Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչական սպառնալիքներ՝ ուղղված Անկարային

Հուլիս 16,2019 21:01

Անկարա-Մոսկվա ռազմավարական դաշինքի գործարքային մասը՝ «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգերի առումով  առ այս պահը զուտ դեկլարատիվ մակարդակի վրա, անհանգստացրել է Վաշինգտոնին, որը պատժամիջոցների կիրառման մասին բարձրաձայնումներ է անում։ Թեեւ չպետք է մոռանալ նախագահ Թրամփի կատարած հայտարարությունը այն մասին, որ Թուրքիայի նախագահը Մոսկվայի հետ ռազմական առք ու վաճառքի առումով մեղավոր չէ։ Պատճառաբանությունը՝ երկրորդական է այս դեպքում. կարեւորը՝ Անկարայի հետ կամուրջները բանուկ վիճակում պահելու վարքագծի դրսեւորումն է։ Հիմա, ԱՄՆ պաշտպանության նախարարն է, որը հավաստիացնում է, թե նախագահ Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ պիտի կիրառի` հիմնվելով օրենքների վրա: Այստեղ օրենքը հատկանշական է այն առումով, որ հստակեցնում է, թե պատժամիջոցներ կկիրառվեն ԱՄՆ-ի հակառակորդ երկրների դեմ։

Կանխահաս է հաստատել, որ Թուրքան դասակարգվում է ԱՄՆ-ի հակառակորդ պետությունների շարքին։ Չպետք է մոռանալ, որ իրավական ընթացակարգ չի մտել Թուրքիան պատժելու որոշումը եւ թե չի բացառվում, որ հանկարծ շեղում արձանագրվի պաշտոնապես արվող հայտարարություններից։ Իրանի հրաձիգները բարձրացել էին երկինք եւ հանկարծ հարվածելու գործողությունը չեզոքացրել էր նախագահ Թրամփը։ Պատժամիջոցների  որոշման ուրվագիծն է, որը երեւում է այժմ պարզապես։

Երանգային տարբերություն կա եվրոպական քաղաքական միջավայրերում՝ Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը խստացնելու առումով։ ԵՄ արտգործնախարարների մասնակցությամբ Բրյուսելում կայացած արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո գրավոր հայտարարություն է  տարածվել, ըստ որի՝ ԵՄ-ն որոշել է միառժամանակ դադարեցնել Անկարայի հետ տեղի ունեցող բոլոր բարձր մակարդակի հանդիպումները, դրանց շարքում՝ Թուրքիայի հետ օդային փոխադրության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ԵՄ-Թուրքիա գործընկերության խորհրդի նիստերը։

Նախատեսվում է նաև, որ Եվրախորհուրդը կնվազեցնի 2020-ի համար Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական աջակցությունը։  Միևնույն ժամանակ Եվրոպական ներդրումային բանկին առաջարկվել է վերանայել Թուրքիային տրամադրվող նյութական աջակցության պայմանները։

Այստեղ պատժամիջոցներ կիրառելու մղիչ գործոնը առասվելաբար վերաբերում է Կիպրոսի ջրային տարածքներում Թուրքիայի ձեռնարկած հորատման աշխատանքներին։ Այդ աշխատանքները դադարեցնելու բազմակողմ պահանջները նկատի չեն առնվել Անկարայի կողմից։

Այստեղ եւս առայժմ դադարեցնել,  հանձնարարել, նախատեսել՝ կոչական բնույթի հայտարարություններ են, որոնք Բրյուսելն ուղղում է Թուրքիային։

Մինչ՝ Անկարան շարունակում է ռազմական առք ու վաճառքն ու կիպրական ջրային տարածքներում հորատման աշխատանքները։  Աւելին. համաձայնեցնելով իր գործողությունները Մոսկվայի եւ Թեհրանի հետ, ձեռնարկում է դեպի Իրաք սահմանափակ ներխուժումներ կամ դեպի Սիրիայի սահման ռազմական կուտակումներ։

Պատժամիջոցների սպառնալիքի դրսեւորումները կարող են շարունակվել։ Թե՛ Վաշինգտոնը եւ թե՛ Բրյուսելը հեռու են դեռ Անկարայի հետ ուղղակի բախման կետերից։ Երկուսն էլ, սակայն Իրանի միջուկային դաշինքի վերագործարկման կարելիությունների վրա են շեշտում, Թեհրանի նկատմամբ եւս բախման կետերը շրջանցելու կամ ընդհանրապես նման հանգրվանից խուսափելու համար։

Անկարայի արտաքին համարձակ քայլերը կարող են մեկնաբանվել ներքին հետզհետե դյուրաբեկվող իրավիճակի զարգացմամբ։ Գերնախագահական լիազորություններ ունեցող Էրդողանը արտաքին հավակնոտ քայլերի է դիմում ներքին ամրակայություն վերաշահելու համար։

Քաղաքական ներքին անկայունություն ուրվագծող իրավիճակի վրա ավելանում է քրդական աշխատավորական կազմակերպության զինյալ գործողությունների վերսկսման երեւույթը։ Որքան էլ հեռու լինեն բախման կետերը, թվում է, որ  հայտարարողական եւ կոչական պատժամիջոցային սպառնալիքների եւ ներքին անկայունության առաջնորդող նախադրյալների հրահրման մեջ որոշակի կապեր կան։ Անկարան հետզհետե սպառում է ներքին-արտաքին հավակնոտ քայլեր առնելու առաձգականության օղակների օգտագործման միջոցները։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031