Վենետիկի հանձնաժողովը հաստատեց պաշտպանական թիմի այն պնդումները, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունից:
Վենետիկի հանձնաժողովը 119-րդ նստաշրջանի ընթացքում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարաններին, իր աջակիցներին հորդորել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։
Այս հայտարարությունը արձանագրում է մի պարզ փաստ, որ Քոչարյանի գործում գործադիր իշխանությունը միջամտել է դատարանների կամ դատավորների գործունեությանը։ Ավելին, Վենետիկի հանձնաժողովը նաև անուղղակիորեն փաստում է, որ վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք դատարանների կամ դատավորների նկատմամբ:
Թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ այլ պետական պաշտոնյաներ պարտավոր էին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վտանգում էին և վնասում էին դատարանների անկախությունը:
Վենետիկի հանձնաժողովը հաստատեց պաշտպանական թիմի այն պնդումները, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունից, և դատարանները անկախ ու անաչառ չեն, ինչպես նաև գործի քննությունը անարդարացի է:
Կարդացեք նաև
Վենետիկի հանձնաժողովի այս արձանագրությունը կներկայացվի ՄԻԵԴ, որը, ի թիվս այլոց, կապացուցի, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, քանի որ նա ենթարկվում է հետապնդումների` քաղաքական շարժառիթներով։
Ակնհատ է` գործ ունենք «կամընտրական արդարադատության» հետ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբ