Այսօր լրագրողները գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեցին Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի գործի վերաբացման մասին: Հարցին՝ այնտեղ մի դրվագ կա, որում ասվում է՝ Մանվել Գրիգորյանը զգուշացրել է, որ բողոք չգրի, հաղորդում չտա եւ վախենալով՝ իրենք փախել են երկրից, Մանվել Գրիգորյանը տեղյա՞կ է, որ այդ գործը վերաբացվել է ու իր անունն այդ գործում էլ է շոշափվում՝ Մկրտչյանը պատասխանեց. «Հենց հանրային հնչեղությունն այս գործի մի քիչ պակասում է, ցանկացած ֆեյքի տակ, փորփրում են, աշխատում են եւ ես կարծում եմ՝ հատուկ ծառայությունների գործն էլ չի, լրագրողական ուղղվածություն ունի այս քչփորելը եւ ձեր կոլեգաները ակտիվ լծվել են այդ գործին:
Հրանտ Գրիգորյանը դատապարտվել է, ժամանակին եղել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»: Դիտարկմանը, որ երեք ամիս է մնացել կալանքի տակ՝ Արսեն Մկրտչյանն արձագանքեց. «Լավ, հիմա Մանվել Գրիգորյանը պետք է պատասխանատվություն կրի՞: Մանվել Գրիգորյանն այդ գործից տեղյակ է: Խելքին մոտ բաներ չեն, ոնց որ ամբողջ մեղադրանքն է հորինած, էնքան ցինիկաբար է ամեն ինչը հորինվում ու մատուցվում, որ սա մեկնաբանելը լուրջ չի: Երկրում այս ձեւի տենդենց է՝ նախկինում, երբ նախկին իշխանության կողմնակիցներին դատապարտել են, օրինական ուժի մեջ է մտել, պատիժները կրել են, էդ գործերը պետք է վերաբացել եւ հայտարարել, որ չէ, ձեզ լավ չեն պատժել, այ հիմա կրկնակի պետք է պատժել: Իսկ երբ ներկայիս իշխանության ներկայացուցիչներին են նախկինում պատժել, ոչ մեկը չի ասում՝ տղերք, հլը կարո՞ղ է դուք էլ եք քիչ նստել, հլը մի հատ ձեր գործերը վերաբացենք»:
Հիշեցնենք, որ Հրանտ Գրիգորյանը նախկինում երեք գումարման ԱԺ պատգամավոր է եղել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ