Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի լողափերի տնտեսվարողներ. «Եթե Սեւանը թունավոր է, ուրեմն պիտի կարանտին հայտարարվի ու Արարատյան դաշտավայրը չոռոգվի»

Հուլիս 15,2019 15:55

Սեւանա լճի լողափերի տնտեսվարողները այսօր փակել էին Երեւան-Սեւան մայրուղին: Նրանք պնդում էին, որ ամեն տարի այս սեզոնին պատկան մարմինները հայտարարում են, թե լճում լողալը վտանգավոր է, քանի որ զբոսաշրջային կազմակերպությունների հետ կապ ունեն եւ ցանկանում են մարդկանց հանգստանալու ուղարկել հարեւան երկրներ:

«Եթե Սեւանը թունավոր է, ուրեմն պետք է կարանտին հայտարարվի ու Արարատյան դաշտավայրը չոռոգվի, որովհետեւ այնտեղ ամեն ինչը ոռոգվում է Սեւանա ջրով: Եթե թույն է, ուրեմն թույնով ենք ոռոգում: Եթե այսպես շարունակվի, Հրազդան գետի ջուրը կփակենք այնտեղից, որտեղից սկիզբ է առնում», – ասում էին ցույցի մասնակիցները:

Նրանք լրատվամիջոցներին հորդորեցին գնալ լողափեր. «Տենց մաքուր ջուր հիմա ոչ մի տեղ չկա: Գնանք՝ ստեղ ով կանգնած է, բոլորս էլ էդ ջուրը խմենք: Տեսնենք՝ բան կլինի՞, թե չէ: Ջուրը կանաչել է միայն Մարտունու կողմերը, այն էլ արդեն մաքրվել գնացել է: Էդ պրոցեսը միշտ էլ եղել է ու վտանգավոր բան չկա: Կոնկրետ ինֆորմացիա կա, որ Սեւանում 25 միլիոնի բրոնյա է եղել ու էդ բոլորը հետ է ուղարկվել: Այսինքն, որ էդ մարդիկ պիտի գային դրսից, գումար ծախսեին, տուրիզմը զարգանար, երկրի բյուջեն լցվեր… դա միայն նրանց քնելու փողն է: Իրենք էստեղ պիտի գումար էլ ծախսեին, բայց 70 տոկոսը հրաժարվել են: Ամենակարեւորն այն է, որ Դիլիջան, Աղվերան… էս վիճակը ձեռք է տալիս բոլորին, որ Սեւանին պախարակեն: Իրենք հզոր կազմակերպություններ են, ունեն հյուրանոցներ, ամեն ինչ, իրենց գովազդը ուժեղ է», – վստահ էին նրանք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031