Երեկ ընդունել էի ԱՄՆ-ում բնակվող Մայքլ Միխանին, նրա քույրիկին Էվելինին եւ մայրիկին՝ Գայանե Արզումանյանին: Մայքլի հայրիկը իրանահայ է, մայրիկը Երեւանից: Նրանք եկել են տատիկին եւ պապիկին տեսության:
Մեր հանդիպումը կազմակերպվեց հետեւյալ կերպ. նախօրեին երբ կարդում էի քաղաքացիների գրած նամակները (ցավոք՝ օրվա մեջ ընդամենը մի քանի նամակ եմ հասցնում կարդալ՝ պատահականության սկզբունքով, ինչի համար ցավում եմ) տեսա Գայանե Արզումանյանի նամակը, ով գրել էր, թե որդին երազում է ինձ հետ հանդիպել:
Հանդիպումը նախ ուներ մի շատ գործնական նպատակ. պարզվեց Մայքլը ուզում էր պարզել՝ ես իրականության մեջ գոյություն ունե՞մ, թե գոյություն ունեմ միայն հեռուստացույցի մեջ: Այս հարցի պատասխանը ստանալով, երեք կարեւոր հարց դրեց քննարկման սեղանին:
Կարդացեք նաև
Առաջինը հետեւյալն էր. Հայաստանում թափառող շները շատ են, կառավարությունը պետք է ապաստաններ ստեղծի նրանց համար:
Երկրորդ հարցը. աղբը շատ է, շքամուտքներն ու բակերը կեղտոտ են: Այս խնդիրը պետք է լուծել:
Երորրդ հարցը. Հայաստանում շատ են ծխողները, ծխում են ամեն տեղ եւ ամենուր: Սրան պետք է վերջ տալ:
Ես փորձեցի նրան համոզել, որ ժամանակի ընթացքում մենք այդ բոլոր հարցերը կլուծենք, բայց ինքը պետք է վերադառնա Հայաստանում ապրելու: Դժվար էր տրվում այս խոսակցությանը, չէր ուզում խոստանալ:
Վերջում պարզվեց՝ շատ կոնկրետ պատճառ ունի նման դիրքորոշման համար. որոշել է ԱՄՆ նախագահ դառնալ:
Տիկնայք եւ պարոնայք, երեկ այսպիսով, պատիվ ունեցա հանդիպել ԱՄՆ առաջին հայազգի նախագահի հետ, ով պաշտոնավարումից հետո մշտական բնակության կտեղափոխվի Հայաստան:
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
Վարչապետ