Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Երթևեկության նշանները գողանում են, օրինակ՝ թոնրի կափարիչ սարքում. Պողոս Շահինյան

Հուլիս 16,2019 16:10

«Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լեւոն Հարությունյանի կարծիքով՝ ոչ մի օրենքի նախագիծ չի աշխատի, եթե ճանապարհային ոստիկանությունը մոտիվացված չաշխատի: «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր վարորդների՝ իրար հարգելու մշակույթ էլ չկա Հայաստանում:

Ըստ նրա՝ այն վարորդները, որոնք պարզապես խախտում չեն անում, նրանց համար միևնույն է՝ տեսախցիկների թիվն ավելանում է, թե նվազում. «Հիմա փողոցներում անպատժելիություն է տիրում, և եթե չլինի պատժող մեխանիզմը, ոչ մի բալային համակարգ խնդիրը չի լուծելու: Եթե բալային համակարգը մտցրինք, բայց ճանապարհային ոստիկանությունը պասիվ եղավ, ոչինչ չի փոխվելու: Էլի նույնն է շարունակվելու: Հիմա համակարգային կոռուպցիա չկա, ստացվում է՝ ոստիկանները մնացել են աշխատավարձի վրա և այն բենզինի, որ ստանում են պետությունից: Նրանք ստանում են տասը լիտր բենզին, ինչը քիչ է: Եթե ուզում ես օրինազանց վարորդին բռնել, կարող է ոստիկանը ծախսի վեց-յոթ լիտր բենզին ու հետո կանգնած մնա»:

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած հանդիպումից. «Արդեն տևական ժամանակ ՀԿ-ների և քաղաքական ակտիվ դրսևորում ունեցող անձանց հետ քննարկվում էր օրենքի նախագիծ ճանապարհային երթևեկության բարեփոխումների մասին: Եղավ առաջարկ հանդիպել վարչապետի հետ, մեկ օր անց ընդլայնված կազմով հանդիպեցինք վարչապետին: Պետք է սահմանենք ճանապարհային անվտանգության հայեցակարգ և սահմանենք, թե ով է պատասխանատու տվյալ ծրագրերի իրականացման համար: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացնի այն բարեփոխումների ծրագիրը, որը հետագայում ներկայացվելու է խորհրդարանին»:

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ հանդիպել է «դափոնով» ակտեր ունեցող վարորդների, որոնք չեն էլ պատրաստվում տուգանքները մուծել, քանի որ ասում են՝ ոչինչ չունեն, որը կբռնագանձեն և հանդիպել է նաև այնպիսի վարորդների, որոնց համար 10-20 հազար դրամը եղանակ չի փոխում: Ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ բալային համակարգը ոչ թե  վարորդներին  տուգանելու, այլ կարգազանց վարորդներին երթևեկությունից հեռացնելու համար է. «Բալային համակարգը լրացուցիչ պատժամիջոց է բացի դրամական տուգանքից: Հանրային վստահությունից կախված բալեր դուրս կգան,  կարգազանց վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից, հետագայում ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության կենթարկվեն»:

Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց մյուս նախագիծը, որով ճանապարհային ոստիկանությունը և պարեկային ծառայությունը լուծարվում են, և ստեղծվելու է մեկ միասնական համակարգ, ինչի արդյունքում ոստիկանության շրջիկ մեքենաների թիվը կավելանա:

Երրորդ նախագծով սահմանվում է հանրային վերահսկողության գործիք: Սիսակ Գաբրիելյանի համոզմամբ՝ պատշգամբում կանգնած քաղաքացու համար չպետք է միևնույնը լինի փողոցում վարորդի կարգազանցությունը, նա հավասարապես պետք է մասնակցի վերահսկողությանը, քանի որ այդ կարգազանցությունը կարող է և սպառնալ իրեն: Սիսակ Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում Երևանի փողոցներում կտեսնենք նոր գծանշումներ, արգելապատնեշներ, նոր լուսացույցներ են տեղադրվելու, հետիոտնային անցումներին մոտենալու ճանապարհին նոր ստանդարտներին համապատասխան պիտակներ են տեղադրվելու, վարորդի զգոնության և ուշադրության համար նշաններ են լինելու. «Օրենքի նախագիծը սեպտեմբերի նստաշրջանին առաջին ընթերցմամբ կընդունենք, հնարավոր է՝ արտահերթ նիստ հրավիրենք և ընդունենք օրենքը, որ ավելի շուտ ուժի մեջ մտնի: Իսկ քաղաքացիների կողմից վերահսկողության նախագիծը մինչև հոկտեմբերի վերջ ընդունված կլինի: Մեր նպատակը ոչ թե վարորդներին տուգանելն է, այլ կարգազանց վարորդներին հանել երթևեկությունից: Մեր նպատակը ոչ թե բյուջե լցնելն է, այլ կարգազանց վարորդներին երթևեկությունից զրկելը»:

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ ղեկավար Պողոս Շահինյանի տպավորությամբ՝ այսօր կարծես ընկել ենք վարորդների հետևից, բայց պետք է հիշենք, որ միայն վարորդը չէ, այլև հետիոտնը. «Հետիոտները ևս օգտվում են երթևեկությունից: Այս հարցում էլ քաղաքական մոտեցում է պետք, եթե դա չլինի, հարցը չի լուծվի: Այժմ էլ գծանշումները տեղում են, նշանները փորձում են տեղադրել, բայց լինում են դեպքեր, երբ տեղադրված նշանները գողանում են. մեկն օգտագործում է՝ որպես թոնրի համար կափարիչ, մեկն ուղղակի իր պահեստի գեղեցկության համար՝ անգամ չմտածելով, որ գողանալով այդ նշանները, վարորդը չի տեսնելու այն, ինչ նշանով էր ցուցադրված և վտանգ է ներկայացնելու բոլորի համար: Խնդիրն այն է, որ այսօր մենք չունենք ռազմավարություն և գործունեության ծրագիր թիրախավորված խնդիրների վերաբերյալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031