Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կցանկանանք, որ ԱՄՆ-ն ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար. Արարատ Միրզոյանի ելույթն Ատլանտյան խորհրդում

Հուլիս 16,2019 15:48

Հայաստանը հետաքրքրված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում:

Նրա գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար:

Միրզոյանը չի տեսնում խոչընդոտներ հարաբերությունների խորացման առումով, սակայն անհրաժեշտ է ավելի հստակ օրակարգ:

«Մեր հարաբերությունները պետք է դիվանագիտական հռչակագրերի դաշտից տեղափոխվեն հստակ գործընկերային հարաբերությունների դաշտ: Անհրաժեշտ է կառուցել օրակարգ՝ ուղղված դեպի կոնկրետ նպատակների իրականացում»,- ասում է Միրզոյանը

Երախտագիտություն հայտնելով տարիների ընթացքում տրամադրված ամերիկյան օգնության համար՝ նա ընդգծում է՝ Միացյալ Նահանգների աջակցությունը կարևոր է Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, ներդրումային, փորձի փոխանակման ոլորտներում, այնպես էլ քաղաքական դաշտում: Ամերիկյան աջակցության հարցում, սակայն, ըստ խոսնակի, դեռևս առկա են շատ անելիքներ:

«Կարծիքներ կան, որ ԱՄՆ կարող է ավելի շատ աջակցել: Կան նաև կարծիքներ, որ դրա պատճառն է Հայաստանի հեղափոխության ներքաղաքական բնույթը»,- ասում է Միրզոյանը:

Խոսնակն ընդգծում է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կարևորում է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայասատանի 4 սահմաններից երկուսը փակ են: Հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ մեկ այլ բարեկամ երկրի, գտնում է խոսնակը:

«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- նշում է Միրզոյանը:

Պատասխանելով Լեռանին Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցին՝ խոսնակը խնդիրը դիտարկում է մարդու իրավունքների դաշտում՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ընդգրկումը բանակցային գործընթացում:

Ներքաղաքական և տնտեսական զարգացումների մասին խոսելի Արարատ Միրզոյանն ընդգծում է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը և կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը: Նա վերահաստատեց գործող իշխանության հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:

«Այսօրվա իշխանությունն ունի ուժեղ քաղաքական կամք և հավատարմություն ժողովրդավարական արժեքներին, կոռուպցիայի դեմ պայքարին և օրենքի գերակայության հաստատմանը»,- ասում է նա:

Նույն օրը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում հայ խորհրդարանականների պատվիրակությունը հանդիպեց ամերիկահայ համայնքի հետ: Իր ելույթում խոսնակ Միրզոյանը ողջունեց Վաշինգտոնի հայ համայնքին՝ անդրադառնալով հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումներին ու երկրում առկա մի շարք կարևոր խնդիրներին:

VOA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031