«Գեղամ Սահակյանը բացարձակ սուտ ցուցմունք է տվել»,- այսօր դատարանում հայտարարեց Անդրիաս Ղուկասյանի գործով վկա, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Տիգրան Առաքելյանը: Նիստը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանին վկայի հայտարարությունը դուր չեկավ: «Թողեք մենք գնահատենք, դա ձեր գնահատման խնդիրը չի»,- վկային սաստեց դատավորը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Անդրիաս Ղուկասյանի դեմ ցուցմունք է տվել «Հիմնադիր խորհրդարանի» նախկին անդամ Գեղամ Սահակյանը: Այս փուլում, դատարանը լսում է պաշտպանական կողմի դատակոչած վկաներին:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Տիգրան Առաքելյանը դատարանում հայտարարեց, որ Գեղամ Սահակյանը վստահություն չէր ներշնչում ի սկզբանե: Դատախազի հարցին պատասխանելով, վկան իր տպավորությունն այսպես հիմնավորեց. «Քիթը բարձր էր պահում, ինչ-որ բաների մեջ էր խոթում, որ իրեն չէր վերաբերվում»: Վկան պատմեց, որ մինչ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք առաջադրելը, ինքը հանդիպել է Գեղամ Սահակյանի հետ, վերջինիս հորդորով: Գեղամ Սահակյանը վկային ասել է, որ իրեն ոստիկանությունից են այցելել. «Ասում են ապացույցներ կան, ձայնագրություններ կան, մի խոսքով Անդրիասի դեմ պետք ա սուտ ցուցմունք տաս, թե չէ քեզ կտանենք` կփակենք»: Տիգրան Առաքելյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ ձայնագրությունների մասին է խոսքը: Գեղամ Սահակյանը պատմել է, որ Երզնկյան փողոցում գտնվող «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում հանդիպել է Անդրիաս Ղուկասյանի հետ, Սարի թաղի բնակիչների խնդիրներով: «Ես էլ ասեցի, թե ձայնագրություն կա, ինչո՞ւմ ա խնդիրը, որ էս օրն ես ընկել, թող հրապարակվի, գործն էլ կպրծնի` կգնա»,- դատարանում պատմեց Տիգրան Առաքելյանը` պնդելով, որ այլ բնույթի ձայնագրությունների կամ խոսակցությունների մասին Գեղամն իրեն ոչինչ չի ասել: Ըստ վկայի, այդ օրը Գեղամ Սահակյանը դրական է արտահայտվել Անդրիաս Ղուկասյանի մասին, ասել է, որ «չի ուզում վատություն անի, որ էդ տղեն նստի»: Մինչդեռ հաջորդ հանդիպման ժամանակ 180 աստիճանով այլ կարծիք է հայտնել Անդրիաս Ղուկասյանի մասին:
Կարդացեք նաև
Տիգրան Առաքելյանը նաեւ պատմեց, որ Գեղամ Սահակյանի հետ իր խոսակցությունից հետո, ինքը հանդիպել է Անդրիաս Ղուկասյանի շահեր պաշտպան Կարեն Մեժլումյանի հետ. «Ես էլ Մեժլումյանին ասեցի, որ Գեղամը գործակալ ա, սուտ ցուցմունք էլ կտա, ամեն ինչ էլ կանի: Հետո մամուլում եղել է Գեղամի հարցազրույցը, որ Անդրիաս Ղուկասյանն ուզում է իր գլխին սարքի»: Հետո, այլ հեռախոսից Գեղամ Սահակյանը զանգել է վկային, խնդրել հանդիպել ու ասել, քանի որ «Անդրիասն իր գլխին ուզում է սարքել»: Մի քանի օր անց Գնունու շուկայում են հանդիպել: «Ասաց, որ Անդրիասն իր գլխին ուզում է սարքել, ես էլ ասացի` բա ասում էիր ձայնագրություններ կան, ի՞նչ խնդիր: Ասեց` ի՞նչ ձայնագրություն, ի՞նչ բան, ոչ մի բան էլ չկա: Հետո սկսեց գոռգոռալ, սադրել, ես էլ խոսակցությունը փակեցի, թողեցի հեռացա»:
Դատախազը հետաքրքրվեց` ինչո՞ւ է վկան Գեղամ Սահակյանին գործակալ համարել: «Հիմնադիր խորհրդարանն» էլ էր հայտարարություն տարածել, որ գործակալ է: Հուլիսի 30-ին իր հարցազրույցում ասել էր, որ եթե իմանայի տղերքի ՊՊԾ գունդ գրավելը`կկանխեի: «Ինքը ոչ մի բան էլ չէր կարա աներ»,- եղավ պատասխանը, որը զարմացրեց դատավորին. «Այսինքն, եթե մարդը կարծիք է հայտնել, գործակա՞լ է»:
Դատախազը հետաքրքրվեց նաեւ, թե պաշտպանի հետ ի՞նչ է խոսել վկան: Հարցը Կարեն Մեժլումյանին դուր չեկավ, նա առարկեց` ասաց դա փաստաբանական գաղտնիք է: Դատավորը չընդունեց առարկությունը, բայց դատախազը հարցը հանեց: Ասաց` արձագանքներից իր հարցի պատասխանն արդեն ստացավ:
Ի դեպ, ավելի ուշ, Գեղամ Սահակյանի գործակալ լինելու մասին հայտարարեց նաեւ վկա Դավիթ Հովհաննիսյանը` նույնպես վկայակոչելով «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարությունը:
Պաշտպան Կարեն Մեժլումյանը վկային հարցրեց` Անդրիաս Ղուկասյանի եւ Գեղամ Սահակյանի հարաբերություններն այնպիսի՞ն էին, որ Անդրիասը Գեղամին կարող էր դրդել ծանր հանցագործությունների: Դատավորն առարկեց` նկատելով, որ ենթադրական բնույթի հարց է: «Ամբողջ մեղադրականը դրա վրա է»,- նետեց պաշտպանը: Դատավորը հարցը վերաձեւակերպեց` Անդրիաս Ղուկասյանը հանձնարարություն կամ ցուցում տվե՞լ է Գեղամին: Վկան ասաց` որ նման բաներ չեն եղել: Կապը եղել է Դավիթ Հովհաննիսյանի միջոցով. «Պետք է հուլիսի 29-ին գրասենյակում հանդիպեինք, սուրճ խմեինք, իմանայի Անդրիասի առողջության մասին, քանի որ վատառողջ էր: Բայց պարզվեց երթի են` Նար- Դոսով պետք է գնան եւ ետ գան Խորենացի: Ասեցի` բա ո՞նց: Դավիթն ասեց` դե էդպես ստացվեց: Ես գնացի Խորենացի, որ էնտեղ իրենց հանդիպեմ: Հետո իմացա, որ Սարի թաղում են, ասեցի բա ինչո՞ւ, Դավիթն ասեց` դե ժողովուրդն էսպես եկավ, մենք էլ»:
Լրատվամիջոցների հրապարակումներից վկան իմացել է, որ ոստիկաններն ինչ-որ դեղեր են գցում իրենց բերանները եւ բարձրանում Սարի թաղ: Զանգահարել է Դավիթ Հովհաննիսյանին եւ ասել դա: Վկան ավելի ուշ իմացել է, որ ոստիկանությունը լուսաձայնային հատուկ միջոցներ է կիրառում, հետո իմացել է, որ Անդրիաս Ղուկասյանին են ձերբակալել, հաջորդ օրն էլ իմացել է, որ Դավիթին են ձերբակալել:
Վկան ասաց, որ իր ճանաչած մարդկանց մեջ Անդրիաս Ղուկասյանը եզակի ազնիվ, բարոյական, ընկերասեր, հայրենասեր անձ է, բացասական բան ասել չի կարող, եւ բացառում է, որ նրան մեղսագրվող հանցագործությունները համապատասխանում են իրականությանը: Մանավանդ, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռությունն իր գործելաոճում ի սկզբանե բացառել է բռնություններն ու անօրինական գործողությունները:
Վկան ասաց նաեւ, որ Անդրիաս Ղուկասյանը «Սասնա ծռերին» միանալ երբեւէ չի ցանկացել, իրենց գաղափարական մոտեցումներն էլ տարբեր են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ