Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ սկսեցինք ջրի մակարդակը բարձրացնել, ափերը չպատրաստեցինք, անտառային հատվածներ մնացին ջրի տակ». Քննարկում Մարտունիում

Հուլիս 16,2019 20:20

Այսօր Մարտունի քաղաքում «Մեդիա կենտրոնը» քննարկում էր կազմակերպել՝ «Ինչպես փրկել Սեւանը»  թեմայով:

Այս քննարկման մասնակից «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր անդամ Սաթիկ Բադեյանը կարծիք հայտնեց, որ Սեւանա լճում  կապտականաչ ջրիմուռների այս աստիճան ծաղկումը վկայում է այն մասին, որ սկսվել է լճի ճահճացման գործընթաց։ Բադեյանի կարծիքով՝ Սեւանա լճի փրկությունը պետք է դիտարկել որպես ամբողջական էկոհամակարգի փրկություն, որի մի մասն էլ մարդն է, այլ ոչ թե այն դիտարկել սոսկ որպես լճի փրկություն.«Այս խնդրի միակ լուծումը ջրի մակարդակի բարձրացումն է»:

Քննարկման մեկ այլ մասնակից՝ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանն էլ նկատեց՝ Սեւանա լճի ջրի որակի վատացման մի շարք պատճառներ կան, որոնք կանխարգելելու համար հարկավոր էր որոշակի միջոցառումներ ձեռնարկել, բայց չեն արվել.«Երբ սկսեցինք ջրի մակարդակը բարձրացնել, ափերը չպատրաստեցինք այդ գործընթացին, եւ որոշ անտառային հատվածներ մնացին ջրի տակ։ Հետո մաքրման աշխատանքները պատշաճ կերպով չիրականացվեցին եւ ջրի որակի վատթարացում գրանցվեց։ Սա Սեւանի ներկայիս վիճակի գլխավոր պատճառներից մեկն է»:

Ներկաներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ ընդամենը հարկավոր է լճի մակարդակը բարձրացնել, ու խնդիրը կկարգավորվի:

Մեկ այլ մասնակից էլ արձագանքեց՝ եթե 10 մետրով էլ բարձրանա ջրի մակարդակը՝ ջրիմիուռն էլ կբարձրանա, քանի որ սնուցում ունի:

Սեւան ազգային պարկի փոխտնօրեն Արայիկ Հունանյանն էլ նշեց՝ Սեւանա լճի աղտոտման եւ ջրիմուռների աճի  պատճառներից է, որ սնուցող նյութերի քանակն է  շատացել: Հունանյան էլ նշեց նույն պատճառները, որոնք վերջին օրերին պաշտոնյաներն ու փորձագետները նշում են՝ կեղտաջրերը, չմաքրված կամ վատ մաքրված տարածքները, անտառածածկ մասերը, ցանցավանդակները: Եվ որպեսզի ճիշտ լուծում ստանան, ըստ Հունանյանի, պետք է նախ հասկանալ, թե որտեղից է ավելի շատ աղտոտվում լիճը, հիմնական պատճառը, եւ այնպես չլինի, որ մեկ թիրախային խնդիր լուծվի, մյուսներն՝ անտեսվեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031