Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետ ընտրվելու վերաբերյալ որոշումը, նույնպես կասկածի տակ պետք է դրվի. Սյուզաննա Սողոմոնյան

Հուլիս 16,2019 20:02

Հայաստանում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն երկու նոր մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Առաջին մարմինը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություններով, իսկ երկրորդը` հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։

Վերջին օրերին բուռն քննարկումներ եղան «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի շուրջ, որը հանրային քննարկման չի դրվել:

Aravot.am-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանն ասաց, որ նախագիծը ոչ միայն սահմանված կարգով հանրային քննարկումների փուլ չի անցել, այլ նաեւ ներկայացված չեն առաջարկվող փոփոխությունների հիմնավորումները: Սյուզաննա Սողոմոնյանի համար ընդունելի չեն նախագծի հեղինակի կամ հեղինակների այն հակափաստարկը, որ օրենքը նախկինում բավականաչափ քննարկվել է, ուստի առաջարկվող փոփոխությունները կարող են նաեւ հանրային քննարկումների չդրվել: Նա նկատում է, որ ժամանակին քաղհասարակության ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հիմնական օրենքի մասով, ոչ թե առաջարկվող փոփոխությունների:

Ի՞նչ է առաջարկվում այս նախագծով, ինչը հեղինակները չեն ցանկանում հանրայնացնել`Aravot.am-ի հարցին, Սյուզաննա Սողոմոնյանը պատասխանեց, որ առաջին փոփոխությունը մրցութային խորհրդի վերացումն է, երկրորդը`հանձնաժողովի անդամին ներկայացվող չափանիշների փոփոխությունը: Չափանիշները էականորեն նվազեցվել են: Մեր զրուցակցի մոտ տարակուսանք է առաջացնում նաեւ այն, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրել է, իբր նախագիծը ինքն է մշակել, բայց «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հարցազրույցներում հայտարարել է, որ աշխատանքային խումբ է ձեւավորվել, որի անդամների կոնսենսուսով էլ մշակվել է նախագիծը: Իրարամերժ այս տեղեկությունները, մեր զրուցակցին հիմք են տալիս գործընթացը ոչ թափանցիկ եւ ոչ իրավական որակելու:

Մրցութային խորհրդի վերացումը պայմանավորվում է նրանով, որ այդպիսով փորձ է արվում ապահովել Հայաստանում ինքնավար մարմինների ձևավորման գործընթացի միասնականությունը։ Սյուզաննա Սողոմոնյանը նկատում է` շատ ավելի վատ է, երբ փորձ է կատարվում օրենսդրական ոչ հիմնավոր փոփոխությունները ներկայացնել Սահմանադրության լույսի ներքո: Մինչդեռ, գործնականում, իր գնահատմամբ,  նպատակը հիմնավոր փոփոխություններ կատարելու իմիտացիա ստեղծելն է: Իսկ բովանդակային մասով, մեր զրուցակցի պնդմամբ, առաջարկվող փոփոխությունները հենց խախտում են Սահմանադրությունը, քանի որ ՀՀ սահմանադրությունը չի սահմանում ինքնավար մարմինների ձևավորումն մեկ միասնական կարգավորում ունենալու պահանջ։ Նաեւ`Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությամբ՝ հակակոռուպցիոն գործակալությունների ղեկավարները պետք է նշանակվեն մի գործընթացի միջոցով, որն ապահովում է նրանց ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը: Այսինքն, ստացվում է, որ Հանձնաժողովի անդամի ընտրության համար մրցութային կարգ չնախատեսելով, օրենքի նախագծի հեղինակները խախտում են վերը նշված սկզբունքները:

Մրցութային խորհուրդ, ի դեպ, ստեղծվել էր ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանի կարգադրությամբ: Առաջարկի հեղինակներ պնդում են, որ այդ խորհրդի գործունեությունը ավտոմատ կերպով դադարեցվել է նախկին խորհրդարանի գործունեության դադարեցման հետ: Սյուզաննա Սողոմոնյանը հակափաստարկ է բերում. «Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա պետք է կասկածի տակ դրվի 6-րդ գումարման ԱԺ որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պարտականությունները ստանձնելու վերաբերյալ: Ազգային ժողովի լուծարվելու հետ մեկտեղ այն ևս պետք է վերացված համարվեր»։ 

Փորձագետը խնդիր է տեսնում նաեւ հանձնաժողովի ձեւավորման առաջարկվող սկզբունքների մասով: Հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է իշխող ուժը՝ 1-ը Կառավարության կողմից և 2-ը՝ ԱԺ-ում իշխող ուժը ներկայացնող խմբակցության կողմից։ Ավելին, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չկարողանան համախոհությամբ ներկայացնել թեկնածու, այդ անդամին ևս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության։ Վերջին՝ 5-րդ թեկնածուին էլ առաջադրում է ԲԴԽ-ն: ԲԴԽ-ի կողմից ներկայացվող թեկնածուի մասով էլ, Սյուզաննա Սողոմոնյանը մտահոգություններ ունի. 5-րդ թեկնածուին էլ իրականում առաջադրելու է իշխող ուժը, քանի որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ԲԴԽ-ի երկու թեկնածուները առաջադրվել են բացառապես «Իմ Քայլի» կողմից, և այն չի քննարկվել ընդդիմադիրներ խմբակցությունների հետ։ Ի դեպ, 2017 թվականի վերը նշված մեթոդաբանությամբ՝ միջազգային փորձագետները նշել են, որ հակակոռուպցիոն գործակալությունների գործառնական ինքնավարությունը բարձր է, եթե ցածր է կամ բացառվում է քաղաքական միջամտությունը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031