Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Աղաբեկյանի կարծիքով՝ ՀՀ-ում վերջին տարիներին սկսեցին ավելի շատ խոսել սեռական բռնության դեպքերի մասին, ինչի պատճառով տպավորություն է ստեղծվում, թե նոր երևույթ է: «Մեդիա կենտրոնում» «Սեռական բռնություն․ինչպե՞ս կանխարգելել եւ փոխել բռնության մշակույթը Հայաստանում» թեմայով քննարկմանը Տաթևիկ Աղաբեկյանն ասաց. «Անչափահասների և չափահասների դեմ սեռական բռնության առաջին դեպքերը հայտնվել են 2010-ին: Վերջին մեկ տարվա ընթացքում մարդիկ սկսեցին ավելի շատ խոսել իրենց հետ կատարված դեպքերի մասին: Սա միայն մի քանի հասարակական կազմակերպության լուծելու խնդիր չէ, այստեղ պետական մոտեցում է անհրաժեշտ»:
Իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը մտահոգություն հայտնեց՝ սեռական ոտնձգությունը կանխելու և պատժելու առումով օրենսդրությունը թերի է. «Մեր օրենսդրության մեջ ունենք սեռական ոտնձգության սահմանումը: Այն վերցված է միջազգային փաստաթղթերից և համարվում է գենդերային խտրականության տեսակ: Սակայն որևէ պատասխանատվություն դրա համար մեր օրենսդրությամբ սահմանված չէ, չկա որևէ մեխանիզմ, ինչպես՝ օրինակ` աշխատավայրերում, ուսումնական հաստատություններում սեռական ոտնձգությունների հետ կապված, չկա որևէ պետական մարմին, որը հնարավորություն կտա թեկուզ բարձրաձայնել այդ երևույթի մասին: Այս առումով մեզ մոտ օրենսդրությունը բաց է: Մեր օրենսդրությունն ունի որոշակի թերացում. խնդիրը ընթացակարգերի մեջ է, դրանք նույն են, ինչ գողության, սպանության տնտեսական հանցագործությունների համար: Այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են սեռական բռնության ենթարկված անձին, ոչ մի կերպ հաշվի չեն առնվում մեր օրենսդրությամբ դատավարական գործընթացի իրականացման ընթացքում»:
Իրավապաշտպան, հետազոտող, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանի հավաստմամբ՝ կարևոր է սեռական բռնության ենթարկված անձանց լռության պատճառների մասին խոսելը. «Լռության պատճառն այն համակարգն է, թե՛ սոցիալ-մշակութային, թե՛ պետական, որը զրկում է անձին բարձրաձայնելու պարագայում արժանապատիվ կերպով արդարության վերականգնման գործընթացի միջով անցնելու և իր իրավունքները վերականգնելու հնարավորությունից: Կանանց պարագայում կրկնակի զոհականությունն է. բռնության ենթարկված կողմերին ամեն կերպով մեղադրում են տեղի ունեցածի մեջ՝ արդարացնելով բռնարար տղամարդուն, ինչը հատկանշական է կուռ հայրիշխանական հասարակություն ունեցող երկրների համար»: Ըստ իրավապաշտպանի՝ մենք ունենք օրենսդրական փոփոխությունների կարիք, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ ձևով քննել գործերը. դրանք ոչ միայն զոհին՝ բռնության ենթարկված մարդուն պաշտպանելու, այլև գործի արդյունավետության համար են:
Մանկավարժ, Արարատ քաղաքի 2-րդ հիմնական դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Անտոնյանը կարևորեց ուսուցչի դերը սեռական դաստիարակության հարցում: Նա նշեց, որ երեխաները հաճախ են առողջ ապրելակերպի դասաժամերին հարցադրումներ անում սեռական դաստիարակության հետ կապված. «Ուսուցչի վստահելիության գործոնի շեշտադրումը շատ կարևոր է: Բայց մյուս կողմից երեխային իր սեռական օրգանների հիգիենան, ինչպես խնամել մարմինը սովորեցնում ենք ութերորդ դասարանից, իսկ դա նշանակում է՝ ուշացել ենք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի