Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների կողմից պետությանը պատճառած 49 միլիոն դրամ վնաս վերականգնվել է․ Շիրակի դատախազի պարզաբանումը

Հուլիս 15,2019 21:21

Շիրակի մարզի դատախազների կողմից հունվար ամսից առ այսօր 45 քրեական գործ է հարուցվել  կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով։ Ընդ որում` գրեթե չկա ոլորտ, որտեղ առերևույթ կոռուպցիոն հանցագործություններ արձանագրված չլինեն․ դրանք հայտնաբերվել են տարբեր՝ կրթության, առողջապահության,  տեղական ինքնակառավարման, կադաստրային, զորակոչային, գյուղատնտեսության, բանկային, Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտներում։

27 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

Այս մասին  Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նա ասաց, որ կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է 126.5մլն ՀՀ դրամ, որից շուրջ 49 միլիոնը դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների ակտիվ ներգրավվածությամբ վերականգնվել է։

«Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ տարբեր չափերի  յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և դրանց տարբեր համակցությունների տեսքով», -ասաց դատախազը։

Նա նաև տեղեկացրեց, որ իր գլխավորած կառույցն աշխատանք է կատարել պետական շահերի պաշտպանության ոլորտում․ 153 ուսումնասիրություններ են կատարել, օրինակ՝ ընդերքն օգտագործողների կողմից համայնքներում ներդրումների կատարման, սոցիալական, կրթական ոլորտում աուդիտի անցկացման , ինքնակամ շինությունների ոլորտում։ Այս ոլորտներում էլ, ըստ Կարեն Գաբրիելյանի, Շիրակի դատախազությունը նախազգուշացումներ է տվել 81 տնտեսվարող սուբյեկտների, ինչի արդյունքում էլ վերականգնվել է պետությանը պատճառված 39 միլիոն դրամ վնասը։

Դատախազի տեղեկացմամբ, իր կողմից 22 միջնորդագրեր են  հղվել  Շիրակի մարզպետին ու Գյումրու քաղաքապետին,  ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, որի արդյունքում 8  կարգապահական տույժեր են կիրառվել, դպրոցի մեկ տնօրեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Կարեն Գաբրիելյանը նաև ասաց, որ կոռուպցիոն հանցագործությունների դեպքով 3 քրեական գործ էլ քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատարանը բավարարել է դատախազների կողմից ներկայացրած ամբողջ հայցը, որով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը՝ 11մլն ՀՀ դրամի չափով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031