Լրահոս
Օրվա լրահոսը

9 օր ժամանակ գյումրեցի մսավաճառներին․ հնարավոր է կասեցվի շուկայի որոշ տնտեսվարողների գործունեությունը 

Հուլիս 16,2019 18:15

Այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցները՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Մկրտչյանի գլխավորությամբ, դարձյալ պատահական ուսումնասիրություն սկսեցին Գյումրու շուկայի մսամթերքի վաճառման կետերում։

Նախորդ շաբաթ Գյումրու շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում տեղադրված մսի կետերի սանիտարահիգիենիկ նորմերն անձամբ էր զննել Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանն՝ արձանագրելով, որ սարսափելի պայմաններում է վաճառքն իրականացվում․ մասնավորապես չկան սառնարան-ցուցափեղկեր, պահպանված չէ այն շղթան, համաձայն որի` միսը պետք է անասնաբույժի ներկայությամբ մորթվի, անասնաբուժական փաստաթուղթ տրվի, նոր միայն վաճառքի հանվի շուկայում։ Ժամանակավորապես կասեցվել էր մսամթերքի  որոշ կետերի աշխատանքը։

Այսօր ևս շրջայց կատարվեց․ ստուգեցին մսամթերքի վաճառման 11 կետեր։ Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ այն հանձնարարականները, որոնք տրվել էին մսավաճառներին արագ կատարելու համար, հիմնականում կատարվել են։

«Չկար մի տնտեսվարող, որը մեր հանձնարարականն անտեսել էր, թերացել էր կամ ոչ մի բան չէր արել, եթե տեսնեինք, որ ընդհանրապես բան արված չէ, այնտեղ վտանգ կտեսնենք։ Այսօրվա դրությամբ մենք գործառույթ կիրականացնեինք, բայց քանի որ տնտեսվարողներն արդեն անում են այն ամենը, ինչ հանձնարարել ենք և կարողանում են ժամկետի մեջ տեղավորվել, ես վտանգավոր ոչ մի բան չեմ տեսնում»,-ասաց Ալեքսան Մկրտչյանը։

Նա նշեց, որ նախորդ այցի ժամանակ տնտեսվարողների մոտ չկային սառնարաններ, այժմ արդեն կան։

«Մարդիկ կան, որոնք արդեն պատվիրել են սառնարաններ, ասացին, որ մինչև ամսի 25-ը պարտադիր կտեղադրեն, մարդիկ կան, որոնք ասացին՝ վաղվանից այս միսը չենք վաճառի, մինչև սառնարանը բերենք տեղադրենք։ Այսինքն՝ մինչև 25-ը ժամկետի հետ կապված մենք խնդիր չենք ունենում, որպեսզի բոլորը սառնարան ունենան, եթե չունեցան, ապա միանշանակ կասեցվելու է այդ մսի իրացման կետի գործունեությունը»,- ասաց Ալեքսան Մկրտչյանը։

Մենք նաև հետաքրքրվեցինք՝ արձանագրե՞լ ենք դեպքեր, որ շուկայում հայտնաբերած լինեն սատկած կենդանու միս, պաշտոնյան ասաց․ «Եթե անցնում է փորձաքննություն, չի կարող պատահի՝ մտածենք  սատկած կենդանիների միս վաճառելու մասին, այսօր մենք պայմանավորվել ենք փորձաքննական լաբորատորիայի վարիչին տեսնելու, հասկանալու, ինչու չէ՝ նաև տվյալ փորձաքննական լաբորատորիայում դիտարկում իրականացնելու համար»։

Հարցին՝ ինչպե՞ս եք անելու, որ մշտապես զգոն մնան տնտեսվարողները, պաշտոնյան ասաց․ «Ինձ թվում է, մեր հետևողական աշխատանքը բոլոր տնտեսվարողներին զգոն կդարձնի»։

Նա շեշտեց, որ առանց նախազգուշացնելու, պատահական են գալիս ստուգումների։

Ալեքսան Մկրտչյանը նաև ասաց՝ որևէ կասած չունի, որ հուլիսի 25-ից կունենան լավ որակի,  առողջ սնունդ։

«Հուսով եմ ու ինչ-որ տեղ չեմ կասկածում, որ ամսի 25-ին մենք կունենանք լավ որակի, առողջ սնունդ  ու հնարավորություն գնելու այնտեղից, որոնց պայմանները, որոնք պարտադիր են միս-մսամթերք վաճառելու համար, մենք կունենանք»,-ասաց Ալեքսան Մկրտչյանը։

Վերջինս շրջայցի ընթացքում նկատեց, որ մսի վաճառքի կետերից մեկի սառնարանում խոզի ու տավարի միսը իրար վրա է լցված, սակայն պետք է առանձին լինեն։ Նա հանձնարարեց  տեսչության աշխատողներին զբաղվել այս հարցով, բացատրական աշխատանքներ տանել բոլոր տնտեսվարողների հետ։

«Մենք սպառողի կողքին ենք, որպեսզի սպառողը ստանա անվտանգ սնունդ, դրա համար ունենք թեժ գիծ, յուրաքանչյուր խնդիր ծագելու, յուրաքանչյուր հարց առաջանալու դեպքում թեժ գծի հեռախոսահամար կա, որոնք փակցված են մսամթերքի վաճառքի կետերում, խնդրեմ, զանգեք ու կտեսնեք ինչ արագ արձագանք կստանա», -ասաց Ալեքսան Մկրտչյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031