Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 119-րդ նստաշրջանի զեկույցի՝ Հայաստանին վերաբերվող հատվածից որոշ ուժեր և իրավաբաններ այնքան են ոգևորվել, որ այնտեղ կարդում են նաև այն, ինչը պարզապես գրված չէ։
Աշխարհում վեթինգի իրականացման որևէ համընդհանուր մեխանիզմ գոյություն չունի, և այս հարցի հետ կապված Հայաստանի հասարակական և փորձագիտական շրջանակներում առնվազն մի քանի տարբերակ ակտիվորեն քննարկվել է։
Հետևաբար, Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում վեթինգի որ տարբերակի համընդհանուր կիրառումն է համարվել ոչ անհրաժեշտ, և ոչ օգտակար, դժվար է ասել, սակայն, անհրաժեշտ է փաստել հետևյալը։
Նախ, Վենետիկի հանձնաժողովը իր զեկույցի մեջ չի նշել, որ չկա վեթինգի անհրաժեշտություն, այլ նշել է, որ չկա ՀԱՄԸՆԴՀԱՆՈւՐ վեթինգի անհրաժեշտություն, սա ֆիքսենք։
Երկրորդ, գոնե հրապարակային քննարկված վեթինգի հնարավոր տարբերակների մեջ առանցքային տեղ ունի դատավորների ունեցվածքի ուսումնասիրությունը, և դրա արդյունքում, համապատասխան միջոցների կիրառումը, որին, ըստ էության, Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել։
Կարդացեք նաև
Ենթադրում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը վեթինգի իրականացումը պայմանավորում է հայտարարագրերի և կարգապահական ընթացակարգերի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ։ Այսինքն, ըստ էության, Հանձնաժողովը կարծիք է հայտնել, որ ներգործության պետք է ենթարկվեն ոչ թե բոլոր դատավորները, այլ միայն նրանք, ովքեր ունեն խնդիրներ հայտարարագրված ունեցվածքի ծագման և կարգապահական ընթացակարգերի հետ։
Հաջորդը, Վենետիկի հանձնաժողովը ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանում դատարանների նկատմամբ կա վստահության պակաս, այսինքն, դատարանների նկատմամբ հասարակական վստահությունը այնքան ցածր է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը հարկ է համարել հատուկ շեշտել այդ մասին , և սա այն դեպքում, երբ աշխարհի ոչ մի երկրում դատարանները համընդհանուր վստահություն չեն վայելում։Այս մասին, չգիտես ինչու, արձանագրությունը մեկնաբանող իրավաբանները լռում են։
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ Հանձնաժողովի դիրքորոշումը ամենևին չի նշանակում, որ Սահմանադրության տեքստը, այդ թվում նաև Սահմանադրական դատարանին վերաբերող դրույթները, զերծ են խնդիրներից։
Իմ գնահատմամբ, Սահմանադրությունը, անկասկած, ավելի որակյալ կարող էր լինել, եթե իրավաբան-գիտնականների թիրախում լինեին ոչ միայն այն դրույթները, որոնք կոչված էին ապահովելու իշխանության վերարտադրությունը, այլ նաև բավարար ուշադրության դարձվեր Սահմանադրության մյուս գլուխներին։
Շատ է խոսվում այն մասին, որ Սահմանադրությունը չի կարող մեկնաբանվել կենցաղային մակարդակով․ համամիտ եմ, սակայն, հարգելիներս, կարծում եմ կհամաձայնեք, որ Սահմանադրության տեքստում իրավական ձևակերպումները պետք է լինեն այնքան անխոցելի, որ որևէ մեկը զրկված լինի դրանք այլ՝ ողջամիտ ձևով մեկնաբանելու հնարավորությունից, և այս իմաստով, ցավոք, պետք է փաստենք, որ մեր Սահմանադրությունը, որոշ դեպքերում, տալիս է տարաբնույթ և հաճախ իրարամերժ մեկնաբանությունների հնարավորություն։
Հայկ Արամյան
Իրավագետ, քաղաքագետ