Սեւանա լճի լողափերի տնտեսվարողների բողոքի ցույցին արձագանքելով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանն այսօր որպես ֆլեշմոբ լողացին «Ֆլամինգո» հանրային լողափում:
Սակայն մինչ այդ, մարզպետը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Առողջապահության նախարարության հայտարարության մեջ նշված էր, որ որոշակի հատվածներում կա խնդիր: Այսինքն, եթե ուշադիր լինեինք այդ հայտարարությանը, այնտեղ նշվում է, որ ամբողջ լճի. ջրավազանի մասին չի խոսքը, այլ՝ լճի որոշ հատվածների: Եվ հուրախություն մեզ, վերջին օրերին մի շարք հատվածներում, որտեղ մեկ շաբաթ, 10 օր առաջ նկատվել էր ջրիմուռների աճ, նվազման միտում ունենք: Հիմա, անունը ֆլեշմոբ կդնենք, թե ինչ, գլխավոր նպատակն այն է, որ գանք ափ, միասին շրջենք թե այս հանրային լողափում, թե մասնավոր լողափերի հատվածում, ու տեսնենք, որ իրականում այս հատվածում խնդիր չկա եւ լողալու համար վտանգ իրենից չի ներկայացնում: Սա՝ մեր աչքերով: Իսկ ավելի մասնագիտական կարծիք կարող է տալ առողջապահության նախարարության համապատասխան ծառայությունը, որը պարբերաբար ուսումնասիրություններ է անում, եւ առաջիկա օրերին նույնպես հերթական տվյալները մենք կունենանք, թե ինչպիսի փոփոխություն կա: Ես մի բան կարող եմ ասել, որ նախորդ երկուսի հետ համեմատ դրական փոփոխություն կա»:
Հարցին՝ եթե լիճն ամբողջությամբ մաքուր է, ինչո՞ւ են հայտարարում, թե լիճը աղտոտված է եւ դրանում միտում տեսնո՞ւմ է: Բողոքի մասնակիցները դիտավորություն են տեսնում, որպեսզի զբոսաշրջիկները չգան Սեւան եւ հակասեւան քարոզչություն է տարվում, մարզպետը պատասխանեց. «Եկեք արձանագրենք հետեւյալը, որ լիճն ամբողջությամբ մաքուր չէ, բայց նաեւ ամբողջությամբ կեղտոտ չէ: Իրականում այսօր տեսնում եք եւ օրեր առաջ էլ այստեղ երբեք այդ կանաչ պատկերը չի եղել, ինչ մենք տեսել ենք սոցիալական կայքերում: Այսինքն, լճի որոշ հատվածներում, այո, կա խնդիր եւ այդ հատվածներում հուրախություն մեզ, խնդիրը նվազել է: Իմ հորդորը մեր բնակիչներին հետեւյալն է. քանի որ սոցիալական կայքերի եւ ոմանց՝ իրավիճակը շատ ավելի ճոխ ներկայացնելու արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Սեւանում լողալը վտանգավոր է, մենք ճանապարհ փակելու փոխարեն պետք է անընդհատ տարածենք հակառակը, ցույց տանք, որ նորմալ վիճակ է, որեւէ խնդիր չկա, մարդիկ լողանում են, որեւէ մեկը դրանից չի վնասվել, առողջական որեւէ խնդիր չի առաջացել: Կլիմայի տաքացման եւ մի շարք այլ հանգամանքների հետեւանքով 1960-ականներից ջրիմուռների «ծաղկումը» մասսայական է դարձել եւ երկարաժամկետ հեռանկարում այդ խնդրի լուծումը լճի մակարդակի բարձրացումն է, բայց ափերի մաքրման հետ միաժամանակ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ