«Փոքր Սեւանի ափամերձ հատվածները, կարելի է ասել, գրեթե մաքուր են, կապտականաչավուն ջրիմուռներ չկան: Քաղաքացիներն, իսկապես, կարող են ակտիվ հանգստանալ փոքր Սեւանի լողափերում, որտեղ առողջական խնդիրներ չեն կարող լինել: Քաղաքացիներին կոչ եմ անում հանգիստ լողանալ այդտեղ եւ այլ լողափեր չնախընտրել»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ Սեւանում նախաձեռնել է ջրի նմուշառում:
«Խնդիրն ավելի շատ Մարտունի-Վարդենիս հատվածում է, որտեղ կեղտաջրերով հագեցած գետերը լցվում են Սեւան: Գետերի ջրի մաքրման համակարգեր չկան, աշխատանք չի արվում: Կեղտաջրերը բերում են վնասակար նյութեր, որոնք նպաստում են բուսականության ակտիվացմանը ջրի հատակում: Նախորդ տարիների սխալ քաղաքականության արդյունքում հսկայական անտառածածկ հատված ջրասույզ եղավ: Փտելու պատճառով ակտիվացել է ջրիմուռների արտադրությունը: Մասնագետներն ասում են, որ ջերմային ֆոնի բարձրացումը եւս ազդել է իրավիճակի վրա»,-փաստեց պատգամավորը:
Բագրատյանը, դառնալով փորձաքննությանը, տեղեկացրեց, որ նմուշն ուղարկվելու է Վրաստանում գտնվող միջազգային փորձագիտական կենտրոն. «Արդյունքը համեմատելու ենք տեղական լաբորատորիաների փորձաքննությունների հետ եւ հանրությանը ներկայացնելու իրականությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ