Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էմիլ Տարասյանը` Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորման, մշակութային եւ այլ նախաձեռնությունների մասին. (Տեսանյութ)

Հուլիս 16,2019 17:00

Նախագահական նստավայրում պարբերաբար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, վերջերս էլ այստեղ հյուրընկալվել էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերն ու մասնակիցները: Aravot.am- ը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս առաջացավ նման միջոցառումների անցկացման գաղափարը, և առաջիկայում մշակութային ինչպիսի՞ նոր իրադարձություններ են սպասվում:

«Այդ նախաձեռնությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանինն է: Երբ Մաշտոց 47 հասցեից տեղափոխվեցինք Բաղրամյան փողոցում գտնվող նստավայր, տեղի շենքային պայմանները հնարավորություն տվեցին ավելի ընդլայնվել եւ նոր նախաձեռնություններով հանդես գալ` Նախագահի նախաձեռնությամբ մասնավորապես շեշտադրում կատարելով ազգային մշակույթի քարոզմանը: Այս համատեսքստում իրականացվեց Նախագահական համերգաշրջանը, որի մեկնարկը տրվեց հանրահայտ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով, այնուհետեւ տեղի ունեցավ հայկական ռոմանսների երեկո: Հրավիրված էին եւ պետական գերատեսչություններից, եւ մշակութային գործիչներ` Երեւանից ու մարզերից: Բավականին հետաքրքիր ու դրական արձագանքներ ստացանք, եւ դրանց հիման վրա որոշվեց, որ այդ ամենը շարունակական բնույթ է կրելու:

Էմիլ Տարասյանը

Առաջիկայում նախատեսվում է նոր ծրագրերի իրականացում` ոչ միայն մշակութային, այլեւ գիտական, գիտաուսումնական, այդ թվում` գիտաժողովներ, լուսանկարչական եւ գեղանկարչական ցուցահանդեսներ եւ այլն: Աշնանը նախատեսում ենք իտալական խճանկարների ցուցահանդես, կներկայացվեն հանրահայտ գործեր, որոնք հասանելի կլինեն հանրությանը»,-ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Նաեւ մանրամասնեց, որ արդեն իտալական խճանկարների ցուցահանդեսի իրականացման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Հավելեց, որ նախատեսում են նաեւ երկարաժամկետ ցուցադրություններ, բակային տարածքի օգտագործում` ցուցադրությունների նպատակով, որպեսզի հանրության լայն շրջանակին հասանելի լինեն մշակութային միջոցառումները:

Անդրադառնալով Նախագահական ինստիտուտի նոր առաքելությանը, գործունեությամբ կարծրատիպեր կոտրելուն (մշակութային միջոցառումներ, երեխաների հաճախակի այցեր, բաց այգի եւ այլն)` հետաքրքրվեցինք` սա ռազմավարական մոտեցո՞ւմ է, թե՞ պարզապես ընթացիկ միջոցառումների շարք:

«Այդ հարցը պետք է դիտարկել Սահմանադրությամբ երկրի Նախագահի ինստիտուտի եւ խորհրդարանական կառավարման համատեքստում: Նախագահական ինստիտուտները խորհրդարանական կառավարման ներքո հիմնականում կրում են ներկայացուցչական բնույթ, իրականացվում է նաեւ ազգային արժեքների քարոզչություն: Այսինքն, այդ առաքելությունը դրված է մեզ վրա: Որպեսզի կարողանանք ինստիտուցիոնալ եւ հաստատուն հիմքերի վրա դնել խորհրդարանական երկրում Նախագահական ինստիտուտի կայացումը եւ հետագա զարգացումը, Նախագահի աշխատակազմի կողմից կարեւորվել եւ նախաձեռնվել է նաեւ ռազմավարության մշակումը: Ռազմավարություն, որտեղ տեղ են գտնում Նախագահի ինստիտուտի տեսլական առաքելությունը, ռազմավարական նպատակները, դրանց իրագործման համար սահմանվում է գործողությունների պլան` միջնաժամկետ եւ կարճաժամկետ, որովհետեւ Նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով եւ շատ կարեւոր է, որպեսզի շարունակական զարգացում ապահովելու համար սահուն անցում կատարվի Նախագահի նոր ընտրությունից հետո, աշխատակազմի աշխատանքը դրանից չտուժի եւ էլ զարգանալու հնարավորություններ ունենա:

Դրա համար շատ կարեւոր է, որ հենց ամենասկզբից ցուցաբերենք ռազմավարական մոտեցում եւ ուղղորդված հետեւողական աշխատանք կատարվի: Դա ենթադրում է նաեւ անձնակազմի որակավորման բարձրացման աշխատանքներ, նոր տեխնոլոգիաներ եւ նորարարական մոտեցումներ` կառավարման գործում եւ նմանատիպ այլ մեթոդների կիրառում, որի արդյունքում հասարակության կողմից էլ ավելի կմեծանա վստահությունը դեպի Նախագահական ինստիտուտը»,-պատասխանեց Էմիլ Տարասյանը:

 

Զինհաշմանդամներին ընդգրկելու, բացառիկ վավերագրերը հանրամատչելի դարձնելու ու սելֆիների մասին

 Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ իրենց մոտ աշխատանքի ընդունված՝ զինվորական ծառայության ժամանակ վիրավորում ստացած զինծառայողներին, հարցրինք, թե ինչ նպատակով է նման քայլ արվել:

«Դա հերթական նախաձեռնություններից մեկն է` «Հայրենիքի պաշտպանը»: Այս նախաձեռնության նպատակն է զինվորական ծառայության ժամանակ իրենց կյանքը վտանգած զինհաշմանդամները կարողանան ինտեգրվել մեր հասարակության մեջ, ունենան աշխատանք, լուծեն իրենց սոցիալական խնդիրները:

Այդ նախաձեռնությունը հայտարարվեց անցած տարի` Հանրապետության նախագահի կողմից, եւ հիմա ընթացքի մեջ է: Նախագահի աշխատակազմը իրավաբանական եւ նախաձեռնությունների վարչությունների աշխատանքներում հաշմանդամություն ունեցող 3 զինծառայողների է ընդգրկել: Փորձը ցույց է տալիս, որ իրենց քաջությունը ծառայության եւ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած մարդիկ բավականին արդյունավետ աշխատում են քաղաքացիական կյանքում եւ մեծ արդյունքների են հասնում»,-ասաց մեր զրուցակիցը: Նա փաստեց, որ ԱԻՆ-ի կողմից եւս նման աշխատաոճ է պահպանվում, ԱԱԾ-ի կողմից էլ է նման նախաձեռնություն իրականացվում, նաեւ հույս հայտնեց, որ մնացած այլ պետական եւ մասնավոր կառույցները եւս նման նախաձեռնություններով հանդես կգան:

Քանի որ մարտ ամսից Մաշտոցի 47 հասցեից Նախագահի աշխատակազմը տեղափոխվել է Բաղրամյան 26, Նախագահի աշխատակազմի ղեկավարին հարցրինք, թե ի՞նչ փոփոխություններ եք կատարել շենքում:

«Տեղափոխվելով Բաղրամյան փողոցում գտնվող նստավայր, նախ աշխատանքային պայմանները բարելավվեցին, ինչի արդյունքում մեծացավ աշխատանքի օպերատիվությունը, կանոնակարգվածությունը, կարողացանք, օրինակ, քաղաքացիների դիմում-բողոքներին ավելի խորքային, բովանդակային արձագանքել:

Նաեւ աշխատանքային պայմանները հնարավորություն տվեցին նոր նախաձեռնություններով հանդես գալ, դահլիճային տարածքներն արդյունավետ օգտագործել եւ ինչպես արդեն նշեցի` նպաստել Նախագահի ինստիտուտի վերաարժեւորման կայացմանը»:

Հետաքրքրությանը` ամեն ոք կարո՞ղ է ազատորեն մուտք գործել ու սելֆի անել Նախագահականում, ինչպես վերջերս աղմուկ հանած տեսանյութում էր, Էմիլ Տարասյանը պատասխանեց. «Նախագահի աշխատակազմը բաց քաղաքականություն վարելով հանդերձ` երբեք չի մոռացել անվտանգության խնդիրների մասին: Երբ այս տարվա մարտ ամսին տեղափոխվեցինք նոր շենք, առաջնային խնդիրը, որ հաստատեցինք ԱԱԾ-ի հետ, դա մեր ռեժիմի կարգն էր: Հստակ ամրագրված է, թե դարպասները որ ժամին պետք է բացվեն ու փակվեն: Դարպասները աշխատանքային օրերին բացվում են 18:00-22:00-ը: Չնայած որ այդ ժամերին մուտքն ազատ է հարակից տարածքում, դա չի նշանակում, որ մուտքն ազատ է նաեւ վարչական շենքում, եւ այն անցակետը, որը գործում էր եւ հիմա էլ գործում է դարպասների կողքին, անվտանգությունից ելնելով՝ գործում է նաեւ շենքի ներսում, դա հնարավորություն է տալիս նույն անվտանգության ապահովումն իրականացնել առանց քաղաքացիների մուտքը խոչընդոտելու:

Ասեմ նաեւ, որ ձմեռային ռեժիմից անցում կատարեցինք ամառային ռեժիմի, ու բացի նրանից, որ դարպասները բաց են 18:00-22:00-ը, նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 12:00-22-ն են բաց: Բայց վարչական շենքի մուտքը փակ է եւ հսկվում է անվտանգության ծառայության կողմից: Մեր դահլիճները եւս փակի տակ են: Դրանք բացվում են միայն միջոցառումների ժամանակ: Մնացած դեպքերում ելումուտն իրականացվում է հստակ կանոնակարգման համաձայն, մուտքը բջջային հեռախոսներով թույլատրվում է բացառիկ դեպքերում: Հետեւաբար ես կարող եմ վստահաբար ասել, որ բացառվում են նման դեպքերը»:

Էմիլ Տարասյանը եւ Լիպարիտ Մելքոնյանը:

Ամփոփելով ասվածը` Էմիլ Տարասյանը նշեց, որ ունեն բազմաթիվ այլ նախաձեռնություններ, որոնք իրականացվում են Նախագահի աշխատակազմի կողմից, ինչպես, օրինակ, տեխնոլոգիական ոլորտում նախաձեռնությունները. «Հանրապետության նախագահը լինելով ֆիզիկոս` շատ մոտ է տեխնոլոգիական ոլորտին, եւ ինչպես Կառավարությունն է գերակա հայտարարել տեխնոլոգիական ոլորտը, մենք նույնպես աջակից ենք լինում այդ քաղաքականությանը: Օգտագործելով իր անձնական կապերը` Հանրապետության նախագահը փորձում է օգտակար լինել:

Շատ կարեւոր նախաձեռնություն է Մատենադարանը` հին ձեռագրերի պահպանման տարածաշրջանային կենտրոն հռչակելու Նախագահի նախաձեռնությունը: Նախագահը մեծ սեր է տածում Գյումրու հանդեպ: Նախագահն ունի պայմանավորվածություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ, որպեսզի Գյումրու կենտրոնը լինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող տարածքներից մեկը:

Էմիլ Տարասյանը նաեւ հայտնեց, որ տարվա կտրվածքով 1475 դիմում են ստացել քաղաքացիներից, փաստեց, որ եթե նախկինում դիմումների գերակշիռ մասը ֆինանսական աջակցություն ստանալուն էր վերաբերում, կային նաեւ դիմումներ, որոնք Նախագահի ինստիտուտի հետ առնչություն չունեին, այժմ դրանց բնույթը փոխվել է եւ ավելի առարկայական դիմումներ են ստանում: Հավելեց, որ մեծաթիվ են Նախագահի աշխատակազմին օժանդակելու եւ աշխատանքի տեղավորվելու վերաբերյալ առաջարկությունները: «Բոլոր նամակներին պատասխանում ենք, ձեւավորել ենք կադրային շտեմարան: Ովքեր ցանկանում են ընդգրկվել մեր աշխատանքներում, իրենց տվյալները տեղ են գտնում մեր շտեմարանում, ըստ անհրաժեշտության դրանք դիտարկում ենք, եւ հնարավորության դեպքում առաջարկներ ենք ներկայացնում այն անձանց, որոնք ցանկություն են հայտնել ներգրավել մեր աշխատակազմում»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Խոսեցինք նաեւ Նախագահական նստավայրի կենտրոնական մուտքի ճեմասրահում տեղադրված ստենդներից եւ նրանցում ամփոփված պատմական պարունակությունից` Առաջին հանրապետությունից մինչեւ մեր օրերին վերաբերող վավերագրեր, նախագահներին տրված նվերներ, բացառիկ ցուցանմուշներ, փաստաթղթեր: Դրանք նախկինում մատչելի չեն եղել բոլոր այցելուների համար, իսկ այժմ, Էմիլ Տարասյանի խոսքերով, հատուկ մշակված ծրագրերի շնորհիվ կմատուցվեն աշակերտներին: «Անչափ կարեւոր է, որ նոր սերունդը ծանոթանալով պատմությանը` հարգանք ունենա պետական խորհրդանիշների եւ պետական ինստիտուտների հանդեպ»:

Զրուցեցինք նաեւ Նախագահի աշխատակազմում Նախաձեռնությունների վարչությունում աշխատանքի անցած Լիպարիտ Մելքոնյանի հետ, որը զինվորական ծառայության ընթացքում վիրավորում էր ստացել: Նա նշեց, որ զբաղվում է քաղաքացիներից դիմում-բողոքներով ու առաջարկություններով, կոորդինացնում է նաեւ Նախագահի կողմից հայտարարված «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը:

Լիպարիտ Մելքոնյանը` վարչության աշխատակիցների հետ:

«Ծրագիրը շատ կարեւոր է, քանի որ այն ուղղված է զինհաշմանդամներին եւ շեշտը դրվում է նրանց աշխատանքի տեղավորելու վրա: Ծրագիրը կարեւոր է ինչպես զինհաշմանդամների զբաղվածության հարցը լուծելու առումով, այնպես էլ նրանց կատարած աշխատանքի օրինաչափ գնահատականն է Հանրապետության գլխի` Նախագահի կողմից: Զինհաշմանդամների մոտ դա հոգեբանական լուրջ խնդիր է լուծում, իրենք գնահատված են զգում: Շատերն ունեն կրթություն, ու «Հայրենիքի պաշտպան» ծրագրով կարող են աշխատանք ունենալ եւ արժեւորված զգալ»,-հայտնեց Լիպարիտը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Մանրամասները՝ տեսանյութում

 Լուսանկարները` Դավիթ Հակոբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031