Գերմանիայի Քյոլնի համալսարանի դոկտոր, մեդիա եւ հաղորդակցության իրավունքի փորձագետ Ֆրեդերիկ Ֆեռոն կարծում է, որ ԶԼՄ-ների՝ իրենց բաժնետերերի մասին տեղեկատվության հրապարակումն անհրաժեշտ եւ կարեւոր պայման է, որպեսզի լսարանը ճիշտ տարանջատի տեղեկատվությունը:
«Գերմանիայում ոլորտը կարգավորող օրենսդրությունը խիստ է: Հեռուստաընկերություններում եւ ռադիոներում կուսակցությունները կարող են միայն փոքր չափի բաժնետերեր լինել: Չէ՞ որ կուսակցությունները սովորական բաժնետերեր չեն, նրանք կարող են ազդեցության հատուկ հնարավորություններ ստանալ»,-«Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ»-ի եւ «Երեւանի մամուլի ակումբի» կազմակերպած՝ Երեւանում ընթացող «Մեդիա հանրույթ. Հայաստան 2019» համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց Ֆրեդերիկ Ֆեռոն:
«Նշյալ վտանգի առնչությամբ մեր Սահմանադրական դատարանն ասում է, որ Հեռուստաընկերություններում եւ ռադիոներում կուսակցությունների մասնակցությունը հնարավորինս թափանցիկ պետք է լինի: Անգամ, եթե կուսակցությունը չնչին բաժնեմաս ունի, լսարանը պարտադիր պետք է իմանա այդ մասին: Բավարար չէ ասել, թե ով է մեդիայի սեփականատերը: Լսարանը պետք է իմանա բոլոր բաժնետերերին՝ հասկանալու համար տվյալ մեդիայի հաղորդած տեղեկատվության լրջությունը»,-շեշտեց փորձագետը: Ֆրեդերիկ Ֆեռոն կարեւորեց նաեւ ՍԴ այն որոշումը, ըստ որի՝ պետությունը չպետք է գերիշխի մեդիա ոլորտում. «Այս դաշտում իշխանության չարաշահումն անթույլատրելի է: ՍԴ-ն գտնում է, որ հանրային հեռուստաընկերությունները եւ ռադիոն պետք է հեռու մնան պետությունից»: Գերմանիայից ժամանակ հյուրը միաժամանակ ընդգծեց՝ պետությունից կամ օլիգարխիայից վերահսկվող մեդիան հաճախ օբյեկտիվ լրատվություն է հաղորդում, իսկ անկախ թվացող ԶԼՄ-ն՝ կողմնակալ:
Ֆրեդերիկ Ֆեռոն տեղեկացրեց, որ ըստ Գերմանիայում գործող ԶԼՄ-ների էթիկայի կանոնագրի՝ լրագրողները չեն կարող իրականացնել այնպիսի գործունեություն, որը կարող է կասկածի տակ դնել իրենց աշխատանքը. «Եթե լրագրողն աշխատում է նաեւ կառավարությունում, նրա աշխատանքը պետք է հստակ տարանջատվի, թեեւ պարտադիր չէ, որ նրա՝ այլ կառույցում աշխատելու տեղեկությունը հրապարակային լինի: Կանոնագրի կետերի խախտման դեպքերը քննարկում է մամուլի խորհուրդը: Դա մեր, այսպես ասած, մամուլի դատարանն է: Եթե խորհուրդը կայացնում է որոշում այս կամ այն լրագրողի եւ խմբագրի խախտման մասին, ապա լրագրողը կամ խմբագիրը նկատողություն են ստանում, իսկ դրա վերաբերյալ տեղեկությունը հրապարակվում է տվյալ ԶԼՄ-ում»:
Կարդացեք նաև
Ֆրեդերիկ Ֆեռոն անդրադարձավ նաեւ ժամանակակից լրատվության դաշտում սոցցանցերի ազդեցությանը: Նա փաստեց՝ դրանք լավ գործիք են եւ կոտրում են կարծիքի ձեւավորման մենաշնորհը, բայց երբեմն չեն պահպանում լրատվության չափանիշները. «Հաճախ սոցցանցերում տարածվում է անարխիստական, անզուսպ լրատվություն: ԱՄՆ-ում, օրինակ, տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարին առնչվող օրենք կա, ըստ որի՝ օգտատերերը պետք է իմանան, թե ով է ֆինանսավորել սոցցանցերում այս կամ այն թեկնածու-քաղաքական գործչի մասին լրատվության տարածումը: Կարծում եմ՝ այսպիսի օրենք ունենալն օրինակելի է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ