Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ նախկին պետը չի բացառում, որ աղբի կուտակումներից խոլերա ու տիֆ կառաջանա

Հուլիս 15,2019 17:09

«Բերեք նախարարին բաժակը տանք՝ ջուր խմի, հետո պառկացնենք՝ տեսնենք ինչ կլինի»,-պատասխանելով հարցին՝ եթե հիմա Սեւանա լճից ջուր խմեն ի՞նչ կլինի, ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:

Այսօր «Հենարան» ակումբում անդրադառնալով Սեւանա լճի «ծաղկման» խնդրին, պարոն Գրիգորյանն ասաց, որ հանրությունը բավականաչափ տեղեկացված չէ՝ լճում լողալը վտանգավո՞ր է, թե՞ ոչ, Սեւանի ձուկը, խեցգետինը, որից, նույնպես, հարակից սննդի օբյեկտները կերակրատեսակներ են պատրաստում ու մատուցում մարդու առողջությանն ինչպիսի՞ վնասներ կհասցնեն եւ այլն:

Նրա խոսքով, Սեւանում մաքրման աշխատանքներ կատարում են, բայց հիվանդությունը բուժելուց առաջ պետք է ախտորոշեն. «Կտոր-կտոր ստեղ արեցինք, էնտեղ արեցինք, որ լողափը բացվի, մարդիկ գան, որ հանգիստ լինի ամեն ինչ: Դա մասնագիտական մոտեցում չէ, դա աչքակապություն է»:

Մեր այն դիտարկմանն ի պատասխան, որ մարդիկ այժմ էլ Սեւանա լճի մաքուր՝ ոչ կանաչած ափերում լողում են եւ դեռեւս առողջության համար վտանգավոր բան չի նկատվել, դեպքեր չեն գրանցվել, որ թունավորումներով տեղափոխվել են հիվանդանոց, Գրիգոր Գրիգորյանն ասաց. «Գոյություն ունի փորձաքննություն, մոնիթորինգ: Դեպքը մի անգամ է պատահում, անպայման չէ, որ մենք ունենանք զանգվածային թունավորում, որ նոր հասկանանք վտանգավորությունը: Պետք է թունաբանական հետազոտություն ու մոնիթորինգ կատարել տարբեր տեղերից: Ոչ թե միայն մամուռի հատվածից ջրի նմուշ վերցնել, այլ տարբեր տեղերից: Որոշեն տոքսինների տեղաբաշխման արեան, տոքսինների տեսակները: Դրանք շատ կարեւոր են»:

Պարոն Գրիգորյանի խոսքով, Սեւանից ջուր են վերցնում՝ Արարատյան դաշտավայրը ոռոգելու համար եւ,եթե ջրիմուռը ծաղկել է, ապա այդ ոռոգման համար էլ վտանգավոր է եւ նման դեպքերում պետք է արգելվի. «Ջրիմուռի արտադրած տոքսինները կարող են թունավորել հողը, կուտակվել սննդամթերքի մեջ: Հենց այդ հանգամանքները հետազոտված չեն մեզ մոտ»:

Ըստ մասնագետի, մինչեւ չլինեն լաբորատոր հետազոտության, համաճարակաբանական հետազոտության արդյունքները ոչինչ ասել հնարավոր չէ,իսկ այդ հետազոտությունները չկան: Նրա խոսքով, Սեւանում տիրող իրավիճակի պատճառով տնտեսվարողներն էլ են վնասներ կրում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Պարոն Գրիգորյանի խոսքով, մեր գիտնականներն արդեն ասել են՝ անաբենա տեսակն է հայտնաբերվել. «Դա արդեն ազդակ է, որ միացնեն ազդանշանները, որ ասեն՝ ահա, տեսակը, որն արտադրում է մարդու առողջության համար տոքսին, դա արդեն բավարար է՝լայնածավալ հետազոտություն սկսելու համար»:

Գրիգոր Գրիգորյանը գտնում է,որ աղբի կուտակումները, մասնավորապես՝ Մասիսի աղբավայրում, մայրաքաղաքում, համաճարակաբանական տեսակետից արդեն աղետ են: Նրա խոսքով, այդ պայմաններում խոլերա, տիֆ եւ այլ հիվանդությունների բռնկում կարող է լինել, հատկապես՝ շոգ եղանակին:  «Նման հիվանդություններ բռնկվում են զարգացող երկրներում։ Բայց թող ձեզ չթվա, որ մեզ մոտ էլ չի կարող բռնկվել, մանավանդ, որ այդ հիվանդությունների հարուցիչները մեր երկրում առկա են»:

 

Սեւանա լճում ստեղծված իրավիճակի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հուլիսի 11-ին հայտարարությամբ էր հանդես եկել, մասնավորապես՝ նշելով, որ հայտնաբերվել է Ցիանոբակտեր (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռներ: ԱՆ-ն խորհուրդ էր տվել չլողալ այն վայրերում, որտեղ կան ջրիմուռներ. «Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների եւ մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետեւանքով։ Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի եւ քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային եւ հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ»։

Նախարարությունից հորդորում են վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031