Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկ Սարգսյանը բոլոր միջոցները սպառելուց հետո միայն պետք է դիմեր դատարան». Շուշան Դոյդոյան

Հուլիս 15,2019 13:59

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը համաձայն չէ կարծիքների հետ, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ԶԼՄ-ների դեմ միաժամանակ վեց դատական հայց ներկայացնելու հանգամանքն իշխող կուսակցության «պատերազմն» է վերջիններիս դեմ: «Իրականում, երբ դիտարկում ես հայցադիմումները, ինքը միակն է իշխող կուսակցությունից: Ճիշտ է, հայցադիմումների քանակը շատ է, բայց կարծում եմ՝ խնդիր ունենք քաղաքական գործիչների ընկալման հետ այն մասին, թե ինչ է մամուլը եւ ինչ դեր ունի այն հանրության կյանքում: Նրանք լավ չեն պատկերացնում մամուլի առաքելությունն առհասարակ եւ ցանկացած քննադատություն, անգամ՝ վիրավորական արտահայտությունները, սրտներին մոտ են ընդունում եւ փորձում որոշակի հաշվեհարդար տեսնել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շուշան Դոյդոյանը:

Նրա բնորոշմամբ. «Եթե Հայկ Սարգսյանը ԶԼՄ-ներից պարզապես պահանջեր հրապարակային հերքում եւ ներողություն, եւ հանդես չգար առավելագույն չափով փոխհատուցման պահանջով, ես այս խոսքերը չէի ասի: Բայց ունենք իրավիճակ, որ պատգամավորն առավելագույն փոխհատուցման պահանջ է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ: Ես դա աններելի եւ անթույլատրելի եմ համարում քաղաքական գործչի պարագայում: Նա պետք է լավ պատկերացնի իր դերը որպես քաղաքական գործիչ եւ պարտավորությունը՝ իր հասցեին հնչող քննադատության հանդեպ ավելի հանդուրժող լինելու մասին: Մենք անձամբ իրենից չենք խնդրել հանդես գալ որպես քաղաքական գործիչ, հետեւաբար, եթե նա այդ հարթակում է, պետք է պարտավորված լինի որոշակի հանդուրժող վերաբերմունք ցուցաբերել լրատվամիջոցների, հանդեպ, այդ թվում՝ տհաճ հրապարակումների դեպքում, ոչ թե միանգամից հայցադիմով դիմի դատարան: Կարծում եմ՝ նա փորձ էլ չի արել երկխոսել եւ այդ վեճերը լուծել լրատվամիջոցի հետ երկխոսության միջոցով: Իսկ ձախողվելու պարագայում նա կարող էր վեճը լուծել լրագրողական ինքնակարգավորման մարմինների միջոցով, այնուհետեւ միայն դատարանին դիմեր՝ որպես ծայրահեղ միջոց: Այսինքն, բոլոր միջոցները սպառելուց հետո միայն պետք է դիմեր դատարան, ոչ թե առաջին հերթին»:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը վերջերս վեց դատական հայց է ներկայացրել դատարան՝ մի քանի ԶԼՄ-ներում իր մասին հրապարակված տեղեկությունները համարելով զրպարտություն եւ բարոյական վնասի համար պահանջելով ֆինանսական փոխհատուցում:

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի պնդմանը, թե նա նախկինում անտեսում էր իր մասին ապատեղեկատվությունը, բայց հիմա դրա ծավալը հաշվի առնելով՝ դիմում է դատարանի օգնությանը, Շուշան Դոյդոյանն իրավիճակն այսպես է վերլուծում. «Նա նախկինում քաղաքականության մեջ ակտիվ ներգրավված անձ չէր, ուստի նրա հանդեպ մամուլի այնքան մեծ ուշադրություն չկար, ինչպիսին հիմա է, որովհետեւ նա իշխող կուսակցության ներկայացուցիչ է եւ իր վարքագծով գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Հետեւաբար, իր մասին հրապարակումները, այդ թվում՝ տհաճ եւ քննադատական, ավելացել են. դա բնական է: Իսկ հանդուրժող վերաբերմունքը, ցավոք, չի ավելացել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031