Հայ-վրացական սահմանին՝ «Սադախլո» մաքսային անցակետում, ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, որը փորձել է ռադիոակտիվ նյութեր տեղափոխել Ռուսաստան: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը:
Ըստ քննության՝ Հայաստանի քաղաքացին բեռնատար միկրոավտոբուսով փորձել է Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան տեղափոխել չորս փաթեթով թորիում: «Առգրավված նյութը վտանգավոր է մարդու կյանքի և առողջության համար»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ փաթեթների ընդհանուր քաշը կազմում է 71.63 կգ, և դրանք պարունակում են «Թորիում 232» ռադիոակտիվ իզոտոպներ, որոնք դասվում են միջուկային նյութերի շարքին:
Փաթեթների մակերևույթին ճառագայթման մակարդակը կազմել է ժամում մինչև 18 միկրոզիվերտ, այն դեպքում, երբ առավելագույն անվտանգ հզորությունը կազմում է 0.5 միկրոզիվերտ/ժամ:
Կարդացեք նաև
Դեպքի առիթով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Միլիտոս Մ-ն: Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի գլխավոր քննչական բաժինը քննություն է իրականացնում միջուկային նյութերի անօրինական շրջանառության և դրանց տեղափոխման փաստով: Հոդվածը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ