Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ, ով կրակել, կազմակերպել է երկրի նախագահի վրա հարձակումը, ի՞նչ բարոյական իրավունք ունի հավակնել այդ պաշտոնին. Կարեն Օհանջանյան

Հուլիս 16,2019 18:45

Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին ամիսներին Արցախում հասարակական-քաղաքական կյանքը փոխվել է՝ կապված 2020 թվականին սպասվող նախագահական ընտրությունների հետ: Այլևս չի նկատվում իրադարձությունների այն հանգիստ հոսքը, որը նախորդում էր նախընտրական արշավի սկզբում: Այժմ այն գաղափարների, գաղափարախոսության, թեկնածուների բախում է: Մի կողմից ինձ ուրախացնում է քաղաքացիների ակտիվությունը, որոնք անտարբեր չեն Արցախի ապագայի նկատմամբ, մյուս կողմից՝ շատ անհանգստացած եմ մի խումբ մարդկանց հակասահմանադրական գործողություններով, որոնք հետապնդում են անձնական նպատակներ և հետաքրքրություններ, վտանգի տակ են դնում պետության ազգային անվտանգության համակարգը, մեր ժողովրդի բարոյական արժեհամակարգը, ինչն էլ, իր հերթին, կարող է վտանգել մեր պետության գոյությանը, անկախությանը: Վերջիններիս գործողություններն ինձ անտարբեր չեն կարող թողնել այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում և կարող է ոչնչացնել մեր պետությունը:

Նախ՝ Սամվել Բաբայանի կողմից դրսևորած ակտիվությանը՝ կապված Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նպատակով ստորագրահավաքի կազմակերպման հետ, որն Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց իրավունք կտա առաջադրել թեկնածությունը երկրի ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելու համար, ես վերաբերվել և շարունակում եմ վերաբերվել շատ բացասական, քանի որ գտնում եմ, որ այն մեծ վնաս կհասցնի անկախ պետության գաղափարին և միջազգային ասպարեզում նրա դերին:

Մենք բոլորս պետք է գիտակցենք մի բան, որ նման փոփոխությունն ընդունելով, մենք ընդմիշտ կկորցնենք անկախ հայկական պետություն՝ Արցախ, ունենալու երազանքը: Ընդունելով նման փոփոխությունը՝ մենք ամբողջ աշխարհին կհաստատենք, որ 31 տարի առաջ Արցախում տեղի է ունեցել ոչ թե ազգային ազատագրական շարժում, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների մի մասի անեքսիա: Բացի այդ, Արցախի քաղաքացի չհանդիսացող անձանց կողմից թեկնածության առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում երկրորդ պետականության քայքայման ուղիղ ճանապարհն է: Սա պետք է գիտակցեն այն բոլոր մարդիկ, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ վտանգավոր խաղ է վարում Սամվել Բաբայանը և նրա թիմը: Մյուս հարցը, որն ինձ շատ անհանգստացնում է, դա Սամվել Բաբայանի կողմից երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունն է: Ես նրան համարում եմ նշանավոր հրամանատար և

Արցախի հերոս, որի հմուտ ղեկավարման շնորհիվ, և ոչ միայն նրա, մենք կարողացել ենք հաղթել թշնամուն և պաշտպանել մեր անկախությունը: Որպես իրավապաշտպան, կարծում եմ, որ նա իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը Արցախի նախագահի պաշտոնում, բայց ինձ անհանգստացնում է այդ առաջադրման բարոյական կողմը: Եվ այդ կոնտեքստում ես դեմ եմ Սամվել Բաբայանի մտադրությանը: Մարդ, ով կրակել, ավելին, կազմակերպել է երկրի նախագահի վրա հարձակումը, ի՞նչ բարոյական իրավունք ունի հավակնել այդ պաշտոնին և ղեկավարել երկրի ամենաբարձր պետական պաշտոնը: Դուք պատկերացնում եք, որ Սամվել Բաբայանին երկրի ղեկավարի պաշտոնում ընտրելու դեպքում մենք կհեռացվենք միջազգային հանրությունից:

Չպետք է մոռանալ, որ Սամվել Բաբայանի օրոք Արցախում հաստատված էր ռազմական-քաղաքական դիկտատուրա, ինչը նաև հիշում է միջազգային հանրությունը: Ոչ մի միջազգային ինստիտուտ գործ չի ունենալու մի պետության հետ, որի ղեկավարը կազմակերպել է ահաբեկչություն սեփական ժողովրդի դեմ՝ այն է, ահաբեկչություն ժողովրդի կողմից ընտրված նախագահի հանդեպ: Բոլոր նրանք, ովքեր կողմ են Սահմանադրության փոփոխություններին, պետք է հանգստանան և լինեն գիտակից, որպեսզի երկիրը չտանեն դեպի անդունդը: Ես էլ իմ կողմից կդիմադրեմ ամեն տեսակ պրովոկացիոն գործողություններին, որոնք հսկայական վնաս կարող են հասցնել երկրի ազգային անվտանգության համակարգին:

Կոչ եմ անում ամբողջ հանրությանը և քաղաքական ուժերին ցուցաբերել քաղաքացիական հասունություն և ակտիվություն և կանգնել բոլոր նրանց ճանապարհին, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար երկիրը գլորում են դեպի անդունդը: Արցախում պետք է լինի իրավունքի, ազատության, ժողովրդավարության գերակայություն: Ցանկացած հարց մենք կարող ենք լուծել քաղաքակիրթ ձևով՝ քննարկումների, դեբատների միջոցով, իրար կարծիքները հարգելով: Խորհուրդ եմ տալիս ընդգրկել խոշոր հեղինակավոր մասնագետների՝ իրավաբանների, միջազգային ոլորտի մասնագետների, որոնք մեզ կօգնեն պատվով դուրս գալ սահմանադրական և քաղաքացիական այս ճգնաժամից: Ես հավատում եմ մեր ազգի իմաստությանը և, որ մենք մեր կյանքի այս տխուր ժամանակաշրջանը պատվով հաղթահարելու ենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Երևում է, Բաբայանը շատերին է իրենց «зона комфорта»-ից հանել։

  2. Մանվել says:

    ընթերցեցի Ձեր հոդվածը և հասկացա ,որ տեղ-տեղ էք իրավապաշտպան: Խոսում եք օրենքի գերակայությունից բայց սահմանադրությամբ նախատեսնված ստորագրությամբ հանրաքվե անցկացնելուն դեմ եք: Գործընթացը թող ընթանա և Արցախցիները թող հայտնեն իրենց կարծիքը: Երբ Քոչարյանը դառավ հայաստանի նախագահ չունենալով 10 տարվա քաղաքացիությու Ձեր ձայնը չլսվեց: Հիմա իմ մոտ տպավորություն է որ բոլորը խոսում են օրենքից օրինականությունից բայց իրենց փորի մասին են մտածում

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031