Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: Մանվել Գրիգորյանը չէր կարողացել մասնակցել նիստին՝ ելնելով առողջական վիճակից, ուստի նիստը հետաձգվեց:
Մինչ այդ դատավորն ասաց, որ Մանվել Գրիգորյանը դիմում է ներկայացրել Հրանտ Կարապետյանին լիազորագիր ներկայացնելու խնդրանքով, որպեսզի նա Վարչական դատարանում, Վերաքննիչում, Վճռաբեկում իր անունից հանդես գա: Թե ի՞նչ նպատակով է Մանվել Գրիգորյանն ուզում մտնել վարչական դատարան ու ինչ պահանջով, դեռ հայտնի չէ: Մեղադրող կողմն ասաց, որ չնայած հայտնի չէ, թե ինչ նպատակով է լիազորագիր ուզում, բայց չեն առարկում: Դատարանում պայմանավորվեցին, որ պատասխանում նշվի, որ լիազորագիրը տրվելու է՝ բացառապես միայն դատարանում հանդես գալու համար:
Մանվել Գրիգորյանը պետք է բժշկական փորձաքննության ենթարկվի ու թույլատրվել է, որ փորձաքննությանը ներկա լինեն նաեւ մեղադրող կողմն ու պաշտպանության կողմը: Հիշեցնենք, որ փորձաքննությանը մասնակցելու են օտարերկրացի փորձագետներ:
Կարդացեք նաև
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հարցրեց, թե ո՞ր բժիշկներն են մասնակցելու փորձաքննությանը, նա անուններ էր ուզում, դատավորը պատասխանեց, որ անունները գործի նյութերի հետ կտրամադրեն պաշտպանության կողմին, եթե որեւէ մեկին դեմ են, կարող են փոխել: Լեւոն Բաղդասարյանը նաեւ հարցրեց՝ «Նախորդ նիստերից մեկի ժամանակ դատարանը հայտնեց, որ ներպետական լիազոր մարմնից գրություն է ներկայացվել դատարանին՝ վարչապետի հանձնարարության հիման վրա, որպեսզի ճշտվի վնասի չափն ու ճշտվի՝ արգելանքի տա՞կ է, թե՞ ոչ, այդ գրությունն արդեն ուղարկվե՞լ է կառավարությանը»: Դատավորը պատասխանեց, որ վաղուց են պատասխանն ուղարկել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 23-ին, ժամը 12-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ