Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեցին «2020 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը: Հանձնաժողովում ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի քննարկումներին մասնակցող բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (ԲԳԿ) հանդիսացող մարմին է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Ուստի քննարկմանը մասնակցում էր օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հորդորեց ներկայացնել, թե այս պահին ՀՀ քանի՞ մարզում ՄԻՊ-ն ունի գրասենյակ ու ո՞ր մարզերում չկա ու արդյոք բյուջեով նախատեսվում է նոր գրասենյակներ ունենալ: Թաթոյանը պատասխանեց, որ այս պահին 3 մարզերում գրասենյակներ ունեն՝ Գեղարքունիի, Շիրակի եւ Սյունիքի մարզում. «Մարզային ստորաբաժանումները հնարավորություն են տալիս հասանելի դարձնել մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը մարզերում ու բնակիչների իրավունքների պաշտպանության ուղղությամբ արդյունավետություն մեծացնելու: Արագ արձագանքելու անհրաժեշտություն է լինում, իսկ հեռավորությունը խնդիր է»: Օմբուդսմենն ասաց, որ քննարկում են Տավուշի մարզում գրասենյակ ստեղծելու համար:
Թաթոյանն ասաց, որ թեժ գծով՝ 116, ձայնագրող սարքեր են դրել, որը հնարավորություն է տալիս վերահսկել. «Դիմելիությունը չափազանց մեծ է, աննախադեպ մեծ է, երբեք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսքան ծանրաբեռնված չի եղել»:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ արտերկրում գտնվող մեր քաղաքացիներն իրենց խնդիրների հետ մնում են մենակ, նոր բյուջեում կարեւորե՞լ եք նոր միջոցների ներգրավումը, որ կարողանաք պաշտպանել մեր քաղաքացիների պաշտպանությունը արտերկրում: Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ Գերմանիայից մի հայ փախստական կնոջից նամակ է ստացել, քաղցկեղի վերջին փուլում է եւ անգամ նրան հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց, մեր պետությունը կարո՞ղ է օգնել փախստականի կարգավիճակ ունեցող կնոջը: Թաթոյանը պատասխանեց. «Ես մի քանի օր առաջ հեռախոսազրույց ունեցա ՌԴ-ի իմ գործընկերոջ՝ մարդու իրավունքների հանձնակատարի հետ՝ Խաչատուրյան քույրերի իրավունքի հարցով: Պայմանավորվեցինք, որ համատեղ ուսումնասիրություններ ենք իրականացնելու, ՌԴ մեր գործընկերներին մեր դիտարկումներն ենք ուղարկելու՝ ցույց տալով Հայաստանի իրավապաշտպան հանրության մտահոգությունները»: Ինչ վերաբերում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին, Թաթոյանն ասաց, որ շատ-շատ բողոքներ են ստանում, բայց ՀՀ-ից դուրս իրենց իրավասությունը չի տարածվում: Իրենց կապերով փորձում են օրենքների մասին տեղյակ պահել ու օգնել ինչով կարող են:
Կարդացեք նաև
Թաթոյանը նաեւ նշեց, որ շուտով հետադարձ թռիչքների մոնիտորինգ ծրագիրը պետք է իրականացնեն: Դա թույլ կտա, երբ մարդուն վերադարձնում են որեւէ այլ երկրից, դիտարկում անել, թե ոստիկանները ինչպե՞ս են վերաբերվել՝ սկսած օդանավ նստեցնելուց, մինչեւ երեխաների հետ վերաբերմունքը:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խնդրահարույց է այն հայերի վիճակը, որոնց հետ կոնֆլիկտների արդյունքում սպանվել է ադրբեջանցի. «Ադրբեջանցիները կամ վարձում են քիլլերներ, այդ մասին ունեմ տեղեկություն, որ Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներում մեր հայերին ոչնչացնեն: 5 քաղաքացու խոշտանգում են դաժանաբար Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներում ադրբեջանական թայֆաները: Գոնե բացառիկ դեպքերում պետք է արտահանձնում կազմակերպել, բայց արդարադատության նախարարությունը կատեգորիկ հրաժարվել է այդ գործերով զբաղվել՝ ասելով, որ չենք ուզու նախադեպ ստեղծել, որովհետեւ դրանից հետո ՌԴ-ում կալանքի տակ գտնվող բոլոր հայերը կուզենան իրենց պատիժն այստեղ կրել, որովհետեւ այնտեղ պայմանները ավելի վատն են»:
Արման Թաթոյանը պատասխանեց, որ մի քանի գործերով աշխատում են ՌԴ-ի գործընկերների հետ, օրեր առաջ նման հարցով դիմել է նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ