«Գրականություն» առարկայի դասագրքերի առնչությամբ «Զանգակ» հրատարակչությունը մշակել է նոր մոտեցումներ՝ ամփոփված հայեցակարգում, որն այսօրվանից համաժողովի ձեւաչափում քննարկվում է ուսուցիչների հետ: Առայժմ քննարկվում է մոտեցումներից մեկը, որը դրվելու է նոր ստեղծվող դասագրքերի հիմքում: «Դա ակտիվ ընթերցանության ռազմավարությունների ընդգրկման նպատակահարմարությունն է: Այդ ռազմավարությունը հիմա էլ են ուսուցիչները կիրառում, պարզապես մենք ուսումնասիրել ենք, հավաքագրել ենք այդ ռազմավարությունները, դասակարգել եւ ընտրել ութ բանալի-ռազմավարություններ, որոնք ընդգրկվելու են մեր հրատարակած դասագրքերում: Ուզում ենք դասագիրքը դարձնել «սովորել սովորեցնող» միջոց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը:
Նա նշեց, որ հիմա գրականությունը չեն դիտարկում աշակերտի՝ որեւէ հեղինակի գիրքն ընթերցելու եւ համառոտագիր պատմելու ձեւաչափում. «Միտումն այն է, որ գրականությունը դիտարկելու ենք ոչ թե որպես, օրինակ, «Ավելորդը» ստեղծագործություն, այլ որպես «Ավելորդը» ստեղծագործությունը հասկանալու գործընթաց: Այսինքն, ոչ թե այդ պահին պետք է փորձենք ամբողջությամբ ընկալել այդ ստեղծագործությունը, այլ օգտագործենք որպես օրինակ՝ այս կամ այն ռազմավարությունն աշակերտի մեջ սերմանելու համար: Այդպես աշակերտը հետագայում որեւէ այլ գիրք բացելուց ազատ կկարողանա հասկանալ այդ ստեղծագործությունը»:
Սոկրատ Մկրտչյանի խոսքով՝ դասագրքերի հանդեպ առհասարակ նոր մոտեցումներ են պետք, որովհետեւ պետության եւ հանրության պահանջը կրթության հանդեպ փոխվել է. «Այն պետք է լինի «սովորել սովորեցնող» կրթություն: Քանի որ կրթության հանդեպ պահանջները փոխվել են, փոխվել են նաեւ կրթական գործիքների հանդեպ պահանջները: Այսինքն, նախկին դասագրքերն այլեւս չեն համապատասխանում այսօրվա պահանջներին՝ անկախ նրանից՝ գրականությա՞ն դասագրքեր են, թե մաթեմատիկայի: Դրանք պետք է փոխվեն»:
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ դասագրքերի հանդեպ մյուս կարեւոր մոտեցումն այն է, որ դրանցում ընդգրկված ցանկացած թեմայից առաջ պետք է տրվի դրա կրթական նշանակությունն այն մասին, թե ինչու է աշակերտն անցնում այն. «Սա առաջիկա աշխատաժողովում քննարկվելիք թեման է: Եթե, օրինակ, «Ավելորդը» ստեղծագործությունն անցնում ենք այն նպատակով, որպեսզի աշակերտի մեջ սերմանենք հաշմանդամություն ունեցողների հանդեպ ճիշտ վերաբերմունք, ուրեմն դա պետք է ձեւակերպվի եւ ասվի աշակերտին այդ մասին: Իսկ եթե մտածում ենք ու չենք կարողանում հասկանալ, թե որն է որեւէ ստեղծագործության կրթական նշանակությունը, ուրեմն այն չպետք է անցնեն դպրոցներում»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ «գրականության դասագրքերում հիմա ո՞ր ստեղծագործություններն են ավելորդ»: Սոկրատ Մկրտչյանն օրինակներ չառանձնացրեց, բայց փաստեց, որ այդպիսիք կան. «Այո, բայց պատասխանս հարաբերական է: Եթե ամեն ստեղծագործության կրթական նշանակությունը կարողանում ենք դուրս բերել, ուրեմն այն պետք է լինի դասագրքում: Եթե ոչ, ապա ավելորդ է: Ոչ թե այն ավելորդ ստեղծագործություն է, այլ չպետք է դասագրքում ընդգրկված լինի, որովհետեւ դասագրքերում պետք է ընդգրկվեն միայն այն ստեղծագործությունները, որոնց միջոցով աշակերտին կարող ենք սովորեցնել՝ ինչպե՞ս կարդալ այդպիսի մեկ այլ ստեղծագործություն: Այսինքն, կարդալու ռազմավարություն ենք սերմանելու»:
Սոկրատ Մկրտչյանը հավելեց՝ դասագրքերի քննարկվող ռազմավարությունները նախարարությանը չեն ներկայացվելու, որովհետեւ անհրաժեշտություն չկա. «Խոսքը դասագրքերի մասին է, որոնք ստեղծում են հրատարակչությունները: Իսկ նախարարությունը մշակում է ծրագրերն ու չափորոշիչները, որոնց համապատասխան՝ մենք պետք է ստեղծենք դասագրքեր: Մենք քննարկում ենք ոչ թե դասագրքերի թեմատիկան, այլ կառուցվածքը: Երբ նախարարությունը կավարտի չափորոշիչներն ու ծրագրերը, մենք դասագրքերը կհրատարակենք այդ սկզբունքներով՝ պետության առաջադրած չափանիշներին համապատասխան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ