«Ամբողջ գյուղը ջրի պատճառով թշնամացել է, բահն առնում իրար գլխի են տալիս, ախպերն ախպորը տալիս գլուխը կոտրում է՝ ով պետք է այգին ջրի, երբ ջուրը տալիս են: Քանի տարի է խաբում են, թե խողովակ են անցկացնելու, բայց այսօր լուցկին կպցնես, մեր այգիները վայրկյանների ընթացքում կբռնկվեն, էնքան չոր են»,- այսօր այսպես էին նկարագրում իրենց խնդիրը կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի եկած քաղցրաշենցինեը: Նրանք որեւէ պաշտոնյայի հետ հանդիպում չէին ուզում ունենալ, մերժեցին նաեւ կառավարության նամակների բաժնի պատասխանատու Ալեքսանդր Ղազարյանի՝ նրանց ընդունելու առաջարկը՝ պահանջելով վարչապետ Փաշինյանին: Քաղցրաշենի գյուղացիները փորձում էին Տիգրան Մեծի փողոցը փակել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Քաղցրաշենցիների խոսքով, «50 աստիճան շոգին ջրամատակարար ընկերությունը 3 օր պլանային աշխատանքներ է իրականացնում»:
Նրանք գտնում էին, որ իրենց խնդիրը Փաշինյանին տեղ չեն հասցնում, հենց այդ պատճառով էլ լուծում չի ստանում:
Կարդացեք նաև
Պարոն Ղազարյանի հետ հարցուպատասխանի ժամանակ, քաղցրաշենցիները հունից դուրս եկան, երբ Ալեքսանդր Ղազարյանն ասաց, որ գյուղացիներից շատերը նույնիսկ պայմանագրեր չունեն ոռոգման: Նրանց խոսքով, ջուր չունեն, այգին աչքների առաջ չորանում է, ասում են՝ պայմանագիր չունեն. «Ով էլ որ ունի ի՞նչ է փոխվում, մարդիկ չեն կարողանում ապրել, մի օր եկե՞լ ենք կառավարությանն ասել՝ փող տվեք ապրենք, սալյարկա տվեք, որ վարուցանք անենք, ընդամենը ջուր ենք ուզում, որ մեր այգիները ոռոգենք՝ ապրենք»,- վրդովված նշում էին քաղցրաշենի բնակիչները՝ վստահեցնելով, որ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իրենց կյանքում ոչինչ չի փոխվել:
Նրանց խոսքով նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից սկսած, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանով, նոր իշխանություններով վերջացրած՝ իրենց խաբում են, թե խողովակ են անցկացնելու:
Քաղցրաշենցիների խոսքով ամբողջ գյուղը վարկի տակ է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ