Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: Մանվել Գրիգորյանը չէր կարողացել մասնակցել նիստին՝ ելնելով առողջական վիճակից, ուստի նիստը հետաձգվեց:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց. «Բոլորդ էլ քաջ գիտակցում եք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այնպիսին է, որ եթե նախանցած դատական նիստին դատավորը կարող էր ասել՝ միայն այն, որ նա դատական նիստին ներկա է, խոսում է նրա մասին, որ նրա խափանման միջոցը չպետք է փոխվի, հիմա այսօր ներկա չէ»:
Թե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին ինչ ցույց կտա փորձաքննությունը, պաշտպանական կողմը թերահավատ է մոտենում. Մկրտչյանի խոսքով՝ «դառը փորձ ունենք, ճնշումների տակ է դա իրականացվում, ոչ նորմալ պայմաններում, չգիտենք այս անգամ ինչ կլինի, բայց փաստը մնում է փաստ, որ Մանվել Գրիգորյանի վիճակը գնալով վատանում է»:
Խոսելով քրեական գործի մասին, Արսեն Մկրտչյանն ասաց. «Նորմալ պայմաններում սա չպիտի լիներ դատարաններում, հանցակազմ չկա, հանցադեպ չկա, մի դեպքում հանցագործության սուբյեկտ չի Մանվել Գրիգորյանը, բայց սրտաճմլիկ վեպային, գուցե 25 տարվա վաղեմության այս տիպի անձանց հայտնվելը….»: Լրագրողներն ասացին, որ եթե խոսքը այն շղթայակապ տղայի մասին է, հայտնի լուսանկար կա դրա հետ կապված՝ Արսեն Մկրտչյանն էլ հակադարձեց. «Ախր էդ հայտնի լուսանկարի մեջ Մանվել Գրիգորյանը չկա, կա մի անձ, որը ինքն իր լուսանկարը տարածում է: Մոտավորապես այդ ձեւի գործ էլ հիմա դատարանում է քննվում՝ ինչ-որ մեկը մի բան հայտնաբերել է մի տեղ, մեկն էլ վզին ժնջիլ է գցել, նկարվել է, էս տիպի մեղադրանքների հետ մենք դատարաններում իրավաբանություն անելու բան չունենք: Ամենայն սրտաճմլիկ՝ զինվորի հաց, սննդի յուրացում մեղադրանքը, չի լինում յուրացում՝ առանց վստահությամբ հանձնելու, մենք դիմել ենք, ասել ենք՝ հարգելի քննիչ, առերեսիր Մանվել Գրիգորյանին իր վստահությանը հանձնող անձանց հետ: Այդ միջնորդությունը անտեսվել է եւ անտեսվելու է հետագայում: Հարկերը չվճարելու վերաբերյալ էլ ասեմ՝ մարդը պատգամավոր, ոչ մեկը չի ապացուցել, չի ասել, որ ինքը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց չզբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հարկերը վճարելուց խուսափել է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ