Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեցին «2020 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Շիրակի մարզ են այցելել, այնտեղ կանանց նկատմամբ բռնությունը օրակարգային է ու խնդրել են, որ արագ արձագանքման խումբ լինի օմբուդսմենի գրասենյակից. «Մի հարց ես ուղղեցի ոստիկանությանը եւ ինձ զարմացրեց պատասխանը: Տարիներ առաջ մենք ընդունեցինք «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը եւ ինձ հետաքրքրում է՝ օրենքն ընդունելուց առաջ եւ հետո վիճակագրությունը փոխվե՞լ է, շատացե՞լ է այն կանանց թիվը, ովքեր դիմում են իրավապահներին: Ինձ զարմացրեց, որ թիվը մեծ առումով չի ավելացել, որովհետեւ շարունակում է գործել վատ կարծրատիպը, որ չի կարելի, եթե ընտանիքում բռնություն է, դա ընտանիքի ներքին գործն է եւ չի կարելի այդ խնդիրը հանրայնացնել»:
Նաիրա Զոհրաբյանը Մարդու իրավունքների պաշտպանին հարցրեց՝ ձեր թեժ գծով ավելացե՞լ է այն դիմողների, մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են պաշտպանությունն ու աջակցությունը՝ ընտանիքում բռնության ենթարկվելուց հետո: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Մենք օրեր առաջ մի կնոջ ուղղակի փախցրեցինք ամուսնու ձեռքից, որը տարիներ շարունակ, որդու ներկայությամբ՝ չափահաս որդու ներկայությամբ, որը պաշտպանում էր հորը, բռնության էր ենթարկվել, կնոջը տեղափոխեցինք ապահով վայր: Տարիներ շարունակ այդ կինը չէր կարողանում եւ անհարմար էր զգում դիմել իրավապահներին: Զուտ կյանքի վտանգը նրան ստիպեց: Կա՞ վիճակագրություն, ավելացե՞լ է, թե՞ մենք այստեղ ունենք խնդիր աշխատելու հանրության հետ»:
Արման Թաթոյանը պատասխանեց, որ կարեւոր է եւ սկզբունքային է ամուր ընտանիքի գոյությունը երկրում, ընտանեկան արժեքների վրա հիմնված հասարակությունը. «Ընտանիքն է այն լավագույն միջավայրը, որտեղ երեխան կարող է դաստիարակվել եւ ունենալ ապահով, երջանիկ մանկություն ու մեծանալ հասարակության լիարժեք անդամ: Բայց հնարավոր չէ, իհարկե, խոսել ընտանեկան ամուր արժեքների մասին, եթե խոսք է գնում բռնության մասին: Բռնությունը, որեւէ տեսակի, անընդունելի է: Ոլորտում կան կարծրատիպեր, որոնք իրազեկության պակասից են գալիս: Մենք առաջիկայում նախատեսում ենք սկսել հատուկ իրազեկման ծրագիր, որն ուղղված է աղջիկների եւ կանանց, առհասարակ հասարակության իրազեկման բարձրացումը, նաեւ օրենքով իրավունքների, անհրաժեշտ պաշտպանության մասին»:
Կարդացեք նաև
Թաթոյանը վստահեցրեց, որ կանայք, ովքեր ենթարկվում են բռնության, ավելի շատ են դիմում հիմա: Պարզապես իրենց գրասենյակն ապահովում է դիմողի գաղտնիությունը. «Ոստիկանության աշխատանքներում մենք նկատում ենք դրական աճ, նաեւ պատճառը օրենքի ընդունումն էր: Բայց անհրաժեշտ է, որ ոստիկանական համակարգում իրականացվեն դասընթացներ, ուսուցողական ծրագրեր»: Օմբուդսմենը նաեւ նշեց, որ այս հարցը լատենտային բնույթ ունի ու հնարավոր չէ հասկանալ, թե իրական պատկերն ինչպիսին է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ