Այսօր լրագրողները զինվորի հացը, տուշոնկաները, շապիկները յուրացնելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին հարցրեցին՝ ըստ ձեզ, Մանվել Գրիգորյանն անբասիր կենսագրությո՞ւն է ունեցել մինչեւ ձերբակալվելը, կալանավորվելը, եթե այո, ինչպե՞ս եք վերաբերվում, ինչո՞վ է դա պայմանավորված, երբ այսքան քաղաքացիներ բողոքներ են գրում, հրճվում են նրա՝ կալանքի տակ մնալուց՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Լկտի պատվերով, լկտի քաղաքական պատվերով, ինչո՞վ պիտի պայմանավորված լինի, կարո՞ղ է ինչ-որ օբյեկտիվ իրականությունով կամ նորմալ մարդու արտահայտություններով: Կա քաղաքական պատվեր ու պետք չի շատ խելք ունենալ, որ հասկանալ ինչ է կատարվում: Ընդամենը կա պահանջ ու այդ պահանջը հանրային չի, մարդկային չի, անգամ փոքրամասնությանն էլ չի, դա հատուկ ուղղորդված վերաբերմունք է, որը պատվիրված է»:
Ըստ Արսեն Մկրտչյանի, Մանվել Գրիգորյանը, մնալով կալանքի տակ, ավելի շատ է խոշտանգման ենթարկվում, քան պատերազմի ընթացքում՝ հակառակորդի կողմից գերեվարված ժամանակ. «Սովորական մարդ չեմ ասում՝ Արցախի հերոսը, անցնելով ադրբեջանական գերությունը, ձեռք է բերել շաքարային դիաբետ, քաղցկեղ, կողերն են կոտրել, քիթն են կոտրել, բայց ունենալով այդ հիվանդությունները՝ 30 տարվա մեջ ավելի քիչ առողջության վատթարացում է ունեցել, քան թե Մարինե Մելքոնյան, Արսեն Նիկողոսյան դատավորների սանկցիաներ տալուց հետո առաջացած հիվանդությունները»:
Արսեն Մկրտչյանը գտնում է, որ Մանվել Գրիգորյանը ոչ էլ կալանք, այլ պատիժ է կրում. «Մի տարի՝ 2018-ի հունիսի 16-ից առ այսօր Մանվել Գրիգորյանը դաժանաբար պատժի է ենթարկվում: Սա ոչ թե կալանք է, սա ամենադաժան պատիժն է: Նախաքննության ընթացքում կալանավորը գտնվում է այնպիսի զրկանքների եւ պայմանների մեջ, որում անգամ դատապարտյալը չի գտնվում: Իր հանդեպ հատուկ վատ վերաբերմունք կա, ասեմ ավելին՝ ինչը կարելի է սովորական դատապարտյալին, ամեն մի մանրուքից սկսած, սկսած հիվանդանոցի հսկողությունից՝ Մանվել Գրիգորյանի հանդեպ կա հատուկ բացասական վերաբերմունք»:
Լրագրողները հորդորեցին կոնկրետ օրինակ նշել՝ ինչպե՞ս է դա դրսեւորվում, պաշտպանն էլ պատասխանեց. «Օրինակ, երբ պետք է ինչ-որ բան զննվի, մի այլ կալանավորի կարելի է, Մանվել Գրիգորյանին չի կարելի: Եթե ինչ-որ զիջումներ կարելի է…որեւիցե թուլացում ինչ-որ բանի, ես փաստաբանական էթիկայից ելնելով՝ չեմ ասի, թե ինչ շփման միջոցներ կան վստահորդի հետ, ինչ կապի միջոցներ, ինչ արտոնություններ է ունենում կալանավորված անձը, որը Մանվել Գրիգորյանը չունի: Թեկուզ եւ հեռախոսը, դա բավականին ուշ հասանելի դարձավ Մանվել Գրիգորյանի համար, երբ էլ դարձավ, հսկվում է ավելի կտրուկ, գեստապոյական ռեժիմով: Մենք գիտենք մեր հանդեպ ինչ հսկողություն է: Դուք քիչ գիտեք հայտնի մարդիկ, ովքեր կալանքի տակ են գտնվել եւ ում նկարել են: Ասեմ, որ այն նկարը, որը տարածվել էր հայտնի ԶԼՄ-ով, միակը չի: Այդ վերաբերմունքը անընդհատ տեսնում ենք: Այսօր էլ իմ հանդիպումները Մանվել Գրիգորյանի հետ, ես համոզված եմ, որ ոչ միայն ձայնագրվում են, այլ նաեւ տեսաձայնագրվում են»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞ւ չեք բողոքում համապատասխան մարմիններին՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Համապատասխան մարմինների հանձնարարությամբ է դա արվում, դուք ուզում եք, որ ես բողոքեմ գլխին՝ թե պոչդ ի՞նչ է անում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ