Լրահոս
Օրվա լրահոսը

Ստալինի տեսության դասերը

Հուլիս 16,2019 10:00

1928 թվականի հուլիսի 9-ին Խորհրդային երկրի ղեկավար Իոսիֆ Ստալինն իր ելույթում նշել է. «Մեր առաջխաղացմանը զուգահեռ կապիտալիստական տարրերի դիմադրությունը մեծանալու է, դասակարգային պայքարը սրվելու է, իսկ Խորհրդային իշխանությունը… անցկացնելու է… շահագործողներին ճնշելու քաղաքականություն»: Նույն ճառում նա պնդում էր, որ հնարավոր չէ պատկերացնել, որ բոլոր սոցիալական խմբերը՝ կուլակներն ու աղքատները, բանվորներն ու կապիտալիստները, առանց դիմադրության եւ հուզումների, հանկարծ կհայտնվեն սոցիալիստական հասարակարգում:

1937 թվականի մարտի 3-ին կուսակցության Պլենումի զեկույցում Ստալինը զարգացնում էր նույն գաղափարը. «Պետք է ջախջախել եւ դեն շպրտել այն փտած տեսությունը, թե իբր մեր առաջխաղացման ընթացքում դասակարգային պայքարը մարելու է, եւ մեր հաջողություններին զուգընթաց դասակարգային թշնամին ավելի եւ ավելի ձեռնասուն է դառնում… Հակառակը՝ որքան առաջ ենք մենք շարժվելու, որքան շատ հաջողություններ ենք ունենալու, այնքան չարանալու են ջախջախված շահագործող դասակարգերի մնացուկները, այնքան շատ են նրանք դիմելու պայքարի ամենասուր ձեւերին, այնքան շատ են վնաս տալու Խորհրդային պետությանը»:

Առաջին հայացքից թվում է, թե դա սովորական պարանոյա է, որը հատուկ է քաղաքական գործիչներին եւ հատկապես իշխանավորներին: Ստալինը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, որ ամեն մի թփի տակ դավադրություն էր տեսնում: Բայց պարանոյային «տեսական դրույթների» տեսք տալը հուշում է, որ ինքը՝ Ստալինը, առանձնապես չէր հավատում, որ 1928 եւ առավել եւս՝ 1937 թվականին կան «շահագործող դասակարգերի մնացուկներ», որոնք իր իշխանության դեմ դավադիր  պայքար են մղում: Բոլոր «շահագործողներն» իրենց գերդաստաններով վաղուց արդեն գնդակահարված էին եւ կամ, լավագույն դեպքում, իրենց կյանքն ավարտում էին «Գուլագում»:

Նորանոր թշնամիների փնտրտուքը Ստալինին անհրաժեշտ էր ուժեղ, կենտրոնաձիգ իշխանություն ունենալու, բոլոր հնարավոր սոցիալական ընդվզումներն ու ազատ մտքի արտահայտությունները օրորոցում ճնշելու համար: Այն «սոցիալիզմը», որը կառուցել էին Ռուսաստանի բոլշեւիկները, պահանջում էր հենց այդպիսի մոտեցում, այդպիսի «սոցիալիզմին» «մարդկային դեմք» հաղորդելու առաջին իսկ փորձը՝ 1980-ականների կեսերին, ի վերջո հանգեցրեց երկրի կործանմանը: Հենց այդ պատճառով էլ Ստալինի ժամանակ Խորհրդային միությունում պարբերաբար հայտնվում էին թշնամական խմբեր, որոնք ամենեւին էլ կապ չունեին «շահագործող դասակարգի» մնացուկների հետ (որոնք չկային)՝ բռնաճնշման էին ենթարկվում հասարակ մարդիկ, որոնք չգիտեին էլ, որ իրենք «տրոցկիստ» են, կամ, Հայաստանի դեպքում՝ «դաշնակ», հետապնդվում էին  նաեւ բոլշեւիկյան էլիտայի ներկայացուցիչները, Ստալինի  զինակիցները:

Ինչ մնում է «կապիտալիզմի ռեստավրացիային», ապա Ստալինի մահվանից հետո հենց կոմունիստական ղեկավարները հասկացան, որ կապիտալիզմը վատ բան չէ, եւ սկզբից «թաքուն», իսկ 1985-ից բացահայտորեն վերականգնեցին շուկայական հարաբերությունները ու օգտվեցին դրանց բարիքներից: Այնպես որ, խնդիրը ոչ թե «նախկին հանցավորների» վերադարձն է, այլ «ներկաների» «հանցավոր» դառնալը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կապիտալիզմը վատ բան չէ՛ այո,եթե այն կառուցվում է մարդու ինտելեկտով,կարողություններով,իսկ մեր դեպքում 70 տարվա ստեղծածը ցաքուցրիվ արվեց և ստեղծվեց մի նոր՛ վատ բան չէ համակարգ,որտեղ գերիշխող է հանդիսանում ստելը,խաբելը,քծնվելը՝ մի խոսքով այն ամենը,որոնք հեռու են եղել մարդ էակից և այդ ամենի հետ առաջ եկավ վենդետա չի լինելու կարգախոսը: Այսօր մեզ պետք է օրենք, որը պետք է անխտիր գործի ՀՀ բոլոր քաղաքացիների համար:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/07/16/1055976/

    © 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Seyran says:

    Ֆանսիական հեղափոխությունից հետո,երբ այլևս չկար մեկը,որին մեղադրեին ներկա իշխանությունների անհաջողությունների համար՝սկսեցին իրար մեղադրել և գիլյոտինը ավելի ինտենսիվ օգտագործվեց արդեն իրենց համախոհների դեմ՝արդյունքում ստացան կայսրություն Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ:
    Ստալինը կոլեկտիվացման ձախողման պատասխանատվությունը իր վրա վերցնելու փոխարեն սկսեց թշնամիներ փնտրել ներսում,որպեսզի իր քաղաքականությունը քննադատելու փոխարեն մտածեն ,,մսաղացից,,փրկվելու մասին:Հա,ի միջիայլոց՝1925-29թթ.ՍՍՀՄ-ը հացահատիկ էր արտահանում,կոլեկտիվացումից հետո,մինչև ՍՍՀՄ վախճանը հացահատիկ է գնել տարբեր երկրներից՝կործանելով երկրի բյուջեն..Բոլոր ,,հեղափոխությունների,,վախճանը նույնն է եղել…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031