Կլիմայի փոփոխությունը սպառնալիք է Սևանա լճի համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով «կլիմայի տնտեսմանը» և էներգետիկ արդյունավետությանը նվիրված համաժողովում:
Համաժողովը տեղի է ունեցել բարձր մակարդակով, կայուն զարգացման քաղաքական ֆորումի շրջանակում:
Ավինյանը, մասնավորապես, նշել է, որ կլիմայի փոփոխությունը կտրուկ ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:
«Կլիմայի փոփոխությունից առավել տուժած մասը Սևանա լիճն է: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ մենք ունենք լիճը կորցնելու հեռանկար»,- ասել է Ավինյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի իշխանություններն աշխատում են ուղիներ փնտրել խնդրի լուծման համար: «Եվ առաջին հերթին մենք փորձում ենք բարձրացնել լճի ջրի մակարդակը՝ մոտավորապես 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ ավելի շատ ջուր է անհրաժեշտ լճում»,- ասել է նա:
Ավինյանը նշել է, որ դրա շնորհիվ սառը ջրի մակարդակը կլինի ավելի ցածր, ինչը թույլ կտա պահպանել Սևանը որպես լիճ, համենայն դեպս մոտ ապագայում:
«Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, դա զգում են նաև ֆաունան և ֆլորան,- ասել է փոխվարչապետը:- Կարծում եմ, Հայաստանում երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին, մինչև որ այն չհարվածեց հենց երկրի սրտին: Այժմ մենք հասկանում ենք, որ սրանք շատ լուրջ հարցեր են: Շրջակա միջավայրի խնդիրները, ցավոք, անդառնալի հետևանք են ունենում: Ուստի մենք այժմ մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ