոք, չունեմ այդպիսի փաստ: Հակառակը, մեկ տարում Արցախը դարձավ զոհն այն քաղաքականության, որը վարում է իշխանությունը: 30 տարի քաղաքականության մեջ եմ եւ միշտ կապ եմ ունեցել Արցախի հետ: Արցախի ռազմաքաղաքական էլիտան երբեք այսքան պառակտված չի եղել: Դա շատ վտանգավոր է ընտրություններից առաջ, երբ տեսնում ես, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակների է բաժանվել: Այն գեներալները, զինվորները, որոնք կազմակերպել եւ հաղթել են պատերազմում, որոնք ազատագրել են Արցախը, այսօր հայտնվել են տարբեր դաշտերում: Նման բան իսկապես երբեք չի եղել: Վտանգավոր է, եթե Արցախն ազատագրած գեներալները դեմ դիմաց հանդիպեն: Անուններ չտամ, բայց գեներալներն այսպես թե այնպես ներքաշված են ընտրական գործընթացում: Կարծում եմ՝ դա բոլորին պետք է մտահոգի: Պատերազմող երկրում նման մթնոլորտ ստեղծելը շռայլություն է՝ հօգուտ մեր հակառակորդի, որն ուրախանում է նրանից, թե այսօր ինչ է կատարվում Հայաստանում»: Մեր զրուցակիցը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստված չէ հատկապես Արցախի հարցում. «Նա չի պատկերացնում, թե ինչ ասել է Արցախ, հակամարտություն…եւ Արցախի գեներալիտետի եւ ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ այս ընդգծված ոչ դրական վերաբերմունքն այդ բարդույթով է պայմանավորված: Գերագույն գլխավոր հրամանատարը բանակում չի ծառայել: Հայրենիքը պաշտպանածների տեսակը նրա համար ընկալելի չէ»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել