Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքում տեղ գտած այսօրվա լրահոսից, ոստիկանության «Կումայրի» բաժնի քրեական հետախույզները բացահայտել են Գյումրու Մանուշյան փողոցի տներից մեկում կատարված բնակարանագողությունը։
«Հուլիսի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Մանուշյան փողոցի տներից մեկի մուտքի դուռը և գողացել մանրադրամ հավաքելու տարան, որի մեջ եղել է մոտ 100.000 դրամ:
Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.30-ին, Գյումրու Վարդանանց հրապարակից բաժին է բերման ենթարկվել 20-ամյա մի երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն, որ լոգարանի բաց պատուհանից մտել և գողացել է պահարանում դրված մանրադրամ հավաքելու տարան՝ մանրադրամներով։ Գումարը ծախսել էր բուքմեյքերական խաղասրահներում:
Երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն»,-գրված է այսօրվա լրահոսում:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե Շիրակի մարզում իրո՞ք կան բնակարանային գողությունների բացահայտումներ, ինչպես որ պարբերաբար հաղորդվում է ոստիկանության պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ բնակարանային գողությունների թվի աճը լուրջ մտահոգության թեմա էր դարձել Շիրակի մարզի դատախազի համար, որի նախաձեռնությամբ էլ Շիրակի մարզպետի մոտ տեղի ունեցավ քննարկում տարբեր համայնքապետերի ու իրավապահ համակարգի աշխատակիցների մասնակցությամբ։ Համայնքապետերին հորդորել էին տեսախցիկներ տեղադրել բազմաբնակարանային շենքերի մուտքերում։
Դատախազն ասաց, որ նկատելի է բնակարանային գողությունների բացահայտումների աճ, որը պայմանավորված է մարզի ողջ տարածքում տեսախցիկների տեղադրմամբ։
«Նախորդ եռամսյակում քննարկել ենք, վեր ենք հանել թիրախային, ռիսկային համարվող այն հատվածները, որտեղ որ հիմնականում կատարվում են բնակարանային գողություններ, և այդ տարածքներում իմ հանձնարարությամբ, իմ հորդորով, իմ նախաձեռնությամբ, ներգրավվել են և՛ համայնքի ղեկավարներ, և՛ ոստիկանության բաժնի աշխատակիցներ, տեղադրվել են շուրջ 217 տեսախցիկներ, որի արդյունքում էլ բարելավվել է նշված հանցատեսակի բացահայտման ցուցանիշը»,-ասաց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Shantnews.am-ի