Aravot.am-ը Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանից, որն այսօր մասնակցում էր «Աջակցություն Հայաստանում սնանկության համակարգի բարելավմանը» ծրագրի ներկայացմանը, հետաքրքրվեց՝ օրենքը բարեփոխելուց հետո՝ այլեւս հնարավորություն չե՞ն ունենալու բիզնեսը միտումնավոր տանել սնանկացման՝ ինչպես որ նախկինում էին անում:
Հիշեցրինք «Հայկական ավիաուղիների» դեպքը, կառուցապատողների, որոնք պետք է բնակիչներին ապահովեին բնակարաններով եւ այլ դեպքեր: Մեր դիտարկմանը, թե մասնագետները պնդում էին, որ Սնանկության մասին օրենքն էլ սողանցքներ ուներ, փոխնախարարն ասաց, որ ցանկացած երկրում օրենքի չարաշահումները կան եւ հնարավոր չէ ասել՝ այնպես կփոխենք, որ բացարձակ չարաշահումներ չլինեն. «Օրենքի նպատակն ավելի շատ այն է, որ ոչ թե չարաշահումներ չլինեն, այլ, որ ստեղծենք այնպիսի համակարգ, որ մասնավորը մասնավորի հետ աշխատելիս ավելի պարզ հասկանա: Այսինքն՝ եթե ինչ-որ բան չստացվեց՝ ինչ է պետք անել: Ինքը պետք է լինի արագ, պարզ, հասկանալի, մատչելի»:
Ավագ Ավանեսյանի խոսքով, օրենքը բարելավելու նպատակն ավելի շատ ուղղված է ներդրումային միջավայրի բարելավմանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Փոխնախարարի համոզմամբ, սնանկության կառավարիչների արդյունավետությունը պետք է բարձրացնել: Ըստ նրա, հարցումները պարզել են, որ տնտեսվարողները տեղեկացված չեն սնանկացման ընթացակարգերից եւ իրենց իրավունքներից. «43 տոկոսը տնտեսվարողների, որոնք անցնում էին սնանկացման գործընթացով, տեղեկացված չէին, որ իրենք կարող են անցնել առողջացման գործընթացով»:
«Կառավարիչը կարող է հրաժարվել սնանկության գործից, եթե կասկածներ ունի իր կոմպետենտության վերաբերյալ»,-ծրագիրը ներկայացնելիս նշեց արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Դադունցը:
Նրա խոսքով, պետք է մտածել վարքագծի ունիվերսալ կանոնների մշակման մասին. «Որքան էլ մենք վստահում ենք ինքնակարգավորվող կազմակերպությանը, ընկերությանը, սակայն, կարծում ենք, որ պետք է որոշակի հստակ ուղղություններ մատնանշվեն, որոնց պետք է համապատասխանեն ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից մշակվելիք վարքագծի կանոնագրքեր»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ