Երեկ սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը որոշ նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը մեր զրույցում ասաց, որ այս արձանագրությունն, ըստ էության, նորություն չէր կառավարող ուժի համար, նորություն չէր կառավարության եւ շատ շատերի համար։
Ըստ նրա՝ հայտարարությունը եղել է դեռ հունիսին, որից հետո այցելություն է եղել Հայաստան, պատգամավորներից եւ կառավարության անդամներից շատերը այցելել են Վենետիկի հանձնաժողով, եղել են քննարկումներ, եւ մեր դիրքորոշումը եղել է այն, որ մեզ համար կարեւորը խնդրի բովանդակությունն է՝ իրականացնել դատաիրավական բարեփոխումներ։
Իսկ թե դա կիրականացվի վեթինգ անվան տակ, թե մեկ այլ պայմանական անվան, դա, ըստ Գաբրիելյանի, խնդրի ձեւական կողմն է.
Կարդացեք նաև
«Կարեւորը բովանդակությունն է, կարեւորը չափանիշներն են, որոնցով ուզում ենք իրականացնել այդ գործընթացը։ Վեթինգ բառը միջազգային հանրության մոտ, միջազգային իրավունքում որոշակիորեն այլ կերպ է հասկացվում, մենք քննարկումների արդյունքում կարողացել ենք մեր եվրոպացի գործընկերներին բացատրել, որ կուզեք՝ վեթինգ, կուզեք՝ այլ անուն տվեք, խնդիրը բարեփոխումն է»։
Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ զեկույցում էլ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ, այո՛, պետք է իրականացնել դատաիրավական բարեփոխումներ, եւ կարեւոր է, որ հայտարարության մեջ նշված է, որ իրենք նույնպես ստացել են այն ազդանշանները, որ Հայաստանում տեղի է ունեցել Սահմանադրության պահպանմամբ հեղափոխություն, բայց դատական իշխանության մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, եւ հասարակությունն այդ դատավորներին ընկալում է նախկին իշխանության մաս, կոռումպացված, եւ այս առումով հանձնաժողովը ողջունում է դատաիրավական բարեփոխումների գործընթացը, որի հանձնառությունը ստանձնել են Հայաստանի իշխանությունները։
«Իրենք էլ են նշում, որ բարեփոխման գործընթացը պետք է արվի կարգապահական չափանիշների խստացմամբ եւ գույքի հայտարարագրման հետ փոխկապակցված, որի մասին նաեւ վարչապետն էր նշել՝ դատավորների բարեվարքության ստուգում, ունեցվածքի ծագում, շահերի բախում եւ այլն։ Մենք դա իրականացնելու ենք, ինչը ողջունվում է Վենետիկի հանձնաժողովի կողմից եւ իրենք պատրաստ են աջակցել մեզ»։
Մեր հարցին՝ եթե հանձնաժողովը կարծում է, որ համընդհանուր վեթինգի կարիք չկա, ապա ինչպե՞ս է վարվելու կառավարությունը, մակերեսայի՞ն վեթինգ է իրականացնելու կամ, ընդհանրապես, ինչպե՞ս է իրականացնելու այդ ընթացակարգը, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց.
«Կար մոտեցում, որ վեթինգի մասին առանձին օրենք լիներ, առանձին կառույց, բայց հետագայում հասկացանք, որ ամենեւին պարտադիր չէ ստեդծենք հանձնաժողով, նոր օրենք, որովհետեւ գուցե Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն լիներ, դրա համար մեր նպատակը կարող ենք կյանքի կոչել արդեն իսկ առկա սահմանադրաիրավական լուծումներով՝ Դատական օրենսգրքի փոփոխություններով, ԲԴԽ-ին որոշակի նոր լիազորություններ պատվիրակելով, այսինքն՝ այն, ինչ ուզում ենք, կարող ենք կատարել գործող մարմինների եւ օրենքների միջոցով։
Մենք ունենք 250 դատավոր, եթե մեկ օրում բոլոր դատավորներին հեռացնես, բնականաբար, դա իրավական տեսանկյունից ավելի վտանգավոր է, քան դա աստիճանաբար ու նուրբ անելու դեպքում։ Մենք դրա կողմնակիցն ենք, բայց մենք նաեւ ասել ենք, որ այդ գործընթացը ոչ միայն դատավորներին, այլ նաեւ դատախազներին, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է վերաբերի»։
Պատգամավորն ասաց, որ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունի Վենետիկի հանձնաժողովը խորքային վեթինգ ասելով.
«Կարծում եմ՝ հենց այս մտահոգությունները ունեն, որ գործընթացն այնպես պետք է արվի, որ չխաթարվի դատական իշխանության բնականոն գործունեությունը»։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: