Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ եւ Դավիթ Սանասարյանի միջեւ էմոցիոնալ զրույց է եղել». Դավիթ Հովհաննիսյան

Հուլիս 16,2019 18:00

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանն այսօր դատարանում պատմեց, որ 2016-ի հուլիսի 29-ին ինքը եւ Անդրիաս Ղուկասյանը չեն ծրագրավորել մասնակցել մասսայական միջոցառումների: «Ցերեկը` 2-3-ին, հանդիպել եմ Անդրիաս Ղուկասյանին, զրուցել ենք քաղաքական իրավիճակի մասին, նախօրոք մտադրված չէինք գնալ Ազատության հրապարակ ցույցի, ամսի 20-ի ցույցի ժամանակ ոստիկանները նռնակ էին գցել, վիրավորվել էինք ոտքից երկուսս էլ: Այդ օրերի ընթացքում քիչ էինք հրապարակային միջոցառումների մասնակցում»,- դատարանում պատմեց վկան:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Ըստ մեղադրանքի, Անդրիաս Ղուկասյանը դեռ երեկոյան, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո, մարդկանց կոչ է արել քարեր հավաքել, որոնցով հետագայում պետք է ոստիկաններին խփեին:

Դավիթ Հովհաննիսյանին, ի դեպ, այս գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել, հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Վկան պատմեց, որ Անդրիաս Ղուկասյանի հետ հանդիպումից հետո իջել է քաղաք, Օպերայի շրջակայք` տեսնելու, թե ի՞նչ կա-չկա: «Ութի կողմերը հանրահավաքը սկսվեց: Անդրիաս Ղուկասյանը ուշացումով եկավ, որոշեցինք քայլել հավաքի հետ: Հասանք Նար- Դոս, հետո ժողովուրդը թեքվեց Սարի թաղ: Ես ոստիկանների հետ էի քայլում, նույնիսկ լրագրողների առաջից, հետո ոտքս ցավում էր, հետ ընկա»,- պատմեց վկան: Ըստ նրա, խաչմերուկն անցել է դեպի Խորենացի փողոցի կողմ, հետո երթը թեքվել է Սարի թաղ: Վկայի պնդմամբ, դա եղել է ինքնաբուխ, Անդրիաս Ղուկասյանը չի ուղղորդել եւ կոնկրետ ոչ ոք չի ուղղորդել դեպի Սարի թաղ. «Հնչեց` Սարի-թաղ, Սարի-թաղ ու հասկացանք, որ երթը թեքվեց: Սարի թաղում ոլորանի վրա կանգնեցինք, ժողովուրդը սկսեց իշխանության դեմ կոչեր հնչեցնել: Մարդիկ ելույթներ ունեցան, այդ թվում նաեւ Անդրիաս Ղուկասյանը, բայց ՊՊԾ գունդ գնալու կոչ չի հնչեցրել: Այնտեղից էլ պայթյուններ էին լսվում, հասկանալի էր, որ այնտեղ էլ անհանգիստ վիճակ է, հանդարտության կոչեր են եղել` Անդրիասի, Արմեն Մարտիրոսյանի կողմից: Մի քանի հոգի, ինձ անծանոթ եւ անհասկանալի մարդիկ, ՊՊԾ գնդի տարածք մուտք գործելու կոչեր արեցին, մենք ետ ենք քաշվել, հայտարարություն էլ ենք տարածել, որ խաղաղ ակցիաների կողմնակից ենք: Հետո, ժողովրդի մեջ սկսեցին ոստիկանական նռնակներ պայթել, մարդիկ խուճապի մատնվեցին, հետո ոստիկանությունը ինչ-որ ժամանակ տվեց, հետո սկսեցին դաժանորեն մարդկանց ցրել` արդեն Խորենացի փողոցից: Ես եւ Անդրիաս Ղուկասյանը որոշեցինք իջնել Խորենացի: Էնտեղ նռնակներ նետեցին եւ շատ բռի կերպով` ջարդել-փշրելով, հարձակվեցին մարդկանց վրա: Քաղաքացիական հագուստով ոստիկանները սկսեցին ժողովրդին ծեծել` ոստիկանական մահակներով»: Վկան պնդում է, որ մարդիկ ոստիկաններին չեն ծեծել, չեն պատասխանել, միայն պաշտպանվել են, համենայնդեպս, մինչեւ այն պահը, երբ ինքը եղել է այդ տարածքում: «Ես իջել եմ էդտեղից, մտել եմ մի տուն, էնտեղ շատ մարդիկ էին պատսպարվում ոստիկանության գործողություններից, վիրավոր մարդիկ կային: Մոտ մեկ ժամ ենք էդտեղ մնացել, դուրս ենք եկել, ոստիկանության շղթան արդեն պատել էր Սարի թաղը, բոլորին բռնում էին: Ես իջել եմ քաղաք, կենտրոն, զոքանչիս տուն` կինս էնտեղ էր, հետո գնացել ենք տուն, քնել»,- պատմեց Դավիթ Հովհաննիսյանը:

Ի դեպ, ըստ վկայի, ոստիկանները ավելի ուշ են եկել` ոստիկանության թերացումն էր, թե մտածված ուշացում` ինքը չգիտի:

Վկան նաեւ պատմեց, որ Սարի թաղի ոլորաններում` դեպի Խորենացի փողոց գնալու հատվածում, իր եւ Դավիթ Սանասարյանի միջեւ էմոցիոնալ զրույց է եղել: Ինքն ասել է, որ Սարի թաղ գալը ճիշտ չէր: Ըստ նրա, դա մեկ անգամ եւս փաստում է, որ իրենք տեղյակ չեն եղել Սարի թաղ գնալուց: Դավիթ Սանասարյանը տեղյա՞կ էր՝ դատավորի հարցին, վկան պատասխանեց. «Ընդհանուր խոսակցություն է եղել, որ դա ճիշտ չէ ու մենք ուզում էինք ասենք, որ իջնում ենք Խորենացի ու խառնաշփոթը սկսվեց»: Վկան կրակահերթեր լսել է, բայց ավելի ուշ եւ ավելի մոտիկից: Հանրահավաքի առաջին գծում, ըստ Դավիթ Հովհաննիսյանի, քարերի կույտեր չեն եղել, որեւէ հրահանգ` քարեր հավաքել եւ դրանցով ոստիկաններին խփել, չի լսել: Անդրիաս Ղուկասյանը բռնության կոչեր չի արել: «Լրագրողները մի քանի մետր շառավղով այդ տարածքում էին, եթե նման կոչ լիներ, տեսախցիկներն անպայման կարձանագրեին»,-ասաց նա: Անդրիաս Ղուկասյանը, վկայի պնդմամբ, նաեւ Ազատության հրապարակում չի առանձնացել, չի զրուցել, որպեսզի մարդկանց բռնության կոչեր աներ, ասեր` քարեր հավաքեք, որ ոստիկաններին խփեք:

Դավիթ Հովհանիսյանը հիշեցրեց, որ քննարկումներում եւ հրապարակային ելույթներում իրենք միայն առաջարկել են հավաքների տեղը փոխել` տանել Բաղրամյան փողոց եւ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականն` արտահայտել հասարակության ակտիվ հատվածի դիրքորոշումը:

Նա նաեւ ասաց, որ «Սասնա ծռերի» հետ միայն «Նոր Հայաստան» հարթակում են քաղաքական համագործակցություն ունեցել: Բայց ՊՊԾ-ի իրադարձությունների ժամանակ դեմ են արտահայտվել թե իրենց, թե առհասարակ զինված գործողություններին եւ այդ օրերին առաքելություն են ստանձնել` համախմբել մարդկանց եւ թույլ չտալ իշխանության ներկայացուցիչների հետ բախումներ: «Սասնա ծռերին» միանալու եւ պատանդներին պահելու որեւէ տարբերակ անգամ չի եղել: «Ոտքի Հայաստանի» որդեգրած դիրքորոշումը խաղաղ քաղաքացիական եւ քաղաքական դրսեւորումն է եղել, մենք միշտ ենք նման կոչերով հանդես եկել, քաղաքական ուժերին էլ կոչ ենք արել բռնությունը բացառելու հուշագիր ստորագրել»,- ասաց վկան:

Հաջորդ նիստին դատարանը կլսի լրագրողներ Մարիամ Գրիգորյանի եւ Սարգիս Խարազյանի վկայությունները:

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 10-ին, ժամը 11.00-ին, քանի որ դատարանն արձակուրդ է գնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031