Լրահոս
Օրվա լրահոսը

Էլիկո Բենդելիանի. «Շատ ուրախ ենք, որ Հայաստանը փոփոխությունների առաջ է կանգնած»

Հուլիս 15,2019 15:41

Իրականացվում է «Միմինո» կամ «Կովկասը մեր միակ և ընդհանուր տունն է» խորագրով ծրագիր, որի վերաբերյալ հուլիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» խոսեցին «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Գյուլնարա Շահինյանը եւ վրացի նրա գործընկերը՝ «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակի» դափնեկիր, «Ազգայնականության և կոնֆլիկտների ուսումնասիրման ինստիտուտ» ՀԿ-ից Էլիկո Բենդելիանին:

Գյուլնարա Շահինյանը հայտնեց, որ երկար տարիներ աշխատում է երիտասարդների հետ ողջ Կովկասի տարածքում, ու Թբիլիսին այդքան մոտ լինելով՝ դիտարկվել է ընդամենը որպես հարթակ ադրբեջանցիների հետ հանդիպելու համար: Հավելեց, որ որոշեցին կազմակերպել հայ եւ վրացի երիտասարդների հանդիպումը, որպեսզի նրանք ոչ թե զուտ լսեն միմյանց մասին, այլ զգան եւ տեսնեն միմյանց: Վրացի երիտասարդները հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանի, պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Գյուլնարա Շահինյանն ասաց, որ երիտասարդների փոխայցելությունների նպատակն է հոդվածներ պատրաստել, որտեղ ամեն մեկը կներկայացնի իր մոտեցումները, տեսլականը հայ-վրացական հարաբերությունների զարգացման համատեքստում: Ընդ որում, երկու երկրներից ընտրված երիտասարդները տարբեր շրջաններից են: Ծրագրին մասնակցում է 20 երիտասարդ Հայաստանից և Վրաստանից:

Էլիկո Բենդելիանին կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը: «Այժմ Հայաստանում նոր իրողություններ են, եւ մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը փոփոխությունների առաջ է կանգնած: Դրանում հաջողություններ ենք մաղթում Հայաստանին»,-նշեց նա:

Հայտնեց, որ նմանատիպ ծրագիր կլինի նաեւ հայ երիտասարդների համար` Վրաստանում, հայ երիտասարդները այնտեղ կհանդիպեն պետական եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ: «Մենք հույս ունենք, որ այս փայլուն երիտասարդները կունենան նոր նախաձեռնություններ եւ կկարողանան համագործակցել»,- ասաց Էլիկո Բենդելիանին: Նրա խոսքերով, Հայաստանում եւ Վրաստանում երիտասարդությունը բավականին ակտիվ է, եւ շատ ծրագրեր կան, որտեղ նրանք համատեղ կարող են աշխատել:

Գյուլնարա Շահինյանն էլ հավելեց, որ երկար տարիներ երիտասարդությունն անտեսված է եղել, նրանց խնդիրներն առաջ չեն քաշվել, ու այժմ նրանց առաջ նոր հնարավորություններ են բացվում. «Չնայած լավ կրթությանը` երիտասարդների աշխատանք չունենալու տոկոս շատ բարձր է: Կան շատ այլ խնդիրներ, որոնք նույնանման են Հայաստանում եւ Վրաստանում, ինչպես աշխատանքի, կրթության խնդիրները, քաղաքական մասնակցությունը: Կփորձենք փոխադարձ նմանություններն ուսումնասիրելով` լուծման մոդելներ ստեղծել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031