Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը 168-ի հետ զրույցում այս օրերին Սևանում ընթացող ճահճացման պրոցեսը բնապահպանն ազգային անվտանգության խնդիր է որակում, իսկ ներկայիս իշխանության սառը վերաբերմունքը՝ բնապահպանական տնտեսական հնարավոր աղետի նկատմամբ, հանցավոր անտարբերություն է համարում:
Ստեղծված իրավիճակի մեղավոր բնապահպանը տեսնում է ՀՀ Գլխավոր դատախազություն-Ոստիկանությունը, և զուգահեռ՝ այլ իրավական կառույցներում իրենց դիրքերը պահած իշխանությանը հանդուրժելու մեջ:
«Իմ հետևությունն այն է, որ նախկին իշխանության հիմնական պատասխանատու օղակներում՝ Դատախազություն-ոստիկանություն, Բնապահպանության նախարարություն, քննչական այլ մարմիններ, այստեղ գործում են հները, և նրանք են, ըստ էության, կառավարում համակարգը՝ այնպես, ինչպես նախկինում»,– ասում է Արթուր Գրիգորյանը և ակնարկում, որ այժմ Շրջակա միջավայրի նախարարության անվանափոխված Բնապահպանության նախարարությունում հեղափոխական կադրի կառավարումը ֆորմալ բնույթ է կրում:
Բնապահպանն ապշած է, որ ճահճացող Սևանի տագնապային խնդրին մինչ օրս միայն մեկ պաշտոնյա է անդրադարձել՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, մյուսները լուռ են վերից վար:
Կարդացեք նաև
Գործադիր իշխանության ուշացած արձագանքը՝ քաղաքացիներից, ակտիվիստներից և ապա՝ միջազգային մամուլից հետո, բնապահպան Արթուր Գրիգորյանը նորմալ չի համարում: Նախարար Էրիկ Գրիգորյանի պարզաբանումների մասին կարծիք չունի, հավաստիացնում է, թե չի հետևել լրահոսին, իսկ Նիկոլ Փաշինյանի ուշացող արձագանքը ենթադրաբար կապում է այս պահին տարվող ուսումնասիրությունների հետ, որպեսզի կարծիք հայտնելիս երկրի ղեկավարը չսխալվի և ստիպված չլինի հերքել հետագայում:
Արթուր Գրիգորյանը չի բացառում, որ Սևանի շուրջ տեղի ունեցող պրոցեսներ լինեն ու դրան զուգընթաց քայլերը դառնան որոշ պաշտոնյաների հրաժարականի պահանջ։
«Իրավիճակն այնպիսին է, որ ես չեմ բացառում՝ ինչ-որ պաշտոնյաների հրաժարականի պահանջ դառնա, հանրային պահանջ ձևավորվի»,- ասում է բնապահպանը՝ չորոշակիացնելով՝ ինքն այդ ակցիաները կխրախուսե՞ր, թե՞ ոչ:
«Այն, ինչ այս պահին կատարվում է Սևանի հետ, ազգային անվտանգության խնդիր է, ճահճացման գործընթացը երկրին տնտեսական ու էկոլոգիական լուրջ վտանգների առաջ կկանգնեցնի: Կենդանական աշխարհը կդառնա էկզոտիկ կենսամիջավայրին բնորոշ, փաստորեն, գորտերի համար հարմար միջավայր է դառնում Սևանը»:
Եվ սրանում նա մեղադրում է նախկին և ներկա իշխանություններին՝ ընդգծելով, որ այն, ինչ պետք է նախկին իշխանությունն աներ, չի արել նաև այս իշխանությունը:
«Պարզապես չպիտի խաղային էկոհամակարգի հետ՝ ջրի բացթողում, ջրի մակարդակի բարձրացում ապահովելու պրոցեսների ժամանակ, և հետո պիտի քայլեր ձեռնարկվեին կլիմայի փոփոխության ժամանակ, որպեսզի կլիմայի տաքացման պայմաններում զուգընթաց քայլերն այս աստիճան չազդեին էկոհամակարգի վրա»:
Սյուզի ԲԱԴՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ` 168 ժամ թերթի այսօրվա համարում: