Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում ենք քաղաքական ուժերին ու անհատ գործիչներին մերժել Հայաստանին Արցախի միացման գաղափարը բովանդակախեղելու և նենգափոխելու ոտնձգությունները. Հայկական ընտրություն

Հուլիս 16,2019 18:10

Մենք՝ արցախյան հիմնախնդրի իրավաքաղաքական հայեցակարգի մշակման և կենսագործման ասպարեզում տևականորեն ներգրավված գործիչներս, մտահոգված լինելով Հայոց պետական միասնությունը տրոհելու շարունակական փորձերով, արտաքին քայքայիչ միջամտությունների աշխուժացմամբ և Միացման հայեցակարգի նենգափոխման ակնառու ոտնձգություններով,

Հաստատում ենք․

Հայությունն, ի դեմս իր միակ պետականության, հայրենի ողջ տարածքի նկատմամբ ունի հայրենատիրության բնական, անբեկանելի և անժամանցելի իրավունք: Հայրենի ողջ տարածքի վրա ազգային֊պետական ինքնիշխանության վերականգնումը՝ Հայոց կենսունակ պետականության հարատևման և հայ ժողովրդի գոյատևման երաշխիքն է։

Արցախահայության վճռական կամքով և համայն հայության աջակցությամբ՝ Արցախը գրեթե 30 տարի՝ 1989 թ․ դեկտեմբերի 1֊ից, փաստացի և իրավականորեն Հայաստանի Հանրապետության մաս է, որը երահաստատվել է 1990 թ. օգոստոսի 23֊ի Անկախության հռչակագրով և, որպես այդպիսին, անկախացել է ԽՍՀՄ֊ից` լինելով Հայաստանի Հանրապետության կազմում։ Ի լրումն դրա՝ Արցախի՝ Հայաստանի Հանրապետության մաս լինելն ամրագրված է նաև Ազգերի Լիգայի 1920 թ․ փետրվարի 24֊ի հատուկ զեկույց֊-առաջարկով։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը 1991 թ․ սեպտեմբերի 2֊ին և այսպես կոչված անկախության հանրաքվեն նույն թվականի դեկտեմբերի 10֊ին՝ ԽՍՀՄ միութենական հանրապետությունների ինքնորոշման մասին 1990 թ․ օրենքին համապատասխանելու անհաջող փորձեր էին, որոնք հապճեպորեն թելադրվել են պաշտոնական Երևանի կողմից և որևէ դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես անկախացում Հայաստանի Հանրապետությունից։

Ըստ այդմ խստագույնս մերժելի են․

-Արցախը երկրի ներսում և արտաքին հարաբերություններում Հայաստանի

Հանրապետությունից առանձին պետություն ներկայացնելը՝ «երկրորդ հայկական պետության» կեղծ կաղապարով,

– Արցախի միացումը Հայաստանին իբր իրավականորեն չկայացած կամ հետագա զարգացումներով չեղարկված հայտարարելը,

– Միացման գաղափարը անորոշ ապագային և/կամ այլոց որոշումներին վերապահելը, որն ըստ էության խորացնում է ներազգային պառակտումը և Արցախը Հայաստանին հակադրելուն միտված արտաքին միջամտությունների առիթ է տալիս,

– Միացմանը հասնելու պատրվակով՝ Արցախը երևութական սուբյեկտայնությամբ օժտելու նկրտումները՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը հորիզոնական հարթության վրա զետեղելը և «երկկողմանի» ռազմաքաղաքական դաշինքներ կնքելու անհեթեթ փորձերն ու մտավարժանքները։

Միացման իրավաքաղաքական հայեցակարգից բխող միակ քաղաքական օրակարգը ենթադրում է․

– Միացման հիմքում ընկած հիմնարար պետականաստեղծ ակտերից բխող սկզբունքների վերամրագրումը և հետևողական կենսագործումը,

– Միացման իրողությունը ստվերող, դրան անհամահունչ կամ հակասող բոլոր ապօրինի և հակասական իրավակարգավորումների անհապաղ վերանայումը,

– Արցախաբնակ ՀՀ քաղաքացիների՝ համապետական ընտրություններին մասնակցելու սահմանադրական ոտնահարված իրավունքի վերականգնումը։

Ներքոստորագրյալներս հաստատակամորեն հորդորում ենք, որ ազգային և պետական միասնականությանը հետամուտ քաղաքական ուժերն ու անհատ գործիչները, գիտակցելով Հայաստանին Արցախի միացման իրավական ամբողջացման գոյաբանական հրամայականը և բախտորոշ նշանակությունը, մեզ հետ միասին, աչալուրջ հետևողականությամբ մերժեն Միացման գաղափարը բովանդակախեղելու և նենգափոխելու բոլոր ոտնձգությունները։

Արմեն Աղայան

Հրաչ Եղիազարյան

Տիգրան Կյուրեղյան

Արմեն Հովհաննիսյան

Հայկ Մարտիրոսյան

Արա Պապյան

Ալեքսանդր Քանանյան

 

Հայկական ընտրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Բավական նկատելի է դարձել, որ միացման վրա պնդում են այսօր ավելի շատ անդրօվկիանոսյան շահերը սպասարկող մարդիկ։ Ստացվում է, որ բնիկ ղարաբաղցիներից շատ արտաղարաբաղյան ուժերն են մտահոգվում Ղարաբաղի ապագայով։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031