Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզպետ. Եթե համարենք, որ արդարացված է ընկերության դեմ ճանապարհ փակելը, ապա պետության ներկայացուցիչների դեմ ճանապարհ փակելը, իհարկե, ճիշտ չէ. «Ժամանակ»

Հուլիս 16,2019 09:48

Հանգստյան օրերը Ամուլսարի հարակից տարածքներում խաղաղ չէին։ Գնդեվազից Ամուլսար տանող ճանապարհը մինչ օրս փակ է, իսկ շաբաթ օրը առավոտյան Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, մարզային ոստիկանության մի շարք այլ ներկայացուցիչներ «Լիդիան Արմենիա» ընկերության այլ ներկայացուցիչների հետ փորձել են մուտք գործել հանքավայրի տարածք փորձաքննությունների նպատակով, սակայն մեկ տարի շարունակ այդ տարածքում ճանապարհները փակած ակտիվիստները թույլ չեն տվել, և այդ դիմադրության ժամանակ էլ բախում է եղել ոստիկանների հետ։

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ասաց, որ ինքը չի մասնակցել այս համայնքային ժողովին, բայց միջադեպից հետո անձամբ է գնացել ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածների մոտ, որից հետո նրանք ազատ են արձակվել։ «Իմ կարծիքով՝ սխալ է եղել փորձագետների ու իրավապահների մուտքը հանքավայրի տարածք խոչընդոտելը։ Եթե անգամ պայքարում են «Լիդիան» ընկերության դեմ, և համարենք, որ արդարացված է ընկերության դեմ ճանապարհ փակելը, ապա պետության ներկայացուցիչների դեմ ճանապարհ փակելը, իհարկե, ճիշտ չէ»,-  ասաց մարզպետը։

Դիտարկմանը, որ ակտիվիստների խոսքերով՝ փորձագետները, իրավապահները հանքավայրիր տարածք են եկել հենց «Լիդիան» ընկերության մեքենաներով, մարզպետն արձագանքեց, որ իր տեղեկություններով՝ իրավապահների ու փորձագետների մեքենաներով հնարավոր չի եղել սար բարձրանալ, դրա համար էլ նրանք հանքավայրի տարածք են բարձրացել ընկերության մեքենաներով, որոնք նախատեսված են հենց սար բարձրանալու համար։

Ինչ վերաբերում է իրավիճակի հանգուցալուծմանը, ապա մարզպետն ասաց, որ սպասում են փորձաքննությունների ավարտին, քանի որ առանց փորձաքննության եզրակացության սխալ կլինի եզրահանգման գալ։ «Եզրակացության համար հարկավոր է փորձաքննություններ իրականացնել, դրա համար էլ հարկավոր է, որ փորձագետները մուտք գործեն հանքավայրի տարածք, որ ուսումնասիրեն ու պարզեն՝ հանքավայրի շահագործումն ի վերջո վնաս է, թե վնաս չէ։ Իրավիճակի հանգուցալուծումը հենց այդտեղից էլ կսկսվի։ Եթե պայքարողները վստահ են, որ հանքավայրը վնաս է, ապա փորձագետների մուտքը հանքավայրի տարածք խոչընդոտելու որևէ պատճառ չպետք է ունենան։ Հենց այդ փորձագետներն են, որ պետք է ի վերջո ապացուցեն՝ հանքավայրը վնասակար է, թե ոչ»,- նկատեց մարզպետը՝ հավելելով, որ Քննչական կոմիտեի կողմից «Էլարդ» ընկերությանը պատվիրված փորձաքննության արդյունքներին ծանոթ չէ։

Կսպասի, կտեսնի արդյունքները, նոր կարծիք կհայտնի։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031