Լրահոս
Օրվա լրահոսը

Հիքմեթ Հաջիևը Փաշինյանի քաղաքականությունը որակել է «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»

Հուլիս 15,2019 21:12

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ադրբեջանում հույսեր կային, որ խաղի կանոնները կարող են փոխվել, բայց վերջին շրջանում Հայաստանի քաղաքականությունը վերադարձել է Սարգսյան/Նալբանդյան ոճի: Այս մասին Chatham House-ում հյուրընկալվելիս հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ պատասխանելով քննարկման մասնակիցների հարցերին։

Մասնավորապես, Հաջիևը նշել է, որ Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ոչ պաշտոնական հանդիպումը հող էր նախապատրաստել հրադադարի ռեժիմի ամրապնդման, թեժ գծի հաստատման և էական ու կառուցողական բանակցություններ սկսելու համար: Փարիզում արտգործնախարարների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության»: Բայց դրանից հետո, նրա խոսքով, Հայաստանը դրսևորել է «ոչ կառուցողական վարք», և սա շարունակվել է Դավոսում, Վիեննայում և Վաշինգտոնում հաջորդած հանդիպումներին, ինչը Հաջիևը գնահատում է որպես վերադարձ Սարգսյան/Նալբանդյան ոճի բանակցությունների:

Հաջիևը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով՝ Բաքուն հույս ուներ, որ նա կփոխի խաղի կանոնները: Բայց արդյունքում, նրա խոսքով, «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» է: «Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները խաղում են լավ ոստիկան-վատ ոստիկան խաղ, իսկ Փաշինյանն ինքը մի օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ ամբողջությամբ հակառակը»,- կարծում է Հաջիևը:

Նա հերթական անգամ Հայաստանին մեղադրել է, բանակցային գործընթացը «գեղեցիկ, բայց ոչ էական բառերով» ձգձգելու և շփման գիծը սահմանի վերածելու փորձի մեջ: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը շեշտը դնում է «էական բանակցությունների վրա, այդ թվում քննարկումներ՝ Հայաստանի կողմից քայլ առ քայլ զորքերը դուրս բերելու և տարածքներն Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ»: Ընդ որում, ըստ նրա, դրանով լուծում կտրվի նաև Հայաստանի՝ անվտանգության հարցերի շուրջ մտահոգություններին: «Ադրբեջանը պատրաստ է դրան, բայց հայկական կողմը շարունակում է արհեստական հարցեր առաջ բերել՝ խուսափելու համար էական հարցերի քննարկումներից»,- ասել է Հաջիևը:

Պատասխանելով «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալի հարցին՝ ինչ է առաջարկում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, Հաջիևն ասել է, որ յուրաքանչյուր երկրի համար տարածքային ամբողջականության հարցը անձեռնմխելի է, և որ Ադրբեջանը չի կարող թույլ տալ պետության մեջ պետության ստեղծում: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է քննարկել, թե ինչպես կարող են Լեռնային Ղարաբաղի հայերը իրականացնել իրենց ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի կազմում: Որպես օրինակ՝ նա դարձյալ բերել է Բոլցանոյի (Հարավային Տիրոլ) և Ալանդյան կղզիների մոդելը, բացի այդ, նրա խոսքով, Ադրբեջանը դիտարկում է նաև Նախիջևանի մոդելը:

Հաջիևը նաև հիշել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այն հայտարարությունը, որ Ղարաբաղի հարցը Հայաստանի համար գոյության խնդիր է: Այդ առումով նա ասել է, որ Ղարաբաղը գոյության հարց է նաև Ադրբեջանի համար: Պաշտոնյան վստահեցրել է, որ Ադրբեջանը նպատակ չունի մերժել Ղարաբաղում ապրող հայերի՝ անվտանգ և բարեկեցիկ կյանքը իրավունքը: «Մենք պատրաստ ենք քննարկել մոդելի հարցը»,- ասել է Հաջիևը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031