Լրահոս
Օրվա լրահոսը

Լիանա Ոսկերչյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» հեղինակավոր միջազգային մրցույթում

Հուլիս 16,2019 12:00

Ավարտվեց  տարվա գլխավոր գեղեցկության փառատոնը։ «Միսս Աշխարհ Արմենիա 2019» գեղեցկության մրցույթի եզրափակչում հաղթեց Լիանա Ոսկերչյանը։ 20-ամյա գեղեցկուհին  կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» հեղինակավոր միջազգային 69-րդ մրցույթում, որը տեղի կունենա Լոնդոնում, դեկտեմբերի 14-ին:

Երեկ՝ հուլիսի 15-ին, Prime Hall-ի բեմում 23 գեղեցկուհիները պարզապես փայլեցին իրենց շքեղությամբ։ Ազգային տարազ, երեկոյան զգեստ և պարային ելույթ․ ահա այս երեք փուլերից հետո ժյուրին ընտրեց լավագույն 10-յակը, որտեղ ընդգրկված էին  «Միսս Արմենիա» համահայկական փառատոնի շրջանակներում նախապես անցկացված մրցույթների «Միսս տաղանդ» Նարե Օրդյանը և «Միսս սպորտ» Մելանյա Արզումանյանը:

Այսպիսով լավագույն 10-յակում էին՝ Միլենա Թարյանը, Անետա Գաբրիելյանը, Էլեն Սիմոնյանը, Լիանա Իսրայելյանը, Մոնիկա Գրիգորյանը, Սերինե Մխիթարյանը, Լիանա Ոսկերչյանը և Էվելինա Դավեյանը։

Լավագույն 5-յակը գլխավորեցին Լիանա Ոսկերչյանը, Լիանա Իսրայելյանը, Մոնիկա Գրիգորյանը, Անետա Գաբրիելյանը և օնլայն քվեարկության արդյունքում «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին արժանացած Միլենա Թարյանը։

 

Տիտղոսակիրներն են՝

«4-րդ վիցե միսս» եւ «Հանդիսատեսի համակրանք» –Միլենա Թարյան

«3- րդ վիցե միսս»- Լիանա Իսրայելյան

«2- րդ վիցե միսս»- Անետա Գաբրիելյան

«1-ին վիցե միսս»- Մոնիկա Գրիգորյան

«Մամուլի համակրանք» եւ «Միսս Աշխարհ Արմենիա 2019»- Լիանա Ոսկերչյան

«Միսս համերաշխություն»- Էլեն Սիմոնյան։

Ի դեպ, հաղթողին թագադրեց 2018-ին գեղեցկուհու տիտղոսը նվաճած Արենա Զեյնալյանը։ Ըստ մրցույթի կանոնների՝ սկսած այս տարվանից, բնական քարերից պատրաստված շքեղ թագը, որի հեղինակը Խազմալյան ապրանքանիշն է, տարեցտարի կփոխանցվի նոր հաղթողին:

Երեկոն վարեցին Աննա Մանուչարյանն ու Ռաֆայել Երանոսյանը։ Միջոցառմանը ելույթ ունեցան «Դետք» խումբը, Նիկ Էգիբյանը, Վահե Մարգարյանը, Գոռ Եփրեմյանը եւ Allianplace խումբը։ Իսկ պարային շոուն վստահված էր «Ամարաս» պարային խմբին։

Ժյուրիի կազմում էին՝ «Միսս Քալիֆորնիա Երկրագունդ» Զառա Գեմիլյանը, դիզայներ Գայանե Մանուկյանը, «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհուրդի անդամ Ռուբինա Գրիգորյանը, Թալար Արդինյանը, լրագրող Սահականուշ Սահակյանը, դերասան Միքայել Պողոսյանը, երգիչ Արամոն եւ երգչուհի Էմմա Պետրոսյանը:

Միջոցառման գլխավոր հովանավորն է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը։

Հիշեցնենք, որ արդեն 3-րդ տարի է, ինչ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային  հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը, կազմակերպում է տպավորիչ գեղեցկության մրցույթ եւ հաղթողին ուղարկում «Միսս Աշխարհ» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթ։

«Միսս Արմենիա» հիմնադրամը միակ ներկայացուցիչն է Հայաստանում, որը ունի արտոնագրեր «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթներում։

«Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթի արտոնագիրը «Միսս Արմենիա» հիմնադրամը ձեռք է բերել 2017 թ․-ին։ «Միսս Տիեզերք»-ինը՝ 2018 թ․-ին։

Մելինե ՏՈՆՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031